Մի կողմից՝ Հայաստանն աստիճանաբար ավելի ու ավելի խորն է թաղվում ԵԱՏՄ-ում, մյուս կողմից՝ մենաշնորհները ներկրողներին հնարավորություն են տալիս կամայական գներ սահմանել, ու այս ամենին գումարվում է նաեւ այն, որ Հայաստանը դատարկվում է, այսինքն՝ ապրանք արտադրողներն են պակասում, պակասում է նաեւ արտադրանքը, եղածն էլ «կպած» արտահանում են:
Այն, որ ԵԱՏՄ-ն ու Մաքսային միությունը վաղ թե ուշ մեզ վերադարձնելու էին «սովետի վախտերը», ի սկզբանե միանգամայն կանխատեսելի էր: Մեծ հաշվով՝ հիմա հենց դա էլ տեղի է ունենում: Մաքսատուրքերի փոփոխություններն ի վերջո հանգեցնելու են նրան, որ խորհրդային տարիների պես՝ մնանք «Գորիզոնտ» հեռուստացույցների, «Լադա» ավտոմեքենաների ու «Բայկալ» ըմպելիքի հույսին: Ընդ որում՝ ակնհայտ է, որ Ռուսաստանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցները չեն կարող չտարածվել նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների վրա, որովհետեւ եթե մենք միասնական տնտեսական տարածքում ենք, այլ կերպ լինել չի կարող: Ակնհայտ է նաեւ, որ Ռուսաստանի պատասխան քայլերն էլ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներն ուզած-չուզած պիտի կրկնեն: Իսկ թե ինչ է նշանակում դա՝ կարելի է պատկերացնել, հետեւելով ռուսաստանյան հեռուստաալիքների քարոզչական հաղորդումներին: Համարյա բոլոր ռուսական հեռուստաալիքները հեղեղված են ռեպորտաժներով ու «հետաքննություններով» այն մասին, թե ինչպես է դավադիր Արեւմուտքը փորձում կործանել Ռուսաստանը «Կոկա-Կոլայի», ջինսերի, կետչուպի, նորվեգական ձկնամթերքի ու հայտնի չէ, թե ուրիշ էլի ինչերի միջոցով, եւ այսպես շարունակ: Մի խոսքով՝ ճիշտ եւ ճիշտ «սովետի վախտերի» նման, երբ անգամ այսպիսի կարգախոս կար՝ «կտո նոսիտ ֆիրմու «Ադիդաս», տոտ սկորո ռոդինու պրոդաստ»:
Ռուսաստանի համար այս քարոզչությունը գուցեեւ տրամաբանական է՝ այդ երկիրը խնդիր ունի ներկրվող ապրանքները փոխարինել տեղական արտադրանքով, եւ նման ձեւերով փորձում է լուծել այդ խնդիրը: Կստացվի, թե ոչ՝ այլ հարց է, բայց ինչ-որ արդյունքներ արդեն կան: Իսկ ի՞նչ պիտի անի Հայաստանը, որը ներկրվող ապրանքների մեծ մասը տեղայինով փոխարինել պարզապես չի կարող՝ ռեսուրսների բացակայության պատճառով: Բնականաբար՝ պիտի ձգտի ամեն ինչ ներկրել Ռուսաստանից, ու եղած-չեղածն էլ համապատասխանաբար արտահանի Ռուսաստան: Այսինքն՝ ճիշտ եւ ճիշտ «սովետի վախտերի» պես:
Բայց այստեղ մի նրբություն կա: Նախ՝ ճանապարհներ չկան (այսինքն՝ ներկրածը ավելի թանկ է վաճառվելու, քան Ռուսաստանում, արտահանվածն էլ մրցունակ չի լինելու, որովհետեւ ճանապարհածախսը մեծ է): Երկրորդ՝ Հայաստանում եւ Ռուսաստանում բնակչության գնողունակությունն է տարբեր: «Սովետի վախտերով» ուրիշ էր՝ ուսուցիչները, բժիշկները կամ գիտնականները Նովոսիբիրսկում ու Իջեւանում նույն աշխատավարձն էին ստանում: Իսկ հիմա այդպես չէ, հետեւաբար՝ կարճ ժամանակ անց տեղի է ունենալու հետեւյալը. Հայաստանում լայն սպառման ապրանքների գները հասնելու են ներռուսաստանյան գներին ու նույնիսկ մի 15-20 տոկոսով ավելի բարձր են լինելու, իսկ աշխատավարձերը մնալու են մոտ երկու անգամ պակաս: Այսինքն՝ Հայաստանում մարդիկ երկու անգամ ավելի վատ են ապրելու: Եվ չեն կարողանալու դա փոխհատուցել, ասենք, այլ երկրների հետ առեւտրով (որովհետեւ ԵԱՏՄ կանոնները թույլ չեն տալիս):
Իշխանական «էլիտային» այս ամենն, իհարկե, չի մտահոգում: Նրանք շարունակելու են օգտվել դավադիր Արեւմուտքի «թանկանոց» արտադրանքից: Ի դեպ, «սովետի վախտով» էլ էր այդպես: Պարզապես այն ժամանակ հասարակ գյուղացիներն էլ էին կարողանում ծիրանից բանից տանել Ռուսաստան եւ դրա շնորհիվ, ասենք՝ ակադեմիկոսներից շատ վաստակել, իսկ հիմա դա հնարավոր չի լինելու: Հայաստանի իշխանություններն այդ մենաշնորհը ձեռքից բաց չեն թողնի: Բայց սա արդեն այլ թեմա է: