28.10.2016 10:21 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ավագ եղբոր բիզնեսը

Դեպի անատամ Հայաստան

Դեպի անատամ Հայաստան

Ինչպես հայտնի է` լավ ատամնաբույժը փորձում է բուժել հիվանդ ատամը, իսկ վատ ատամնաբույժը պարզապես հեռացնում է այն։ Բայց եթե պարզվում է, որ վատ ատամնաբույժի ավագ եղբայրն էլ իր հերթին ատամների պրոթեզավորմամբ է զբաղվում, դա արդեն զուտ մասնագիտական խնդիր չէ, դա ընտանեկան բիզնես է։ Ընդ որում` հանցավոր բիզնես, որովհետեւ եղբայրներն այդպիսով հաճախորդի առողջության հաշվին իրենց համար կայուն եկամուտներ են ապահովում։

Վարչապետ Կարեն Կարապետյանը լավ «ատամնաբույժ» է, թե ոչ` այս պահին դեռ դժվար է ասել. կարծես թե խալաթը տեղն է, գործիքները պլպլան են, ինքն էլ բազմաթիվ տերմիններ գիտի։ Բայց առայժմ կարծես թե զբաղված է միայն «ատամներ քաշելով», ընդ որում` զարմանալի զուգադիպությամբ, բոլոր դեպքերում դրանից շահում է միայն «ավագ եղբոր բիզնեսը»։ Ընդամենը երկու օրինակ բերենք։

Կապի եւ տրանսպորտի նորանշանակ նախարարը հայտարարեց, թե իրենք դեռ պիտի ուսումնասիրեն` նպատակահարմա՞ր է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը շարունակելը, թե ոչ։ Այն, որ այդ շինարարությունը մեր տնտեսության «հիվանդ ատամներից» մեկն էր` հասկանալի է։ Այն, որ այդ շինարարության վրա ահռելի գումարներ են մսխվել` նույնպես հայտնի է։ Ավելին` Հայաստանն այդ ճանապարհի համար այնքան վարկ է վերցրել, որ հայտնի չէ անգամ` կկարողանա՞նք դրա տակից դուրս գալ, թե ոչ։ Ընդ որում` այդքանով հանդերձ, ճանապարհի միայն մի չնչին մասն է կառուցվել։ Մի խոսքով` Հյուսիս-հարավը տեղով մեկ կոռուպցիոն ռիսկ է։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ այդ ճանապարհը մեզ պետք չէ։ Իհարկե պետք է։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանը փակ է, Իրանը Հայաստանի միջոցով Վրաստանին կապող երկաթուղի էլ չունենք, այսինքն` հարցի միակ լուծումը նորմալ ճանապարհ ունենալն է։ Իսկ ահա Ռուսաստանի կարծիքով այդ ճանապարհը մեզ հեչ պետք չէ` ճիշտ այնպես, ինչպես պետք չէր Իրան-Հայաստան երկաթուղին։ Ու ահա այս իրավիճակում Կարեն Կարապետյանի կառավարությունը երկու տարբերակ ունի. կամ Հյուսիս-հարավի շինարարությունը մաքրել կոռուպցիայից (բուժել հիվանդ ատամը), ինչը ձեռնտու է Հայաստանին, կամ ընդհանրապես փակել այդ պրոյեկտը (քաշել հիվանդ ատամը), ինչը ձեռնտու է Ռուսաստանին։ Կարեն Կարապետյանը կարծես թե հակված է երկրորդ տարբերակին։

Հաջորդ օրինակը։ Արդեն մոտ տասը տարի է, ինչ Հայաստանում ով չի ալարում` որեւէ գետի վրա փոքր ՀԷԿ է կառուցում։ Ընդ որում` կառուցում է բնապահպանական նորմերի կոպտագույն խախտումներով, ինչի պատճառով գետեր են ցամաքում, ամբողջ գյուղեր են մնում առանց ջրի, կենդանական աշխարհն է ոչնչացվում եւ այլն։ Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը պիտի հրաժարվի փոքր ՀԷԿ-երից։ Իհարկե ոչ, որովհետեւ մենք էներգակիրների սեփական պաշարներ չունենք, գազից ստացված էլեկտրաէներգիան էլ ահավոր թանկ է եւ տնտեսության հերն անիծում է։ Փոխարենը` կայուն եւ երաշխավորված եկամուտներ է ապահովում գազ մատակարարող եւ այդ գազով էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների համար (դրանք բոլորը ռուսական են)։ Այս իրավիճակում նույնպես Կարեն Կարապետյանը ճիշտ նույն ընտրության առջեւ է կանգնած` կամ փոքր ՀԷԿ-երի ոլորտում կարգի հրավիրել բոլորին (պահանջել, որ բնապահպանական նորմերը խստորեն պահպանվեն), կամ այնպես անել, որ նոր ՀԷԿ-եր չկառուցվեն, եղածների մի մասն էլ փակվի (կառավարության վերջին նիստում վարչապետը դա ձեւակերպեց որպես «ջրօգտագործման թույլտվությունների սահմանափակում»)։ Կարծում ենք` չարժե բացատրել, որ ինչքան քիչ էլեկտրաէներգիա արտադրվի ՀԷԿ-երում, այնքան շատ գազ կսպառեն ջերմակայանները, եւ կավելանան ինչպես դրանց, այնպես էլ գազ մատակարարող ընկերության եկամուտները։ Բնությունը, իհարկե, դրանից կշահի, բայց բնությունը կշահեր նաեւ այն դեպքում, եթե փոքր ՀԷԿ-երի ոլորտը բուժվեր եւ ոչ թե «հեռացվեր»` հիվանդ ատամի պես։

Մի խոսքով` այնպես է ստացվել, որ առ այսօր Կարեն Կարապետյանի նախաձեռնած բոլոր կոնկրետ քայլերը ծառայում են միայն մի նպատակի` մեծացնում են Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից։ Հնարավոր է` պատահականություն է, հնարավոր է` Կարեն Կարապետյանը միայն ա՛յդ հարցերում է պրոֆեսիոնալ, բայց ամեն դեպքում` մտահոգիչ է։ Կարող էր, չէ՞, գոնե ձեւի համար մի որոշում էլ «հակառակ ուղղությամբ» ընդունել։ Վերջին հաշվով` Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական շահերը 100 տոկոսով չէ, որ համընկնում են։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30