Սերժ Սարգսյանը ՀՀ ղեկավարի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո հայտարարեց, թե ինքը սկսում է Հայաստանում իրականացնել դատաիրավական համակարգի բարեփոխումներ։ Այդ «բարեփոխումները» գլխանց տապալվեցին այն պարզ պատճառով, որ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությանը զուգահեռ ընթանում էին քաղաքական դատավարություններ։ Քաղբանտարկյալների առկայության ֆոնին Սարգսյանի հայտարարությունները սկզբում անուշադրության մատնվեցին, հետո երբ իշխանական քարոզչամեքենան սկսեց Սերժ Սարգսյանի բարի առաջնորդի կերպար ստանալ հենց դատաիրավական բարեփոխումներ կոչվող PR տրյուկի շրջանակներում, ամեն ինչ փոխվեց։ Փոխվեց, բայց ոչ հօգուտ ՀՀ շարքային քաղաքացիների։ «Դատաիրավական բարեփոխումներ» շոուն ընդամենը կենտրոնացրեց համակարգի կոռուպցիոն հոսքերը մեկ կենտրոնում, եւ այդ մեկ կենտրոնը Բաղրամյան 26-ն է։ Եթե առաջ արդարության հաստատման ճանապարհին քաղաքացիները ստիպված էին լինում մի քանի հազար դոլար շպրտել քննիչներին, դատախազներին ու հետո էլ դատավորներին՝ նրանցից գնելով իրենց ազատությունը, ապա հիմա արդարության եւ ազատության համար պետք է վճարել շատ ավելի վերեւ եւ շատ ավելի մեծ թվեր։ Այս համատեքստում լրիվ հասկանալի է այսօր ոստիկանության քննիչների, դատախազության աշխատակիցների ու դատավորների գանգատները, թե իրենց զրկել են կաշառքից՝ թողնելով չոր աշխատավարձի հույսին, իսկ իրենցից վերեւ՝ կոռուպցիան աննախադեպ ծաղկունք է ապրում։
Վերջին շրջանում իրականացվող բազմաթիվ սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ Հայաստանը հիմա լքում է ոչ թե հասարակության այն խավը, որն օրվա հացի խնդիր ունի այստեղ՝ Հայաստանում, այլ նրանք, որոնք բարեկեցիկ կյանքով են ապրում, սակայն հոգնել են իրենց արդարության հաստատման ամենօրյա կռիվներում։ Ասել է թե` երկիրը հիմա լքում են ավելի շուտ արդարության, ոչ թե հացի դեֆիցիտի պատճառով։ Իսկապես. բավական է ՀՀ քաղաքացին մեկ անգամ հարաբերվի ադարադատություն իրականացնող որեւէ մարմնի հետ, եւ, վստահ ենք, վերջնականապես կհիասթափվի Հայաստանից։
«Արդարադատության համակարգը Հայաստանում սատկած է». մի առիթով ասել էր ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը։ Հիմա այդ «սատկած» համակարգում նոր պրակտիկա է գործում։ ՀՀ ոստիկանությունը գործ է հարուցում, դատախազությունը վերահսկում, ապա մեղադրանք է առաջադրում եւ դատարանում էլ պաշտպանում է այդ մեղադրանքը։ Պատահում են դեպքեր, երբ «մեղադրյալը» դիմում է պատկան ատյաններին՝ ահազանգելով, որ իր նկատմամբ շինծու գործ է հարուցվել։ Վերեւից էլ տվյալ դատախազին հրահանգում են. «Եթե չես ապացուցել, դիմումդ կգրես»։ Ի՞նչ է մնում անել դատախազին՝ իհարկե մինչեւ վերջ կեղծ վկայություններով եւ շինծու ցուցմունքներով շարունակել սկսված ֆարսը։ Շարունակել՝ դիմացինի ճակատագիրը խեղելով փրկել ինքն իրեն։ Թերեւս հենց սա է պատճառը, որ Հայաստանում հանրային գիտակցության ընկալումներում հանցագործը զոհ է, իսկ ոստիկանը, դատախազն ու դատավորը՝ հանցագործների կազմակերպված խումբ։ Շատ դեպքերում «մեղադրյալի» աթոռին հայտնվածներն, իսկապես, արժանի են լինում այդ տեղին, սակայն արդարադատություն իրականացնող մարմինների ներկայացուցիչների նկատմամբ այնքան մեծ է հասարակության ատելությունն ու զզվանքը, որ ակամայից սկսում են արդարացնել մեղադրյալին։
Հիմա գանք օրվա բուն թեմային։ Փաստաբանների՝ դատարանի աշխատանքները մեկ օրով բոյկոտելու ակցիան, անշուշտ, հետաքրքիր է եւ հայկական իրականության մեջ, թերեւս, առաջին մեծամասշտաբ բողոքն է ընդդեմ համակարգի։ Սակայն պետք է նկատել, որ այդ փաստաբաններից շատ-շատերն իրենք էլ նպաստել են, որ արդարադատության համակարգը «սատկի»։ Հաճախ փաստաբաններն ընդամենը փողի «բազար անելու» միջնորդի դեր են ստանձնում կամ էլ անձնական եւ նյութական շահագրգռվածությունից ելնելով, թաքուն համագործակցում են դատախազի ու դատավորի հետ։ Ստացվում է, որ նրանք գումար են վաստակում ե՛ւ իրենց պաշտպանյալից, ե՛ւ դատավոր-դատախազից։ «ՉԻ»-ն բազմաթիվ նամակներ է ստացել ՀՀ քաղաքացիներից. դրանցում նկարագրված է, թե ինչպես է իքս փաստաբանը խաբել ու շողոքորթել իքս քաղաքացուն, ինչպես է փաստաբանը վերջին վայրկյանին հրաժարվել իրականացնել պաշտպանությունը եւ դրան գումարած հետ չտալ նախապես վերցված վճարը։ Տխուր է, բայց փաստ՝ լավ փաստաբան ճարելու համար հիմա լավ ծանոթ է պետք ունենալ։ Լավ ծանոթն արդեն երաշխավոր է, որ քաղաքացին չի հայտնվի «քցվածի» կարգավիճակում։
Երեկ ՀԱԿ ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ստեղծված իրավիճակը «աննորմալ» բառով բնութագրեց` նշելով որ խնդրի լուծումն ընդգրկված է ՀԱԿ ներկայացրած դատաիրավական հայեցակարգում, որի հեղինակը հենց ինքն է։ Գագիկ Ջհանգիրյանի մեկնաբանությունները` կապված այս իրավիճակի եւ փաստաբանների բողոքի ակցիայի հետ, կներկայացնենք «ՉԻ» վաղվա համարում։