Այս մասին երեկ «ՉԻ» հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ Նելլի Դուրյանը` հավելելով. «Այս ամենը արդյունքն է նաեւ համակարգում իրականացվող բարեփոխումների, որի շրջանակներում իրականացվում են համալիր ծրագրեր ու համատեղ միջոցառումներ, որի տեղաշարժերը դեռ կտեսնենք»։
- Տիկին Դուրյան, որքան էլ խոսվում է տարատեսակ ծրագրերի ու կանխարգելիչ քայլերի մասին, փաստը մնում է փաստ, որ այսօր անչափահասների շրջանում այնուամենայնիվ բազում հանցագործություններ են կատարվում։ Եվ այսօր դրանցից առավել մտահոգիչ են անչափահաս երեխաների ինքնասպանության փորձերը։ Ընդ որում, այդ քայլին դիմում են 16-17 տարեկան աղջիկները։ Ձեր կարծիքով, որտե՞ղ է պետք փնտրել իրական պատճառները։
- Ամեն դեպքում, նախորդ տարվա համեմատ ինքնասպանությունների թվի նվազման միտում է նկատվում։ Բայց մյուս կողմից լուսաբանման խնդիր էլ կա։ Նախկինում էլ են շատ ու շատ դեպքեր եղել, սակայն դրա մասին քիչ է խոսվել։ Պարզապես լուսաբանման առումով պետք է չափը պահել, թեեւ, ինչ խոսք, դրա արդյունքում կարեւոր է, որ ուշադիր լինեն ծնողները, ուսուցիչները, դասղեկները, ովքեր երեխաների հետ մոտ 7-8 ժամ աշխատանք են տանում։ Գոնե դասղեկը կարող է, չէ՞, ուշադիր լինել, թե իր աշակերտի մեջ ինչպիսի վարքաբանական փոփոխություններ են նկատվում։ Այդ իսկ պատճառով դպրոց-ծնող-ընտանիք կապը պետք է շատ ամուր լինի։ Բացի դրանից, շատ դեպքերում, երբ ինքնասպանության առաջին փորձը չի հաջողվում, նորից ինքնասպանության փորձ է կատարվում։ Այս պարագայում ծնողները պետք է առավել զգոն լինեն եւ շատ ժամանակ տրամադրեն իրենց երեխաներին, զբաղվեն նրանցով, անհրաժեշտության դեպքում դիմեն նաեւ հոգեբանի։ Ամեն ինչ անեն, որպեսզի երեխաների միջից այդ միտքը դուրս գա։ Այսօր ՀՀ ոստիկանությունը՝ ի դեմս անչափահասների գծով ստորաբաժանման, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի հանդիսանա երեխաների իրավունքների պաշտպանը։ Մենք այսօր Վերականգնողական համայնքային կենտրոններում ունենք հոգեբաններ, որոնց հետ համագործակցում ենք եւ անհրաժեշտության դեպքում ծնողներին առաջարկում ենք, որպեսզի հոգեբանները իրենց երեխաների հետ աշխատանքներ տանեն։ Բայց շատ հաճախ ծնողները հրաժարվում են այդ ծառայություններից, ընդ որում` դրանք անվճար են` ասելով, որ իրենք դրա կարիքը չունեն։ Այդ դեպքում մենք ոչինչ անել չենք կարող, բայց գոնե ծնողներն էլ իրենց հերթին պետք է կարողանան հետեւողական լինել։
- Ասացիք, որ անցած հինգ ամիսների ընթացքում հանցագործությունների նվազման միտում կա։ Կոնկրետ ո՞ր հանցատեսակներն են առավել նվազել եւ որոնք են աճել նախորդ տարիների համեմատ։
- Հիմնականում նվազել են գույքի հափշտակման դեպքերը, սպանության դեպքեր չեն արձանագրվել ո՛չ նախորդ տարի, ո՛չ այս տարի։ Մարմնական վնասվածքի դեպքերը 19-ից իջել են 14-ի, ինչպես նաեւ նվազել են ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը։ Անցյալ տարի դրանք եղել են 7, այս տարի արդեն ցուցանիշը զրո է։ Մենք ամեն օր, ամեն ժամ աշխատում ենք, որպեսզի բացառենք ծանր մարմնական վնասվածքի դեպքերը, մանավանդ, երբ այն ուղեկցվում է զենքի կիրառմամբ։ Դրա մասին շատ ենք խոսում ու ամեն անգամ դպրոց մտնելիս երեխաներին բացատրում ենք, որ չի կարելի դպրոց հաճախել դանակով կամ ծակող-կտրող գործիքով։ Այստեղ էլի մեծ անելիք ունեն ծնողները. կարող են, չէ՞, իրենց երեխաներին պարբերաբար հետեւել, թե ի՞նչ կերպ են նրանք հաճախում դպրոց։
- Այս պարագայում, երեւի թե շատ դպրոցներում էլ ոչինչ անել չեն կարող, քանի որ աշակերտների դաստիարակությամբ զբաղվելու դեպքում գործ կունենան նրանց ամենակարող ծնողների հետ։ Դրա վառ օրինակներից մեկը Երեւանի թիվ 114 դպրոցն է, ուր հիմնականում սովորում են պետական պաշտոնյաների ու օլիգարխների զավակները, եւ հենց այստեղ էլ սկանդալների պակաս կարծես թե չի զգացվում։ Նման իրավիճակներում ի՞նչ տեսակի կանխարգելիչ քայլեր կարող են ձեռնարկվել, եւ արդյո՞ք ոստիկանությունը օլիգարխների «հաբռգած» զավակներին հարկ եղած դեպքում կարգի է հրավիրում ու պատժում ինչպես հարկն է։
- Հավանաբար, բոլորն էլ գիտեն, թե հիմա մեր ուսուցիչները որքան զգուշավոր են իրենց գործունեության մեջ։ Որովհետեւ նույն ծնողը կարող է գալ ու ասել, թե ի՞նչ գործ ունես, որ բացում ես իմ երեխայի պայուսակը։ Բայց բոլոր դեպքերում լավ կլիներ, որ ուսուցիչները ուշադիր լինեին եւ որեւէ բան նկատելու դեպքում անմիջապես ահազանգեին ոստիկանություն։ Կամ հենց դպրոցում կարող են կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել. ծնողին հրավիրել դպրոց ու բացատրական աշխատանքներ տանել։ Չնայած, եթե երեխան իր մոտ դանակ է պահում, դա արդեն իսկ քրեորեն պատժելի արարք է։ Իսկ ինչ վերաբերում է հանցանք կատարելուն ու պատժվելուն, ապա ում երեխան ուզում է լինի` պետական պաշտոնյայի, թե մեկ ուրիշի` կապ չունի, եթե հանցանք են կատարել, ուրեմն պետք է պատժվեն։ Այսօր մենք օպերատիվ աշխատանք ենք իրականացնում եւ տեղեկություններ ենք ստանում յուրաքանչյուրի վերաբերյալ՝ անկախ նրանից, թե տվյալ երեխան ինչ ընտանիքից է եւ ինչ կարգավիճակում է գտնվում։ Եթե հանցագործություն է կատարվել, ուրեմն այդ մասին անմիջապես զեկուցվում է ղեկավարությանը, որից հետո տրվում են ուղիղ հանձնարարականներ՝ տվյալ հանցագործությունը բացահայտելու եւ հանցագործին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Դա այսօրվա ՀՀ ոստիկանության ուղիղ ցուցումն է, որը ոչ ոք չի կարող շրջանցել։