18.05.2018 06:26 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մարտի են ելել փողն ու կոմպրոմատը

Ռեւանշի է ձգտում ոչ թե ՀՀԿ-ն, այլ «նեղ կռուգը»

Ռեւանշի է ձգտում ոչ թե ՀՀԿ-ն, այլ «նեղ կռուգը»

Շատերն են փորձում այս օրերին Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ներկայացնել որպես ներքաղաքական պայքար, բայց դա, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Այնպես չէ, որ ապրիլի սկզբին ընդդիմադիր կուսակցություններից մեկը (տվյալ դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագիրը») պայքար սկսեց իշխող կուսակցության դեմ եւ հաղթեց։

Դա պայքար էր ոչ թե երկու կուսակցությունների, այլ համարյա ամբողջ ժողովրդի եւ իշխանությունը բռնազավթած մարդկանց փոքրաթիվ խմբի միջեւ։ Եվ այն, ինչ տեղի է ունենում այսօր, այդ պայքարի շարունակությունն է ու դարձյալ որեւէ կապ չունի ներքաղաքական գործընթացների հետ։ Որքան էլ այս օրերին քաղաքական ձեւակերպումներ հնչեն («իշխող կուսակցություն», «փոքրամասնության կառավարություն», «ներքաղաքական ճգնաժամ», «քաղաքական ռեւանշի ձգտում» եւ այլն), իրականում խոսքն ընդամենը այն մասին է, որ տարիներ շարունակ իշխանությունը բռնազավթած եւ միլիարդներ կուտակած մարդկանց փոքրաթիվ խումբը (որի մեջ, ի դեպ, ՀՀԿ «քաղաքական թեւի» ներկայացուցիչները» չեն մտնում) փորձում է նորից նստել ժողովրդի վզին։ Իսկ Սերժ Սարգսյանն իր «նեղ կռուգով» ընդամենը փորձում է ՀՀԿ-ն օգտագործել որպես զենք՝ այդ նպատակին հասնելու համար։

Իսկ ինչո՞ւ այս ամենը ներքաղաքական պայքար անվանել չի կարելի։ Տեսեք. ենթադրենք՝ հասարակական որոշ խմբերի ակնկալիքները չարդարացան, նոր կառավարությունը չցանկացավ կամ չկարողացավ, ասենք, երեք աշխատանքային օրվա ընթացքում բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները կամ «ջրել» քաղաքացիների վարկերը, ՀՀԿ-ական լրատվամիջոցներն էլ կողքից աղմուկ բարձրացրեցին, եւ հասարակությունը հիասթափվեց նոր կառավարությունից։ Եվ ի՞նչ, դրանից ՀՀԿ-ի վարկանիշը բարձրանալո՞ւ է, Սերժ Սարգսյանն ավելի ժողովրդավա՞ր է դառնալու, Գալուստ Սահակյանն ավելի խելացի՞ մտքեր է հայտնելու, թե՞ Սաշիկ Սարգսյանն է դառնալու սեփականության անձեռնմխելիության երաշխավոր։ Հասկանալի է, չէ՞, որ ՀՀԿ-ն որպես քաղաքական միավոր մեռած է, եւ տեսանելի ապագայում այդ կուսակցության վարկանիշը «պլինտուսի» մակարդակից չի բարձրանալու։ Հետեւաբար՝ ռեւանշի կարող է ձգտել միայն Սերժ Սարգսյանի «նեղ կռուգը», իսկ դա մեծագույն ցանկության դեպքում անգամ քաղաքական գործընթաց չես անվանի։ Ուրիշ բան, որ այդ «նեղ կռուգն» իրականում իր շոշափուկները տարածել է երկրով մեկ (կրիմինալ, օլիգարխիկ համակարգ, վերին եւ միջին օղակների կոռումպացված չինովնիկներ, տեղական ֆեոդալներ եւ այլն) եւ դրանց միջոցով շարունակում է վերահսկել երկիրը, բայց նրանք քաղաքական գործընթացների հետ կապ չունեն։

Դիմադրելո՞ւ է արդյոք «նեղ կռուգը»։ Իհարկե. աշխարհի որեւէ երկրում որեւէ մեկը իշխանական լծակներն ու փողը հենց այնպես չի հանձնում։ Ընդ որում՝ դիմադրելու է ոչ թե բացահայտորեն, այլ շոշափուկների միջոցով։ Ավելին՝ այդ շոշափուկների մեջ կգտնվեն նաեւ այնպիսիք, ովքեր կդիմադրեն սեփական կամքին հակառակ. ստիպված կլինեն այդպես վարվել, որովհետեւ «նեղ կռուգը» նրանց վրա հսկայածավալ կոմպրոմատներ ունի։ Մարտի 1-ին էլ էր այդպես՝ շատերը պատմում էին, որ ցուցարարների դեմ դուրս բերված ոստիկանների թիկունքում ինչ-որ անհայտ ստորաբաժանումներ կային, որոնք հետեւից կրակում էին այն ոստիկանների ոտքերին, ովքեր հրաժարվում էին հարձակվել սեփական ժողովրդի վրա։ Ըստ երեւույթին այս մեխանիզմը գործում է նաեւ հիմա, դրա համար էլ ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը շարունակում է համարյա «կուռ թիմ» մնալ, դրա համար էլ գլխավոր դատախազն ու Երեւանի քաղաքապետը համառորեն հրաժարական չեն տալիս (իսկ հանրապետական այլ պաշտոնյաներ, հակառակը, «սրտի անհուն կսկիծով» հրաժարականի դիմումներ են գրում),  եւ այլն։ Հակառակ դեպքում թիկունքից «ոտներին կկրակեն»։

Ամեն դեպքում՝ նոր կառավարությունից դժգոհները կամ հիասթափվածները պիտի գիտակցեն, որ արդյունքում ոչ թե ՀՀԿ-ն է վերադառնալու՝ որպես քաղաքական թիմ, այլ Սերժ Սարգսյանի «նեղ կռուգը», որն այդ ՀՀԿ-ին օգտագործում է որպես զենք սեփական ժողովրդի դեմ։ Իսկ դա կտրուկ փոխում է «ներքաղաքական պայքարի» անվան տակ տեղի ունեցող պրոցեսների էությունը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30