06.07.2012 23:03 Մ. Մ.
Տարածել հոդվածը. facebook twitter

ՉԻՆ ՄԱՉԻՆ

Ինչպես ոչնչացնել միջավայրը. Ջերմուկ

Պատասխանը պարզագույնն է՝ պետք է սիստեմ ստեղծել ու բարի կամք ունենալ միջավայրը ոչնչացնելու։ Սիստեմը ունի գործողության սկզբունքներ, ոճ եւ վերոհիշյալ բարի կամքի առկայության դեպքում հրաշալի աշխատում է։ ՍԻՍՏԵՄԸ ԿԱ։ ՀՀ կառավարության ամբողջ համակարգը, հանրապետական կ-ի ողջ գործունեությունը միջավայրի ոչնչացմանն է ուղված եւ էֆեկտիվ է գործում։

Տեսեք, եթե դուք սիստեմի նվիրյալն եք, անկախ այն բանից, թե ունեք հանրապետական կ-ի «զնաչոկ», կամ չունեք (մի օր կունենաք), դուք ահա այսպես եք վարվում. դիցուք ձեր անունն է Փիրումյան, եւ դուք բնապահպան բուլկի նախարարի աշխատակազմից եք եւ ձեր բուլկուն հարցում են ուղարկել, թե ով, ինչ իրավունքով, ինչ պաշտոնական թույլտվությամբ է Արփա գետի հունն ուզում փակել եւ փոքր ՀԷԿ կառուցել այնտեղ։ Մի Արփա գետ, մի ձորակ, մի Ջերմուկ։ Բայց դուք ու բուլկին ձեր նախարար, արամիկը ձեր թշահեղ, սիստեմի բալեքն եք ու որպես սիստեմի բալա` կոչված եք Արփայի ձորի քանդումն ապահովել։ Բուլկին ձեզ հանձնարարում է, եւ դուք ահա այսպիսի «լոխոտրոնային» պատասխան եք հղում քաղաքացուն.

«Հարգելի պարոն Գ.

Ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված Ձեր 2-.06.2012թ. NՕ1.. գրության` կապված Կեչուտի ջրամբար թափվող հատվածում ՓՀԷԿ-ի շինարարության հետ, հայտնում եմ, որ ձեռնարկողի եւ ՓՀԷԿ-ի անվանումների բացակայության պատճառով հնարավոր չէ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել»։

Այս առավոտ ահազանգ է ստացվել Ջերմուկից, որ Արփա գետի հունը փակել են ծանր տեխնիկայի միջոցով եւ պատրաստվում են ՀԷԿ կառուցել։ Կամ թե «Ջերմուկի զարգացման կենտրոն»  անունով սրտացավ մի ՀԿ պաշտոնապես գրել է  «ձեր» բնապահպանության նախարարությանն այդ մասին։ Ինչ է պետք անե՞լ։ Մեկ այլ տարբերակ էլ կա՝ ՉՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԺԱՄԱՆԱԿԻՆ, այլ ահազանգել բուլդոզերավոր տավարներին, թե հետաքրքրվում են ձեզանով՝ արագացրեք, կառուցեք ձեր փոքրիկագույն հէկ-ը։ Իսկ եթե լինի, որ ահազանգի որեւէ մեկը «ձեր» բնապահպանության նախարարության թեժ գծին, խորհուրդ տվեք դիմել ջրային ռեսուրսների կադաստր։ Տեսնո՞ւմ եք։ Սիստեմ եմ ասել՝ գործող, աշխատող՝ Նենեց Ռուբոյի պես լաբավոյ գռեհկաբանություն չէ, այլ շրջահայաց ու մտածված։ Լոզունգը՝ քանդենք մինչեւ վերջ։

Ի՞նչ ընկերություն է, ինչ «օլիգարխ», որ առանց հանրային քննարկման, առանց իրավական հիմքերի խուժել է Կեչուտի ջրամբարից վերեւ գտնվող Արփա գետի տարածքը, որ մասն է 17 հազար հեկտարանոց ջրաբանական արգելավայրի։ Ահա այն հարցերը, որ հանդուգն քաղաքացիները տալիս են սիստեմի բալեքին՝ հարությունյաններին ու նրանց փիրումյաններին, ու որ այս «հիդրոբնապահպանները» ջրում են մեծ հաջողությամբ։

Սիստեմի որպիսի~ գիտակցում ջրային ռեսուրսների կադաստր վերտառությամբ հանճարեղ կանտորայում. «Դե երեւի ունեն իրավունք ու թույլտվություն, որ նման գործունեություն են ծավալում...»։

Կամ բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժնի պետ ոմն Վ. Գրիգորյան.

«Կազմակերպության անունը չեմ հիշում, այնքան շատ են, իրենք 5 տարի առաջ են այս ծրագիրը ունեցել, պարզապես հիմա են իրականացնում, իսկ ջրաբանական արգելոցի տարածքում դա չի գտնվում, ջրաբանական արգելոցի տարածքը դրանից վերեւ ավարտվում է...»։

Դուք, այ ջերմուկցիներ, այ քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության, դուք չգիտեի՞ք, որ Վայոց Ձորի մարզում այն կարգի եռուզեռ է, այնքան շատ են կազմակերպությունները, որ բնապահպանության տեսուչները ջահել-ջիվան տարիքում սկլերոզ են հիվանդանում եւ կոտորվում՝ ճիշտ եւ ճիշտ Երեւանում նստած իրենց բուլկի մինիստրի պես։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30