15.09.2017 03:21 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մանավանդ ջղաձգումները

Կառավարության մեկ տարին ու ՀՀԿ ջղաձգումները

Կառավարության մեկ տարին ու ՀՀԿ ջղաձգումները

Սեպտեմբերի 13-ին լրացավ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին, բայց այդ հոբելյանը մի տեսակ աննկատ անցավ։ Պատճառներից մեկն էլ երեւի այն էր, որ հնարավոր չէ տնտեսական ցուցանիշներն ամփոփել, ասենք, 2016 թ. սեպտեմբերի 13-ից 2017 թ. սեպտեմբերի 13 կտրվածքով։

Դրա համար էլ լավագույն դեպքում կարող ենք որպես գնահատման հիմք ընդունել այս տարվա առաջին 7 ամիսների ցուցանիշները՝ դրանք համեմատելով անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ։

 Ցուցանիշները բավականին լավն են։ Տնտեսությունն աճել է մոտ 6,2 տոկոսով, պետբյուջեի եկամուտները՝ 6 տոկոսով, արդյունաբերությունը՝ 12,7 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 26 տոկոսով, եւ այլն։ Բայց հասարակության մեծ մասին այս թվերը, բնականաբար, առանձնապես չեն հետաքրքրում։ Եւ ահա կայքերից մեկը հարցում է անցկացրել՝ պարզելու համար հասարակության կարծիքը կառավարության մեկ տարվա գործունեության մասին։ Ու պարզվել է, որ 10 տոկոսի կարծիքով՝ առաջընթացն ակնհայտ է, 21 տոկոսի կարծիքով՝ առաջընթաց կա, բայց քիչ, 20 տոկոսի կարծիքով՝ կա միայն հետընթաց, իսկ 49 տոկոսի կարծիքով՝ ոչինչ չի փոխվել։ Այսինքն՝ ամեն դեպքում առաջընթաց տեսնողները 31 տոկոս են կազմում, հետընթաց տեսնողները՝ 20։ Ափսոս միայն, որ փորձ չի արվել պարզելու, թե հարցվողների քանի՞ տոկոսի կարծիքով է առաջընթացի, հետընթացի կամ ոչինչ չփոխելու պատասխանատուն կառավարությունը (եւ ոչ թե Սերժ Սարգսյանը)։ Կարելի էր փորձել պարզել նաեւ, թե մարդկանց կարծիքով՝ Կարեն Կարապետյանն իսկապես ցանկացե՞լ է ինչ-որ բան փոխել, եւ եթե այո՝ ո՞վ է խանգարել։ Վստահաբար՝ այդ դեպքում ակնհայտ կդառնային եւ՛ Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի անհատական վարկանիշները, եւ՛ Հայաստանի տնտեսության խորքային խնդիրները։

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարվան, ապա այդ ժամկետն ակնհայտորեն բաժանվում է երկու մասի. մինչեւ խորհրդարանական ընտրությունները եւ հետո։ Ընդ որում՝ փոխվել է ոչ թե Կարեն Կարապետյանը, այլ իշխանությունների վերաբերմունքը նրա նկատմամբ։ Մինչեւ ապրիլի 2-ը Կարեն Կարապետյանը իշխանությունների թիվ մեկ դեմքն էր, «փոփոխությունների խորհրդանիշը», իսկ Սերժ Սարգսյանն ասես ընդհատակ էր անցել։ Բայց ահա ՀՀԿ-ն անհրաժեշտ տոկոսները խփեց, եւ ամեն ինչ կտրուկ փոխվեց։ Սերժ Սարգսյանն իր թաքուն ու բացահայտ լրատվամիջոցներով, «հաճախորդ» ընդդիմադիրներով, կոալիցիայի «հինգերորդ անիվ» դաշնակցականներով ու լավ քողարկված սաբոտաժով սկսեց աջից ու ձախից հարվածել Կարեն Կարապետյանին, իսկ հանրապետական պատգամավորները տեսախցիկ տեսնելուն պես հայտարարում էին, թե հաջորդ վարչապետի թեկնածությունը դեռ չի քննարկվել, ու անպայման ակնարկում էին, որ լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանը կլիներ։ «Գործընթացը» շարունակվում է, ու բանն այնտեղ է հասել, որ որոշ հանրապետականներ համարյա  բացահայտորեն հեգնում են վարչապետին՝ հայտարարելով, թե չգիտեն՝ որտեղ է նա ներդրել խոստացված 830 միլիոն դոլարը, ու լրագրողները լավ կանեն՝ այդ հարցով հենց նրան էլ դիմեն։

Հիմա վերադառնանք տնտեսական ցուցանիշներին։ Այս տարվա առաջին յոթ ամիսների տվյալներով 6,2 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, ու եթե տարին փակվի մոտավորապես այդպիսի ցուցանիշներով՝ ՀՀԿ-ն լուրջ պրոբլեմ է ունենալու, որովհետեւ դժվարանալու է հասարակությանը բացատրել, թե ինչու 2018թ. ապրիլին Կարեն Կարապետյանին չի առաջադրում վարչապետի պաշտոնում։ Այդ դժվարությունը հաղթահարելու երկու ճանապարհ կա. կամ պետք է ԱՎԾ-ին հանձնարարել, որ թվեր չնկարի, ու զուգահեռաբար՝ վերահսկվող օլիգարխների միջոցով «տակից» սաբոտաժի ենթարկել կառավարության ֆինանսատնտեսական բլոկի գործունեությունը, կամ՝ արձանագրված աճը վերագրել բացառապես կուսակցությանը (հասկանալի է՝ Սերժ Սարգսյանի իմաստուն ղեկավարության ներքո), հետո վերահսկվող լրատվամիջոցների ու «հաճախորդ» ընդդիմության միջոցով տարածել այն գաղափարը, որ ակնկալիքներն ավելի շատ էին, ժողովուրդն էլ իր մաշկի վրա չի զգում եղած աճը, ու այդ ամենը հաշվի առնելով էլ՝ վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Ըստ էության՝ հենց դրանով էլ զբաղված է քաղաքական գրեթե ողջ դաշտը։ Ու կառավարության արձանագրած ցուցանիշներն առանձնապես կապ չունեն։ Որքան էլ բարձր լինեն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30