01.04.2014 17:26 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Թալանչիներն ապագայից

Կառավարության միջնադարյան նանոտեխնոլոգիաները

Կառավարության միջնադարյան  նանոտեխնոլոգիաները

Տիգրան Սարգսյանի թիմում փայլուն մասնագետներ են հավաքված։ Համենայն դեպս` «փաստաթղթերով նրանց մոտ ամեն ինչ կարգին է»։ Մարդիկ հնչեղ անվանումներով արտասահմանյան համալսարաններ են ավարտել, գիտական կոչումներ ունեն, օտար լեզուների են տիրապետում, «ճանաչված մասնագետներ են ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում» եւ այլն։

Եվ ահա «փայլուն մասնագետների» այս կառավարության գործունեության արդյունքում Հայաստանում աղքատության տեսակարար կշիռը գրեթե կրկնապատկվել է, եւ երկրից արտագաղթել է մոտ 300 հազար մարդ։ Բայց դա կապ չունի։ Կարեւորը` որ Տիգրան Սարգսյանի թիմի անդամները ճաշակով են հագնվում, անգլերեն գիտեն եւ վարժ տկտկացնում են համակարգչի ստեղնաշարի վրա։ Մի խոսքով` 21-րդ դարից են, եւ ապագան նրանցն է։

 Բայց Հայաստանի տնտեսական համակարգը, չգիտես ինչու, կառուցված է 16-17-րդ դարերի օրինակով։ Այդ դարերում, ինչպես հայտնի է, Հայաստանի մի մասը Պարսկաստանի կազմում էր, մյուս մասը` Օսմանյան կայսրության։ Այսօրվա Հայաստանի տնտեսական համակարգը, չգիտես ինչու, ավելի շատ թուրքական մոդելն է հիշեցնում։ Այնպիսի տպավորություն է, թե չորս-հինգ հարյուր տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել. այսօրվա իշխանությունները ժողովրդի հետ վարվում են ճիշտ այնպես, ինչպես թուրք կառավարիչները` 16-17-րդ դարերում։ Խոսենք կոնկրետ օրինակներով, եւ որպես տնտեսության համար կարեւորագույն խնդիր` վերցնենք հարկային դաշտը։ Սկսենք նրանից, որ հիմնական հարկատեսակների դրույքաչափերը մոտավորապես նույնն էին. արտադրության եւ սպասարկման դեպքում (փոքր գործարաններ, «քարվանսարաներ» եւ այլն) վճարում էին կամ շահույթի 20 տոկոսը, կամ տարեկան շրջանառության 3 տոկոսը (հիմա Հայաստանում շրջանառության հարկը 3,5 տոկոս է)։ Բայց կարեւորը թվերը չեն, կարեւորը հարկահանության բուն համակարգն է։ Օրինակ` Թուրքիայում հարկահանության իրավունքը կապալով տրվում էր «մասնավորին», սա հավաքում էր հարկերը, մի մասը վերցնում իրեն, մյուս մասը հանձնում գանձարան։ Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ Այսօրվա Հայաստանում «մասնավորները» ճիշտ այդպես են վարվում, ասենք, վճարովի կայանատեղերի եւ տեսախցիկների ու արագաչափերի դեպքում։ Ի դեպ` Օսմանյան կայսրության բյուջեի եկամուտների զգալի մասը համալրվում էր տուգանքներից (դա հատուկ հարկատեսակ էր եւ կոչվում էր «ջառմա»)։ Ճիշտ այնպես, ինչպես այսօրվա Հայաստանում` Տիգրան Սարգսյանի «բարձր տեխնոլոգիաներով աշխատող» կառավարության օրոք։ Բայց ինչ-որ առումներով Օսմանյան կայսրությունում ավելի լավ էր։ Օրինակ` ոռոգման ջուրը ձրի էր, արգելվում էր գետերի վրա ջրաղացներ կառուցել, եթե դա կվնասեր դաշտերի ոռոգմանը եւ այլն։ Այսօրվա Հայաստանում նման «թիթիզություններ» չկան։ Երեւի դա է պատճառը, որ 16-18-րդ դարերում Օսմանյան կայսրությունում հայերի թիվը պակասել է ընդհանուր առմամբ մոտ 100 հազարով, իսկ Սերժ Սարգսյանի նախագահության ընդամենը 6 տարվա ընթացքում` մոտ 300 հազարով։ Սրանք, ի դեպ, չոր փաստեր են, իսկ փաստերի դեմ վիճելն անիմաստ է։ Թարսի պես էլ` տնտեսությունն այն ոլորտն է, որտեղ ամեն ինչ չափվում է կոնկրետ թվերով ու արդյունքներով։ «Բարենպաստ միջավայր», «նպաստավոր պայմաններ», «գաղջ մթնոլորտ» եւ այլ վերացական հասկացություններն անիմաստ են։

Տիգրան Սարգսյանի կառավարության անդամները երեւի կնեղանան` «ո՞նց թե, դուք մեզ թուրքերի հե՞տ եք համեմատում»։ Իհարկե չենք համեմատում։ Պարզապես փաստերն ենք արձանագրում։ Օրինակ` Հայաստանի տնտեսության քանի՞ տոկոսն է ստվերում։ Տարբեր մասնագետների գնահատմամբ` 40-50 տոկոսը։ Վերցնենք միջին թիվը` 45։ Իսկ ովքե՞ր են ստվերում գործողները։ Ճիշտ է, բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց մերձավորներն ու նրանց տանիքի տակ աշխատողները։ Իսկ գիտե՞ք, թե նույն Օսմանյան կայսրությունում ինչքան հարկեր էին վճարում, ասենք, մահմեդականներն ու քրիստոնյաները։ Մահմեդականները վճարում էին քրիստոնյաների վճարածի ուղիղ 45 տոկոսը, այսինքն` ավելի քան երկու անգամ պակաս։ Պարզապես այնտեղ դա օրենքով էր արձանագրված, մեզանում դա կոչվում է ստվերային տնտեսություն կամ կոռուպցիա։ Որի դեմ իբր անընդհատ պայքարում են, բայց արդյունքի չեն հասնում։

Մի խոսքով` խնդիրն այն չէ, թե ինչ փայլուն կրթություն են ստացել եւ ինչ պրոֆեսիոնալ հմտություններ ունեն Տիգրան Սարգսյանի կառավարության անդամները։ Խնդիրն այն է, թե ինչ նպատակի են ծառայեցնում այդ գիտելիքներն ու հմտությունները։ Դատելով արդյունքներից` նրանց հիմնական նպատակը երկիրը հիմնավորապես թալանելն է։ Ավելի վատ, որ «գիտությունով են չալում»։ Բայց դա նշանակություն չունի։ Միջազգային իրավագիտության պատմությանը հայտնի չէ որեւէ դեպք, որ դատարանը «փայլուն կրթությունը» գնահատի որպես մեղմացուցիչ հանգամանք։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30