23.05.2017 06:16 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Խաղեր ներքին սպառման համար

20 տարի շարունակ ո՞ւմ օգտին են աշխատել ՀՀ իշխանությունները

20 տարի շարունակ ո՞ւմ օգտին են աշխատել ՀՀ իշխանությունները

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում Սերժ Սարգսյանի արտասանած ելույթի կարեւորագույն հատվածն, անկասկած, անդրադարձն էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որովհետեւ ելույթի այդ հատվածով նա ցաքուցրիվ արեց իր եւ Ռոբերտ Քոչարյանի կառավարման համարյա 20 տարիներին Հայաստանի որդեգրած ռազմավարությունը։ Առանցքայինը հետեւյալ միտքն էր` «Ադրբեջանը, որը խաթարում է բանակցային գործընթացը, ստատուս-քվոյի պահպանման ջատագովն է եւ չի թաքցնում դա»։

Որպեսզի հասկանանք, թե ինչի մասին է խոսքը` պարզապես հիշենք, որ 20 տարի շարունակ ստատուս-քվոյի պահպանումը համարվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մեր մեծագույն նվաճումը։ Ավելին` համարվում էր, որ մեր գերագույն նպատակը հենց ստատուս-քվոյի փոփոխություն թույլ չտալն է։ Եվ պետական քարոզչամեքենան 20 տարի շարունակ հասարակական գիտակցության մեջ արմատավորում էր այդ գաղափարը։ Տարբեր տրամաչափի պաշտոնյաները (Ռոբերտ Քոչարյանից սկսած) հայտարարում էին, թե Ղարաբաղի հարցը լուծված է (այսինքն` մենք մեր գործն արել ենք ու պիտի համբերությամբ սպասենք, մինչեւ արտաքին աշխարհը պաշտոնապես ընդունի այդ փաստը), անգամ մեկ թիզ հող զիջելու (այսինքն` ստատուս-քվոյի փոփոխության) մասին խոսողները հռչակվում էին ազգի դավաճաններ, առավել «պրագմատիկները» հայտարարում էին, թե ստատուս-քվոյի փոփոխությունն անհնար է հենց միայն այն պատճառով, որ հակասում է ԼՂՀ Սահմանադրությանը եւ այլն։

Ու հանկարծ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի առջեւ ելույթ է ունենում ու հայտարարում, թե Ադրբեջա՛նն է ստատուս-քվոյի պահպանման ջատագովը, իսկ մեզ համար այդ փոփոխությունն ընդունելի է։ Այսինքն` ստացվում է, որ 20 տարի շարունակ Հայաստանի «ռազմահայրենասիրական» քաղաքական գործիչները, քաղաքագետները, մտավորականները եւ այլն քարոզել են այն, ինչը ձեռնտու է Ադրբեջանին։ Ոչ միայն քարոզել են, այլեւ կոնկրետ քայլեր են ձեռնարկել, որպեսզի ստատուս-քվոյի մասին անգամ խոսակցություն չլինի, եւ Ադրբեջանի ռազմավարության դեմ հանդես եկողները Հայաստանում ազգի դավաճան հռչակվեն։

Ի դեպ` Սերժ Սարգսյանը նաեւ բացատրել է, թե ինչու է Ադրբեջանը «ստատուս-քվոյի պահպանման ջատագովը»։ «Քանի-քանի անգամ Ադրբեջանի ղեկավարությունը հոխորտացել է, որ ժամանակն իր օգտին է աշխատում եւ իբր Բաքվին մնում է միայն նստել ու սպասել, թե երբ իր նավթադոլարներով սնուցվող բանակն այնքան ուժեղ կլինի, որ հակամարտությունը լուծի իր օգտին», ասել է Սերժ Սարգսյանը։ Հիմա փաստորեն ստացվում է, որ մեր «ռազմահայրենասերները» նրան տվել են այդ ժամանակը։ Ճիշտ է, մեր բախտից` նրանք ախմախ ձեւով են ծախսում այդ նավթադոլարները, բայց փաստը մնում է փաստ, որ հայկական եւ ադրբեջանական բանակների ուժերի հարաբերակցությունն այնպիսին չէ, ինչպիսին 20 տարի առաջ էր։

Լավ, ի վերջո ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը։ Նա ասում է, որ մենք պատրաստ ենք զիջել ազատագրված տարածքները` ԼՂՀ անկախության դիմաց (Հայաստանի հետ ցամաքային կապով), բայց Ադրբեջանը չի համաձայնվում։ Նրանք ավելին են ուզում, որովհետեւ համարում են, որ ժամանակն իրենց օգտին է աշխատում։

Հիմա` երկու հարց։ 1. Սերժ Սարգսյանի կուսակցական ընկերներն ու կոալիցիոն գործընկերները համամի՞տ են նրա հետ, որ ստատուս-քվոյի փոփոխությունը միանգամայն ընդունելի է «հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում»։ 2. Ինչո՞ւ է հայ հանրությունը հրճվել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հասցեական հայտարարություն է արել եւ Ադրբեջանին մեղադրել հրադադարը խախտելու մեջ։ Չի՞ նշանակում դա արդյոք, որ միջազգային հանրությունը նախկինում մեզ եւ ադրբեջանցիներին ընկալում էր որպես հակամարտության հավասար կողմեր, իսկ հիմա նրանց ընկալում է որպես պոտենցիալ ագրեսորներ, իսկ մեզ` պոտենցիալ զոհեր։ Եվ արդյո՞ք ավելի լավ չէր լինի, որ մե՛զ սաստեին ու հորդորեին «փոքրերին չնեղացնել»։

Թե՞ Հայաստանում նման հարցերին պատասխանելն ընդունված չէ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30