09.03.2018 07:45 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Սերժի մեդալը

Խրախուսված հիմարություն

Խրախուսված հիմարություն

Դիանա Գրիգորյանին անձամբ Սերժ Սարգսյանն է մեդալ շնորհել ի նշան այն բանի, որ ապրե'ս, աղջիկ ջան, շատ լավ ես աշխատում։ Իսկ Դիանան, իրոք, լավ է աշխատել։ Սկզբից մինչեւ վերջ։

Նախ Դիանան միշտ եղել է այն թիրախը, որ ցանկացած պահի իր վրա է վերցրել քաղաքական-հասարակական աղմուկի վերջին հարվածը` մեղմելով դրանից առաջ պատահած հերթական սկանդալի շուրջ հասունացող փոթորիկը։ Երկրում թանկացումներ են, մարդիկ քաղցած են ու բորբոքված, ամեն ինչ կարող է պատահել` ընդհուպ ինքնակազմակերպված հեղափոխության փորձ։ Բայց բավական է բորբոքված ալիքը շրջել հեռուստասերիալների վրա, եւ հասարակական ողջ զայրույթն ուղղվում է Դիանա Գրիգորյանին` մոռանալով այդ սերիալներում խաղացող դերասաններին եւ վերջապես հեռուստաընկերությանը, որը պատվիրում ու ցուցադրում է այդ արտադրանքը։ Պետք է նկատել, որ աղջիկը պատվով է տարել բոլոր տեսակի գրոհները` ոչ մի անգամ ձեռքը չդողացնելով եւ ոչ մի միլիմետր իր քարոզչական նյութից չշեղվելով։ Նման դեպքերում մարդիկ ընկճվում են, դեպրեսիա է լինում, տեւական ժամանակ չեն կարողանում տող անգամ գրել։ Իսկ Դիանան միշտ մնաց անսասան։

Այսօր էլ Դիանան իր վրա է վերցրել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի շուրջ հասունացող սկանդալի պայթյունը` մոռացության տալով բոլորին հուզող հարցը` ինչու Լեւոն Ալթունյանը մոռացավ ծխելու տուգանքի թեման, կտրուկ անցում կատարեց դեղերի ազատ վաճառքի սահմանափակմանը, եւ միայն մեծ քանակությամբ դեղեր իրացնելուց հետո ետ պտտեց որոշումը։ Սա ինչ խաղ էր` այդպես էլ ստույգ չենք իմանա, քանի որ օրակարգում դարձյալ հայտնվեց Դիանա Գրիգորյանն իր ստացած մեդալով։  

Արդար լինենք` եթե մեդալի արժանացել է Արմենչիկը, ապա ինչով է պակաս Դիանան։ Մանավանդ որ գնահատողը Սերժ Սարգսյանն է։ Չէ որ աղջիկն արդեն մեկ տասնամյակից ավելի հիմարություն է քարոզում։ Իսկ դա, փաստորեն, դուր է գալիս Սերժ Սարգսյանին։ Ավելին, դա Սերժ Սարգսյանի մասին է։ Եվ սա է ամբողջ հարցը։

Կոչումներն ու մեդալները վաղուց պետական գնահատանքի նշան չեն։ Դրանք դեռեւս Ռոբերտ Քոչարյանի օրոք այլ նշանականություն են կրում։ Եվ բոլոր այն գործիչները, որ իրենց ողջ կյանքի ընթացքում հիմարություն չեն քարոզել, բայց արժանանալով Սերժ Սարգսյանի շնորհած մեդալին կամ կոչմանը` չեն հրաժարվել դրանից, կամա թե ակամա միացել են հիմարության քարոզի խրախուսման խրախճանքին։

Չի եղել մեդալի ու կոչումի մի շնորհում, որ չշարժի հասարակական զայրույթը։ Եվ զայրույթն այն մասին չէր, թե մեր թանկագին խաթեր համար հրաժարվեք մեդալից ու կոչումից։ Ճիշտ հակառակը` ձեր թանկագին խաթեր համար մի' միացեք հիմարության քարոզին։ Բայց եթե Արմենչիկից առաջ եւ նրա հետ կոչում ստացողները դեմ չեն եղել խաղի կանոններին, ուրեմն Դիանա Գրիգորյանից առաջ եւ նրա հետ  ստացողները նույնպես համաձայն են հավասարապես` մեկ գծով կանգնելու դասալքման եւ հավաքականության քայքայման շարքում։ 

Արդար չենք Լեւոն Խեչոյանի հիշատակի առաջ` նրա անունը հիշատակելով այս անունների կողքին։ Բայց նա միակն էր, որ հրաժարվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալից` իր որոշումը հիմնավորելով երկրի վիճակով, արտագաղթով, իր ազատամարտիկ ընկերների ստորացուցիչ կյանքով։ Իհարկե, միայն այս պատճառները բավական են մեդալից հրաժարվելու համար։ Բայց հարցը միայն սա չէ. Լեւոն Խեչոյանը հաղթեց բիրտ ուժին եւ իշխանությանը մի դաշտում, ուր նրանք զերծ են օրինական պատասխանատվությունից։ Նա միակն էր, որ կարողացավ դա անել այնպիսի նուրբ ու դժվարին ակտում, երբ քեզ «գնահատում են», իսկ դու հրաժարվում ես լինել նրա «գնահատվածը»։    

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30