Այնուամենայնիվ, մահապատիժը վերացավ։ Այսինքն պետությունը (մեր պարագայում` իշխանությունը) զրկվեց օրենքով մարդ սպանելուց։ Անշուշտ, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքակրթական տեսանկյունից սա առաջընթաց էր։ Բայց երկիրը բռնությունից չազատվեց։ Հակառակը, բռնարարքները դարձան զենք ոչ միայն քաղաքական հակառակորդների դեմ, այլեւ հասարակության։
«Հարսնաքարի» դեպքի առիթով անընդհատ հիշում ենք Պողոս Պողոսյանի սպանությունը «Առագաստ» սրճարանում։ Առաջին հայացքից անիմաստ մի բան էր, որովհետեւ սպանվածը քաղաքական կամ տնտեսական հակառակորդ չէր, սովորական մարդ էր, որը համարձակվել էր «անհարգալից» բարեւել։ Այն ժամանակ էլ մարդիկ եղան, որոնք չլռեցին։ Բայց նրանք քիչ էին։ Ավելին` Ֆրանսիայի քաղաքացի, աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը, որը տարիներ հետո շատ դառը խոսքեր պիտի ասեր Հայաստանում տիրող ապօրինությունների մասին, կուլ տվեց անմեղ մարդու սպանությունը, որպեսզի վատամարդ չլինի ՀՀ իշխանավորներին։ Հիշեցնենք, որ Պ. Պողոսյանին ծեծելով սպանեցին այնտեղ, որտեղ այդ պահին երաժշտություն էին ունկնդրում Ազնավուրն ու Ռոբերտ Քոչարյանը։ Կրկնենք` առաջին հայացքից այս սպանությունն անիմաստ էր թվում։ Սակայն այն ուներ հստակ նպատակ. Հայաստանում ահաբեկչական ալիքը շարունակվում էր եւ արդեն տարածվում «շարքային» քաղաքացիների վրա։ Սրան հաջորդեցին ծեծուջարդի, սպանությունների բազմաթիվ դեպքեր, որոնց գլխավոր ոգեշնչողը միջնորդավորված եւ անմիջականորեն իշխանությունն էր։ Իշխանության տերերն էլ, եթե չեք մոռացել, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էին։ Ահաբեկչական մթնոլորտի հստակ նպատակն էլ մեկն էր` լռեցնել հասարակությանը, ստիպել, որ հլու-հնազանդ ենթարկվի իրենց` երկուսին։
Հասարակությունը ամեն անգամ սպասում էր ընտրություններին, որպեսզի գտնի որեւէ քաղաքական փրկչի եւ ամեն անգամ պարտվում էր, որովհետեւ հայտնվում էր մարդասպան սափրագլուխների հետ մեն- մենակ։ Համաձայնե՛ք` վախը մեծ էր։ Վախի ալիքը մի քիչ թուլացավ 2008 թվականին։ Փետրվարյան այն օրերին շատերին էր թվում, որ շուտով ազատվելու ենք ռեժիմից։ Խոստովանենք` չնայած 1998 թվականից սկսած ահաբեկչական շրջանին` մեզ թվում էր, որ իշխանավորները խելագարներ չեն եւ չեն կրակի խաղաղ ցուցարարների վրա։ Բայց մարտի մեկը դարձավ տեռորի գագաթնակետը։ Իշխանավորներն իսկապես խելագարներ չէին եւ բնավ էլ ինքնասպանություն չէին գործելու։ Սպանվեցին ուրիշները։ Իշխանությունն իր ահաբեկչական բնույթով մնաց նույնը։
2012 թվականին ընտրությունը կեղծվեց «փափուկ» միջոցներով։ Հետընտրական ընդվզում չեղավ, բռնություն չկիրառվեց։ Սակայն իշխանությունը պահպանեցին նրանք, ովքեր 1998 թվականից սկսած` հեղինակ եւ մասնակից էին բազմաթիվ «աղմկոտ» պատմությունների։ ԱԺ վերջին ընտրությունից առաջ հասարակությանն ու Արեւմուտքին հաճոյանալու համար Սերժ Սարգսյանը խոստանում էր, որ օլիգարխներ չեն լինի երկրի խորհրդարանում։ Նա վերջիններիս քնքշորեն անվանում էր գործարար պատգամավորներ։ Բայց եղան ու կան, չկա միայն նրա սիրելի եղբայրը։ Մնացածներն էլ սկսեցին հավաստիացնել, որ իրենց սեփականության հարցերով զբաղվում են կանայք կամ որդիները, որ իրենք բնավ էլ գործարարներ չեն։ Ո՞ւմ էր հետաքրքիր այս սուտը։ Ո՛չ հասարակությունն է սրան հավատում, ո՛չ Արեւմուտքը։ Բայց դե պիտի ասեին, արդարանային։ Ուրեմն այն մարդիկ, ում անունների հետ էր կապվում նախորդ տարիների բռնությունների շարքը, ում անուններն էին շոշափվում մարտիմեկյան ողբերգությունից հետո, դարձյալ հայտնվեցին ԱԺ-ում։ Հասարակությունն անտարբեր կուլ տվեց այս խայտառակությունը, քաղաքական ուժերը նախապատրաստվեցին քաղաքական պայքարի։
Միառժամանակ մոռացանք բանակում սպանված տղաներին, չխոսեցինք մարտի մեկի մարդասպանների մասին։ Թվում էր` քաղաքական գրագետ քայլերով կարելի է աստիճանաբար փոխել իրավիճակը։
«Հարսնաքարի» բռնությունը, սակայն, նորից հիշեցրեց, որ մենք գործ ունենք ոչ թե սովորական կեղծարարների հետ, այլ սպանություններով իշխանությունը զավթած մի խմբի։ Հասարակական ընդվզումը որքան սպասված, այնքան էլ անսպասելի էր քաղաքական ուժերի համար։ Սպասված էր, որովհետեւ տարիներ շարունակ նորմալ մարդիկ խոսել են բռնությունների դեմ, վրդովվել ու փորձել կանգնեցնել մարդասպան մեքենան։ Սպասված էր, որովհետեւ համբերության բաժակը մի տեղ պիտի լցվի։ Իսկ անսպասելի էր, որովհետեւ ընտրությունից հետո մի տեսակ հուսահատ լռություն էր տիրում։
Հասարակության ակտիվ հատվածը ցույց տվեց, որ ինչքան էլ ծանր լինի սոցիալական վիճակը, ինչքան էլ անարդարություն, ապօրինություն լինի, ինչքան էլ փորձենք դրանց դեմն առնել, կարեւորագույն խնդիրը մեկն է։ Մենք պիտի բացառենք բռնությունը։ Ուրեմն ճիշտ ելակետն ընտրված է։
Իսկ մնացած մանր-մունր բամբասանքները, քաղաքական խաղերը, սրա-նրա հավակնությունները, կարծում ենք, պետք է արհամարհել։ Հիմա պիտի լուծենք ամենակարեւոր հարցը։ Բռնությունը մեր կյանքում օրինաչափություն դարձրածներն ու նրանց վարձկանները պիտի պատժվեն։ Սա է նորմալ երկիր ունենալու միակ երաշխիքը։