19.07.2012 00:57 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Խաղի կանոններ

Ընտրություն «բուտիկի» եւ սրճարանի միջեւ

Ընտրություն «բուտիկի» եւ սրճարանի միջեւ

Երեկ Աբովյան 19 հասցեում սկսել են շինարարական աշխատանքներ իրականացվել։ Ո՞վ, ինչո՞ւ, ինչպե՞ս. այս հարցերի պատասխանները երեկ տեղում փորձել են պարզել մեր գործընկերները, ինչպես նաեւ մի խումբ տեղի բնակիչներ, սակայն ապարդյուն։

«Տարոն Մարգարյան, սիրուն չի». ահա այս գրությամբ ցուցապաստառն են երեկ նշված հասցեում թողել բնապահպանները ու հեռացել։ Իսկապես, սիրուն չէ, մանավանդ որ այդ տարածքը «ազատագրելու» եւ Աբովյան փողոցը «բուտիկներից» մաքրելու համար ահագին գործընթացներ են տեղի ունեցել Երեւանում։ Հիշեցնենք` քաղաքական հասարակության ակտիվ ներկայացուցիչների, մտավորականների, բնապահպանների ու երեւանցիների  ճնշման ներքո ապամոնտաժվեցին բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող ներքնազգեսի, կոշիկի, պայուսակների, բիժուտերիայի  խանութները։ Խանութները ապամոնտաժվեցին այդ փողոցից, իսկ հիմա նոր բան են մտածել` ապամոնտաժված «բուտիկի» տեղում սրճարան  կառուցել։

Երեկ «դեպքի վայրում» ՀՀ քաղաքացիների հետ «շփվել» է շինարարության աշխղեկը` Դավիթը, որն էլ հայտարարել է, թե այդ հասցեում պետք է կառուցվի սրճարան։ Վերջինս  նաեւ տեղեկացրել է, որ  աշխատանքներն իրականացնում է «Սահակյանշին» ընկերությունը։ «Շինհրապարակում չկար որեւէ ցուցանակ, որը կմատնանշեր, թե ինչ է կառուցվում։ Աշխղեկ Դավիթը չուներ իր մոտ որեւէ փաստաթուղթ այդ վայրում շինարարություն իրականացնելու թույլտվության մասին, թեեւ նա պնդում էր, որ դրանք գոյություն ունեն։ Վերջինս այնուհետեւ հրաժարվեց  ներկայանալ որպես աշխղեկ». երեկ արձանագրել են էլեկտրոնային լրատվամիջոցները։ Աբովյան 19 հասցե ժամանած ՀՀ ոստիկանության աշխատակիցներին ներկաները հաղորդում են ներկայացրել ապօրինի շինարարություն իրականացնելու մասով, իսկ ոստիկաններն էլ արձանագրել են, որ իրենց որեւէ փաստաթուղթ որեւէ մեկը չի ներկայացրել, ինչի համար իրենք արձանագրություն են կազմել եւ կարգադրել են դադարեցնել շինաշխատանքները։

Հստակ է, որ շինարարության հետեւում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց անունները շատերը գիտեն։  ՀՀ շարքային քաղաքացին, ով հանդգնում է իր սեփական տան բակում իր փլված տան պատը ամրացնել, միանգամից մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչների հետ է առնչվում։ Քաղաքացուն վրա են տալիս` թաղապետարանի, քաղաքապետարանի, բնապահպանության նախարարության, ոստիկանության եւ այլ գերատեսչությունների պաշտոնյաները, եւ ամեն մեկն իր բաժին կաշառքն է ուզում` վերեւինին չահազանգելու պայմանով։ Քաղաքացուն մնում է համակերպվել իրողության հետ` մեծ համբերատարությամբ կաշառել իր մոտ եկած բոլոր մանր պաշտոնյաներին ու շարունակել շինարարությունը։ ՀՀ շարքային քաղաքացին շինարարություն անելու համար կարող է տարիներով սպասել քաղաքապետի շինթույլտվությանը, թաղապետի համաձայնությանը։ Կարող է սպասել ու այդպես էլ չստանալ, դրա համար էլ քաղաքացին սկսում է շինարարությունը` հընթացս կաշառելով հնարավոր բոլոր «ահազանգողներին»։ Իսկ նրանք, որոնք իրենց տեր են հռչակել այս քաղաքում, կարող են թքած ունենալ քաղաքապետի, թաղապետի, ոստիկանի վրա էլ։ Կարող են չդադարեցնել ապօրինի շինարարությունը  նույնիսկ այն պարագայում,  երբ, ասենք, Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայությունն է խառնվում գործին։ Հիմա Հայաստանում հետեւյալ սկզբունքն է  գործում. օրինական շինթույլտվություն  չես կարող ունենալ, եթե Արմեն Գեւորգյանը հետդ փայ չի, ուրեմն` ապօրինի կառուցիր, հետո հեշտությամբ կօրինականացնենք ապօրինի շինությունդ։ Ահա սա է ընդունված խաղի կանոնը, եւ այս կանոնով  շահում են նրանք, որոնք պնդաճակատ են ու զոռբա։

Սա այս դեպքն է, որովհետեւ Աբովյան 19 հասցեում շինարարություն է սկսվել, եւ դրա շինթույլտվության վկայականը «պրարաբը» հրաժարվում է ցույց տալ օրենքի պաշտպան ոստիկանին։ Մեզ մնում է ենթադրել, որ շինթույլտվություն իսկապես չկա, եւ քաղաքի կենտրոնում հերթական աղաղակող ապօրինությունն է իրականացվում։

Իրականացնողների մասին` հաջորդիվ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30