20.04.2018 05:33 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Եվ էդ մեկ գաղջը դու ես

Խորհրդարանի գաղջը

Խորհրդարանի «պատմական» նիստը, որտեղ Սերժ Սարգսյանը (ո՞ւմ մտքով կանցներ) դարձավ վարչապետ, իսկապես ծանր տպավորություն թողեց։ Գաղջը համատարած էր՝ հավասարապես տհաճ էին եւ՛ հանրապետականների բառիս բուն իմաստով ստորաքարշ ելույթները, եւ՛ իբր ընդդիմադիր պատգամավորների իբր սուր ելույթները, եւ՛ Սերժ Սարգսյանի սեթեւեթանքները («եթե, իհարկե, ընտրվեմ...»)։ Տհաճ էր նաեւ այն, որ պատգամավորներն իրենք իրենց ռետինե խողովակների տեղ դրած՝ ձեւացնում էին, թե իբր չգիտեն, որ քաղաքի կենտրոնը շրջափակված է ոստիկանական հատուկ ստորաբաժանումներով ու փշալարերով, եւ ջանում էին տոնական մթնոլորտ հաղորդել շեֆի «թագադրմանը»։ Մի խոսքով՝ կեղծիքի դոզան գերազանցում էր հնարավոր բոլոր նորմերը։

Բայց Սերժ Սարգսյանն իր ելույթում մի հարյուր տոկոսանոց ճշմարտություն պարունակող նախադասություն այնուամենայնիվ արտասանեց։ «Ոչ անհատ, քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը եւ ոչ էլ երրորդ նախագահը գործ չունի այստեղ անելու»։ Վերջ, սա միակ ճշմարտությունն էր, որն այդ օրը հնչեց Սերժ Սարգսյանի շուրթերից։ Մնացածը բացահայտ սուտ էր։ Միայն մի օրինակ բերենք։ Իր նախագահության տասը տարիների «նվաճումները» ցույց տալու համար Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե 2007 թվականին Հայաստանի տնտեսության ՀՆԱ-ն եղել է 2 տրիլիոն 656 միլիարդ դրամ, իսկ 2017-ին՝ 5 տրիլիոն 580 միլիարդ դրամ։ Խնդիրը նույնիսկ այն չէ, որ ամբողջ աշխարհում ՀՆԱ-ն հաշվում են դոլարով, իսկ Սերժ Սարգսյանի նշած ժամանակահատվածում դոլարի փոխարժեքը 310 դրամից հասել է 480-ի (այսինքն՝ դրամն արժեզրկվել է մոտ 54 տոկոսով)։ Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանն անգամ դրամով արտահայտված թվերն է կեղծում։ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում այդ թվերը կան. 2007-ին Հայաստանի ՀՆԱ-ն եղել է ոչ թե 2 տրիլիոն 656միլիարդ, այլ 3 տրիլիոն 150 միլիարդ։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, դեռ վարչապետ «չընտրված», ԱԺ ամբիոնից նայում է մարդկանց աչքերին ու բացահայտ սուտ է ասում։ Հասկանում ենք, իհարկե, որ նրա համար 494 միլիարդը «փող չի» (կես տրիլիոն էս կողմ-կես տրիլիոն էն կողմ), հասկանում ենք նաեւ, որ եթե պետք եղավ՝ հետո կասի, որ իր խոսքերը «համատեքստից կտրել են», բայց ամեն դեպքում՝ տհաճ էր։ Իսկ է՛լ ավելի տհաճ էր այն, որ ներկաներից որեւէ մեկը ծպտուն չհանեց։

Ի դեպ, Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ արտագաղթին։ Թվեր, իհարկե, չի հրապարակել (պաշտոնական տվյալների համաձայն՝ նրա նախագահության տասը տարիների ընթացքում Հայաստանից հեռացել եւ չի վերադարձել 420 հազար մարդ), ու միայն հայտարարել է, թե արտագաղթի պատճառները բազմաթիվ են, որոնց մասին բաց խոսելը նպատակահարմար չէ։ Արտագաղթի պատճառներն իսկապես բազմաթիվ են՝ Սաշիկ, Միշիկ, օլիգարխներ, կրիմինալ, կոռուպցիա եւ այլն, բայց անհասկանալի է, թե ինչո՞ւ չի կարելի այդ մասին բաց խոսել՝ այն պատճառաբանությամբ, թե մեր թշնամիներն էլ են լսում։ Ինչ է, ադրբեջանցիները Սաշիկի ու Միշիկի մասին չգիտե՞ն, թե՞ Ալիեւն իր սաշիկներն ու միշիկները չունի։ Կամ գուցե շուտով Հայաստանում հատուկ օրե՞նք կընդունվի Սաշիկին ու Միշիկին պետական գաղտնիքի կարգավիճակ տալու մասին։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա արտագաղթի հիմնական պատճառը հենց Սերժ Սարգսյանի իշխանությունն է եղել, եւ հիմա այդ իշխանությունը շարունակվում է։ Եվ եթե խնդիր կար Հայաստանի թշնամիներից թաքցնել արտագաղթի պատճառները, ԱԺ «հանդիսավոր» նիստը պետք էր խստագույն գաղտնիության պայմաններում անցկացնել։ Որպեսզի ոսոխը գլխի չընկներ, որ արտագաղթի պատճառները խորանալու են, եւ դրա օգտին քվեարկելու է 77 պատգամավոր։ Դա, ի դեպ, օգտակար կլիներ նաեւ մեր հասարակության համար, որովհետեւ ԱԺ այդ նիստին հետեւողների մեջ զզվանքից եւ արտագաղթելու ցանկությունից բացի այլ զգացումներ հազիվ թե առաջանային։

Հ.Գ. Հանրային հեռուստատեսությունն այնուամենայնիվ հումորի զգացում դրսեւորեց։ Սերժ Սարգսյանի թեկնածության քվեարկությունից առաջ հայտարարված 20 րոպեանոց ընդմիջման ժամանակ մուլտֆիլմ ցուցադրեց՝ «Դժբախտություն բերող ագռավը» անվանումով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30