27.04.2018 03:51 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Հույսի եւ տագնապի օրեր

Շատ դժվար է տրամադրվել եւ անդրադառնալ վերջին օրերին Հայաստանում ընթացող զարգացումներին։ Անշուշտ, դրանք պատմական իրադարձություններ են, որոնք գլխապտույտ արագությամբ հասան իրենց գագաթնակետին։ Քչերը կային, որոնք հավատում էին, որ ժողովրդական շարժումը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կբերի Սերժ Սարգսյանի հրաժարականին։

Զգացմունքները, մանավանդ հրաժարականի օրը, պարզապես հեղեղել էին մարդկանց հոգիները, նման մթնոլորտ, ուրախության եւ ջերմության նման միջավայր. միգուցե մեկ էլ 1988թ. Շարժման տարիներին են եղել։

Ինչեւէ, Սերժ Սարգսյանը հեռացավ, ի պատիվ իրեն՝ չգնաց բախման։ Գոնե դրա համար կարելի է շնորհակալ լինել։

ԱՌՆԵՏԱՎԱԶՔ

Իհարկե, Հայաստանի վերջին 25 տարվա պատմության ընթացքում բազմիցս ենք տեսել, թե ինչպես են քաղաքական ուժերը, գործիչները ընդամենը մեկ օրվա ընթացքում կերպարանափոխվում։ Առաջին ցայտուն օրինակը 1998թ. էր, երբ Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո մի գիշերվա մեջ հանկարծ պատգամավորների մեծ մասը երկրապահ դարձավ։

Այդ առումով հետաքրքիր էր, թե Սերժ Սարգսյանի հրաժարականը «քամելեոնների», առնետավազքի, կերպարանափոխության ինչ դրսեւորումների կհանգեցնի։ Հետաքրքիր էր ՀՅԴ-ի պահվածքը. մի շաբաթ առաջ նրանք հաստատեցին Սերժ Սարգսյանի հետ կոալիցիոն իրենց համագործակցությունը, դաշնակցականները, մասնավորապես Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը, իրար հերթ չտալով, հայտարարում էին, որ Սերժ Սարգսյանը աշխարհի ամենալեգիտիմ վարչապետն է, իսկ եթե պետք լինի. ընդդիմադիրների հետ պետք է կոշտ լեզվով խոսել, ընդհուպ՝ ուժի կիրառմամբ։ Բայց հետո նրանք հայտարարեցին կոալիցիայից դուրս գալու մասին, նրանց նախարար-մարզպետներն էլ հրաժարական տվեցին, միացան ժողովրդին, ինչպես իրենք էին ասում։ Մի քանի օրվա մեջ։

ԲՀԿ-ն հասցրեց Սերժ Սարգսյանի հրաժարականից 5 րոպե առաջ հայտարարել համաժողովրդական շարժմանը միանալու մասին։ Սա էլ ենք տեսել։ 2-րդ համաշխարհային պատերազմում Թուրքիան քողարկված աջակցում էր նացիստական Գերմանիային, գերմանական ռազմաարդյունաբերական համալիրի համար հումք էր մատակարարում, հանդերձանք, պատրաստվում էր Ստալինգրադի ճակատամարտից հետո զորք մտցնել Անդրկովկաս, բայց երբ պարզ դարձավ, որ Գերմանիայի պարտությունը անխուսափելի է, 1945թ. փետրվարին, այսինքն՝ գերմանացիների կապիտուլյացիայից երեք ամիս առաջ պատերազմ հայտարարեց նույն Գերմանիային։ Չնայած՝ թուրք ոչ մի զինվոր այդպես էլ գոնե մի կրակոց չարձակեց։

Սերժ Սարգսյանից մեդալներ ստացած ու դրանով տարիներ շարունակ հպարտացած արտիստ, երգիչ, մարզիկ մանրից վերադարձրին  այդ պարգեւները եւ հերթ կանգնեցին Հրապարակի հարթակի մոտ։

ՔԱՄԵԼԵՈՆԻ  ՍԵՎ ԳՈՏԻՆ

Բայց քամելեոնության չեմպիոնը անկասկած Գոռ Վարդանյանն է։ Հենց Սերժ Սարգսյանը վարչապետ դարձավ, նախապես գրված շնորհավորանքը տեղադրեց Ֆեյսբուքի իր էջում, թե բա տեսեք, առաջինը ես եմ շնորհավորել։ Հենց հրաժարական տվեց, ջնջեց, վերացրեց գրառումը, մի հատ էլ շամպայն խմեց այդ առթիվ։ Ուղղակի զարմանալի է, թե Տարոն Մարգարյանը ինչպես է այս մարդուն պահում կողքին՝ որպես խորհրդական։ Ոչ մի չափանիշով՝ մտավոր, բարոյական, քաղաքական, նա չի համապատասխանում նույնիսկ դռնապանի հաստիքին։

Բանը հասավ նրան, որ մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը Ավանում ու Էրեբունիում դիմակավորված բանդաները ծեծում էին ցուցարարներին, ջարդում նրանց մեքենաները, հայհոյում լրագրողներին, բայց հրաժարականից անմիջապես հետո այդ նույն բանդաները սկսեցին փողոցներ փակել, եռագույնը փակցնել իրենց մեքենաներին, «Սերժիկ, հեռացիր» վանկարկել։

Ու սա դեռ ընդամենը սկիզբն է։ Առաջիկա օրերին մենք հաստատ Սերժ Սարգսյանին անարգանքի սյունին գամողների թվում այնպիսի մարդկանց կտեսնենք, որ ակամա կսկսենք թաքուն խղճալ Հայաստանի երրորդ ղեկավարին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30