Բալասանյանը նշել է, որ իր նախընտրական շտաբի կողմից անցկացված սոցհարցումները, ինչպես նաեւ հանդիպումների ընթացքում ժողովրդի տրամադրությունը եւ արտահայտած աջակցությունը վկայում են, որ իր հաղթանակին հասնելն ամբողջովին իրական է։ «Սա ստեղծում է մի նոր իրավիճակ, արդիական է դառնում իշխանության սահուն, առանց ցնցումների փոխանցման հարցը։ Այն իշխանություններից եւ իշխանամետ ուժերից պահանջում է մեծ պատասխանատվություն եւ իրական հայրենասիրության դրսեւորում։ Իշխանությունների կողմից ընտրակեղծիքները կհամարվեն դավաճանություն եւ ժողովրդի կամքի դեմ բռնացում, որն անհետեւանք չի մնա։ Զանգվածային ընտրախախտումները մենք համարելու ենք իշխանությունների կողմից ներքին կայունության դեմ ուղղված քայլ։ Նման սցենարի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է գործող նախագահի եւ նրա թիմակիցների վրա»,- նշել է Բալասանյանը։
Նա հավելել է, որ այդ իրավիճակում առանցքային նշանակություն ունի բոլոր մակարդակի ընտրական հանձնաժողովների անդամների դերը եւ նրանց քաղաքացիական դիրքորոշումը, եւ դիմելով նրանց ասել է, որ վերջիններիս պատմական հնարավորություն է տրված ապահովել ազատ, առանց կեղծիքների ընտրություն` ապահովելու համար Արցախի զարգացումն ու հզորացումը։