28.02.2017 08:38 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Դիմակ առ դիմակ

Սերժ Սարգսյանի բոլոր մարմնավորումները

Սերժ Սարգսյանի բոլոր մարմնավորումները

Իշխող կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՀՀԿ նախընտրական կարգախոսին («Անվտանգություն եւ առաջընթաց») ու հայտարարել, թե «անվտանգության մարմնավորումը իր գործունեությամբ, իր ապրած կյանքով նախագահն է, առաջընթացի խորհրդանիշը նոր կառավարությունն է` ի դեմս Կարեն Կարապետյանի»։

Համաձայնվեք` կարգախոսը թերի է. պետության առաջին եւ երրորդ դեմքերը ներկայացված են, իսկ երկրորդը` ոչ։ Կարելի էր ավելի լիարժեք կարգախոս ընտրել` «Անվտանգություն, միտք, առաջընթաց» եւ հայտարարել, որ մտքի խորհրդանիշն էլ Գալուստ Սահակյանն է։ Ասվածի մեջ հեգնանք չկա, որովհետեւ եթե Սերժ Սարգսյանն անվտանգության խորհրդանիշ է` Գալուստ Սահակյանն էլ հանգիստ կարող էր ինտելեկտի խորհրդանիշ լինել։

Բայց Գալուստ Գրիգորիչին հանգիստ թողնենք ու փորձենք հասկանալ` իսկապե՞ս Սերժ Սարգսյանի գործունեությունն ասոցացվում է անվտանգության հետ։ Վերջին 25 տարիներին հետխորհրդային տարածքում ամենամասշտաբային եւ աղմկահարույց ահաբեկչությունը տեղի է ունեցել հենց Հայաստանում` 1999թ. հոկտեմբերի 27-ին։ Պատահաբար չե՞ք հիշում, թե այդ ժամանակ ով էր Հայաստանի ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարը։ Իսկ մենք հիշում ենք. «անվտանգության մարմնավորում» Սերժ Սարգսյանն էր։ Կամ` եկեք հիշենք, թե Հայաստանի երեք նախագահներից ով ինչպես է ստանձնել այդ պաշտոնը։ Փաստը մնում է փաստ, որ միայն Սերժ Սարգսյանի նախագահ դառնալն է ուղեկցվել մարդկային զոհերով (2008թ. մարտի 1-2, տասը զոհ)։ Իսկ գուցե մեր «անվտանգության մարմնավորումը» խորհրդանշում է ոչ թե ներքին, այլ արտաքի՞ն անվտանգությունը։ Ասենք` Ղարաբաղի հարցում։ Բայց այստեղ նույնպես համեմատությունը Սերժ Սարգսյանի օգտին չէ։ Երեք նախագահներից նա միակն է, ում օրոք Ղարաբաղը տարածքներ է կորցրել։ Այնպես որ` Սերժ Սարգսյանից «անվտանգության մարմնավորում» դուրս չի գա։ Մենք հասկանում ենք, որ կոմունիստական ագիտպրոպի շկոլան խորհրդանիշներ է պահանջում, բայց սա հաստատ այն դեպքը չէ, որ «Մենք ասում ենք Սերժ` հասկանում ենք անվտանգություն, մենք ասում ենք անվտանգություն` հասկանում ենք Սերժ»։ Ավելի շուտ հակառակն է։

Հիմա անդրադառնանք «առաջընթացի խորհրդանիշին»։ Այդ դերը ստանձնել է վարչապետ Կարեն Կարապետյանը, բայց առայժմ կարծես թե լավ չի ստացվում։ Համենայն դեպս 2016 թվականը փակեցինք համարյա զրոյական տնտեսական աճով, ու դա վերջին յոթ տարիների ամենավատ ցուցանիշն էր։ Ավելին` պաշտոնապես արձանագրված է, որ այս տարի, համենայն դեպս` ժողովրդի համար, ավելի վատ է լինելու, որովհետեւ աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում նախատեսված չէ։ Նախատեսվող տնտեսական աճն էլ ընդամենը 2,8 տոկոս է, ու դեռ հարց է` կիրականացվի՞, թե ոչ։ Մի խոսքով` տարօրինակ խորհրդանիշ է ընտրված։ Մարդը գալիս է, հայտարարում է, որ վիճակը շատ վատ է, եկող տարի ավելի վատ է լինելու, եւ... հռչակվում է «առաջընթացի խորհրդանիշ»։ Իսկ 2018-ից հետո կպարզվի, որ խորհրդանիշը տեղափոխվում է այլ երկիր` ավելի բարձր աշխատավարձի համար։ Որովհետեւ Սերժ Սարգսյանը հաստատ կցանկանա միաժամանակ լինել ե՛ւ անվտանգության խորհրդանիշը, ե՛ւ առաջընթացի։ Ասել է, չէ՞, որ իշխանական համակարգում «անառողջ մրցակցություն» թույլ չի տա։ Այսինքն` կարող է նաեւ առողջ մրցակցության խորհրդանիշը դառնալ։ Եվ ընդհանրապես` ամե՛ն ինչի խորհրդանիշը կարող է դառնալ։ Մեր հինգհազարամյա պատմության, դարավոր մշակույթի, առողջ ապրելակերպի, գարնանային զարթոնքի, ժամանակակից նորաձեւության, ազգային խոհանոցի, եղբայրական սիրո եւ այլն։ ՀՀԿ-ում հաստատ դեմ չեն լինի։

Իսկ իրականում Սերժ Սարգսյանը հենց ՀՀԿ-ի խորհրդանիշն է։ Կամ, եթե կուզեք, մարմնավորումը։ ՀՀԿ-ն հենց այդպիսի մարդկանց միավորում է` հանուն իշխանության ամեն ինչի պատրաստ, կուսակցություններ ու սկզբունքներ փոխող, ոչ մի բանի առջեւ կանգ չառնող, երեկվա թիմակիցներին «քցող», եւ այսպես շարունակ։ Ու եթե առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն հաղթի` կստացվի, որ հասարակության մեջ մարդկային հենց այդ որակները կրողներն են մեծամասնություն կազմում։ Այնպես որ` հաղթելը բացառված է։ Մնում է «տոկոս խփելը»։ Հասկանալի է` հանուն անվտանգության եւ առաջընթացի։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30