30.03.2017 22:43 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քաղաքական պայքար չկա

Քաղաքակիրթ հասարակություն ունենալու վերջին շանսը

Քաղաքակիրթ հասարակություն ունենալու վերջին շանսը

Եվ այսպես, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը գործնականում ավարտված է, եւ ուժերի դասավորությունը մոտավորապես հայտնի է։ Առնվազն առաջին եւ երկրորդ տեղերի առումով։ Ընդ որում` սահմանադրական փոփոխություններից հետո այս ընտրություններն ըստ էության նախագահական ընտրություններ են, որովհետեւ դրանց արդյունքներով է որոշվելու պետության առաջին դեմքը։

Եվ ահա արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ տեղի են ունենում «նախագահական» ընտրություններ, որտեղ ընդդիմությունն ընդհանրապես հաղթելու շանս չունի` անգամ տեսականորեն։ Այսինքն` պայքարն ընթանում է ոչ թե իշխանությունների եւ ընդդիմության, այլ իշխանական ուժի եւ դրա երկվորյակ այլընտրանքի միջեւ։ Ավելին` մեծ հաշվով, տարբերություն չկա, թե այդ ուժերից որը կհաղթի։

Նման իրավիճակ իսկապես երբեւէ չէր եղել։ Ոչ 1996-ին, ոչ 1998-ին, ոչ 2003-ին, ոչ 2008-ին, ոչ 2013-ին։ Իսկ հիմա ընդդիմության հաղթանակի հարցն ընդհանրապես օրակարգից դուրս է եկել։ Այսինքն` տեղի է ունեցել այն, ինչի մասին զգուշացնում էինք ե՛ւ 2003-ի, ե՛ւ 2008-ի, ե՛ւ 2013-ի ընտրություններից առաջ։ Բոլոր այդ ընտրությունների նախօրեին ասում էինք, որ տվյալ ընտրությունը երկրում իրավիճակ փոխելու հազվագյուտ շանս է, եթե դրանից չօգտվենք` հետեւանքները ծանր են լինելու։ Ու միշտ գտնվում էին մարդիկ, ովքեր ձեռները թափ էին տալիս` «տո լավ, ի՞նչ եք ժողովրդին վախեցնում, ոչ մի բան էլ չի լինի»։

Այդպես 2003-ին Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ «տոկոս խփեց», վերընտրվեց նախագահի պաշտոնում, ու բառացիորեն հաջորդ օրվանից սկսվեց դրամի արժեւորումը։ Դոլարի փոխարժեքը 600-ից իջավ համարյա 300-ի, մի քանի տարում օլիգարխները տասնապատկեցին իրենց հարստությունը, իսկ երկրի ռազմավարական ձեռնարկություններն ու ենթակառուցվածքները դարձան օտարների սեփականությունը։

2008-ի ընտրությունների նախօրեին զգուշացնում էինք, որ եթե այս անգամ եւս չհաջողվի ձերբազատվել հանցավոր կլանից` առնվազն եւս տասը տարով երկարաձգվելու է այս մղձավանջը։ Նաեւ կեղծ ընդդիմությունից էինք զգուշացնում, ասում էինք` դրանց խոսքերին մի հավատացեք, դրանք ժողովրդին խաբում են, որ այդ ձայները փոխանակեն պորտֆելների հետ։ Այդպես էլ եղավ։ Սերժ Սարգսյանը «տոկոս խփեց», տասը զոհերի արյան վրայով դարձավ նախագահ, ու արդեն մի տարի անց Հայաստանում 14,5 տոկոսանոց տնտեսական անկում արձանագրվեց, պետական պարտքը եռապատկվեց, ու արտագաղթի նոր ալիք սկսվեց։ 2013-ի ընտրություններից առաջ էլ էինք զգուշացնում` ում ուզում եք ընտրեք, բացի Սերժ Սարգսյանից։ Բայց էլի գտնվեցին մարդիկ, ովքեր գերադասեցին ընտրակաշառքը` իրենք իրենց հույս տալով, թե «դե լավ, ջանդամը, գոնե ինչ-որ կայունություն ապահովում ա»։ Իսկ նա էլի «տոկոս խփեց» ու անմիջապես փոխեց Սահմանադրությունը` հայտնի անեկդոտի նման իր համար «վեչնի կայֆ» ապահովելով, ընդ որում` դա արեց բացահայտ խաբեությամբ (ձեւացնելով, թե իբր անձամբ ինքը դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին)։ Իսկ ահա կայունությունը, պարզվեց, փուչիկ էր։ Տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, որտեղ հարյուրից ավել զոհեր ունեցանք եւ դիրքեր կորցրեցինք։

Մի խոսքով` այնպես չէ, որ ամեն անգամ իշխանությունները «տոկոս են խփել», բայց փառք Աստծո, աղետ չի եղել, ու բոլորս սաղ-սալամաթ ենք։ Հակառակը` աղետները շարունակական են եղել, ու փաստորեն հիմա եկել-հասել ենք մի կետի, որ այս ընթացքը կարող է անշրջելի դառնալ։ Որովհետեւ եթե «քաղաքական պայքարը» ՀՀԿ-ի ու Ծառուկյան դաշինքի միջեւ է, նշանակում է` քաղաքական պայքար պարզապես չկա։

Հնարավո՞ր է արդյոք «ջնջել, նորից սկսել»։ Տեսականորեն հնարավոր է։ Դրա համար ընդամենը անհրաժեշտ է, որ հաջորդ խորհրդարանում նաեւ քաղաքական ուժեր լինեն։ Հակառակ դեպքում նորից սկսելու շանս չի լինի։ Իսկ քաղաքական ուժերին ոչ քաղաքականից տարբերելը շատ հեշտ է` քաղաքական ուժերը նրանք են, որոնք ընտրակաշառք չեն բաժանում, մարդկանց չեն ճնշում ու ադմինիստրատիվ լծակներ չեն կիրառում։

Քաղաքակիրթ հասարակություններն, ի դեպ, սովորաբար հենց այդպիսի ուժերին են տալիս իրենց ձայնը։ Թե ինչպես կլինի Հայաստանում` ապրիլի 3-ին կերեւա։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30