20.07.2012 02:00 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Օրենքով կաշառքը

Կոռուպցիայի ճիշտն ու սխալը

Կոռուպցիայի ճիշտն ու սխալը

Հայաստանի իշխանությունները պայքարում են կոռուպցիայի դեմ։ Մի քանի օր առաջ, օրինակ, բռնեցին ու 40 հազար դրամ կաշառք վերցնելու համար ձերբակալեցին Կոտայքի փոխմարզպետին։ Բայց այդ նույն իշխանությունները, չգիտես ինչու, չեն պատրաստվում քրեական գործ հարուցել «Վիզկոն» ՍՊԸ հիմնադիր Պավել Անդերսոնի ցուցմունքների հիման վրա։ Մինչդեռ մարդը մանրամասն ներկայացնում է, թե ինչպես է հարյուր հազարավոր դոլարներ կաշառք տվել պետական պաշտոնյաներին ու դատավորներին, ինչ նպատակով, ինչ է ստացել դրա դիմաց եւ այլն։ Իսկ ինչո՞ւ է այդպես։

Որովհետեւ Հայաստանի իշխանություններն իրենք են որոշում` որ դեպքերում պայքարել կոռուպցիայի դեմ, եւ որ դեպքերում իրենց «շլանգի տեղ դնել»։ Ընդ որում` այդ որոշումները հենց այնպես չեն կայացվում. կոռուպցիան էլ է լինում «ճիշտ» եւ «սխալ»։

 Օրինակ` «Վիզկոն» ընկերության դեպքում ամեն ինչ «ճիշտ» էր։ Մարդը տեղը տեղին բոլորի բաժին կաշառքը տվել է. քաղաքապետին` առանձին, մարդկանց տներից վտարելու որոշումներ կայացնող դատավորներին` առանձին, գործն էլ մշտապես գտնվել է նախագահականի «կանտրոլի տակ»։ Որպես ի՞նչ պիտի հիմա իրավապահները քչփորեն գործը։ Իսկ ահա Կոտայքի փոխմարզպետի արածը «սխալ» կոռուպցիա էր։ Նախ` «մելըչնիկություն» էր, երկրորդ` համարյա պետականության հիմքերն էր խարխլում։ Դպրոցների տնօրեններն այդքան իրենց կոտորում են, ընտրությունների ժամանակ իշխանությունների համար ձայներ են ապահովում, իսկ «անաղուհաց» փոխմարզպետը բռնում ու 40 հազար դրամ կաշառք է վերցնում նրանցից։ Հեչ չի մտածում, որ հաջորդ ընտրությունների ժամանակ «մուռ կպահեն», այսինքն` գործում է անձամբ Սերժ Սարգսյանի դեմ։ Հասկանալի է, որ իրավապահները պիտի «օրորոցում խեղդեն» բացահայտ սաբոտաժի այդօրինակ դրսեւորումները։ Կամ, ասենք, վերցնենք Մարգար Օհանյանի դեպքը։ Մարդը «սխալ» կոռուպցիայով էր զբաղված` տեղում բռնվեց։ Կոպիտ ասած` նա պետությունից բենզին էր ստացել, բայց պետավտոտեսուչներին բաժանելու փոխարեն յուրացրել էր։ Դա խայտառակություն է։ «Ճիշտն» այն կլիներ, որ թուղթ ստորագրեր, թե պետությունից, օրինակ, 1000 տոննա բենզին է ստացել, բայց իրականում 500 տոննա ստանար ու դրանի՛ց վերցներ իր փայը։ Այդ դեպքում ամեն ինչ ճիշտ կլիներ. նրան ոչ մեկը ձեռք չէր տա։

Ամբողջ խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն իր կառավարման տասը տարիների ընթացքում գրեթե կատարելության էր հասցրել կոռուպցիոն համակարգը։ Վերահսկվում էր բառացիորեն ամեն ինչ` Երեւանում վաճառված յուրաքանչյուր քառակուսի մետր հողից, վաճառված յուրաքանչյուր հանքավայրից, տրամադրված լիցենզիայից, շահած տենդերից, բյուջետային հատկացումից որոշակի տոկոս պարտադիր բարձրանում էր մինչեւ վերջ, եւ այդ իրավիճակում «սխալ» կոռուպցիան գրեթե բացառված էր։ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո, սակայն, համակարգը ցնցվեց, եւ շատերը փորձեցին ինքնուրույնություն դրսեւորել ու այլեւս վերեւներին բաժին չհանել։ Հիմա Սերժ Սարգսյանն ըստ էության այդ երեւույթի դեմ է պայքարում։ Պարզ ասած` պետությունից գողանալը դատապարտելի չէ, «շեֆից» թաքո՛ւն գողանալն է դատապարտելի, որովհետեւ դա նշանակում է «շեֆից» գողանալ։ Տեսեք` մի երկրում, որտեղ աղքատության մակարդակն առանձնապես չի տարբերվում աֆրիկյան երկրների ցուցանիշներից, պաշտոնապես միլիոնատերեր են ե՛ւ վարչապետն ու նախարարները, ե՛ւ պատգամավորներն ու մարզպետները։ Եվ նրանցից ոչ մեկն իր միլիոնները հայտարարագրելու պրոբլեմ չունի։ Ինչո՞ւ։ Որովհետեւ «շեֆը» տեղյակ է, եւ կարեւորը դա է։ Իրենք էլ իրենց հերթին են տեղյակ, թե ինչքան ունի «շեֆը», եւ որտեղից է առաջացել այդ կարողությունը։ Հիշում եք, չէ՞, հայտնի անեկդոտը, որտեղ գյուղի քահանան հրաժարվում է ընդունել մարմնավաճառողուհու նվիրատվությունը, գյուղացիներն էլ ասում են` «տեր հայր, հանգիստ վերցրու, դրանք մե՛ր փողերն են»։ Այնպես որ` փոքր երկիր է, իրարից թաքցնելու բան չկա։ Ով էլ փորձում է թաքցնել` բռնում ու տեղում «պայքարում են կոռուպցիայի դեմ»։ Ընդ որում` պայքարում են հնարավորինս հրապարակավ եւ դաժանաբար։ Որպեսզի դեպի վերեւ հոսող տոկոսադրույքները բարձրանան։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30