22.09.2017 10:52 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ներդրումների հիմնական խոչընդոտը

Սերժ Սարգսյանի ձախողված շոուն

Համահայկական 6-րդ համաժողովը սպասվածից ավելի բուռն ընթացք ունեցավ եւ միանգամից բացահայտեց բոլոր այն պրոբլեմները, որոնք առկա են ոչ միայն Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, այլեւ Հայաստանի ներսում։ Խնդիրն, իհարկե, սուր ելույթները չէին՝ դրանցով Հայաստանում վաղուց արդեն որեւէ մեկին չես զարմացնի (թեեւ սովորաբար զուսպ սփյուռքահայերի կողմից այս անգամ «դոզան» մի քիչ շատ էր)։ Խնդիրը հետեւյալն էր՝ ի՞նչ է ակնկալում Սփյուռքը Հայաստանից, եւ ի՞նչ են ակնկալում Հայաստանի իշխանությունները Սփյուռքից։

Ավանդական Սփյուռքը ցանկանում է, որ «Հայրենիքը հզոր ըլլա», «միացյալ ըլլա», իրենք էլ հպարտանան դրանով։ Ու անգամ պատրաստ է որոշ չափով նյութապես նպաստել այդ տեսլականի իրականացմանը։ Հայաստանի իշխանությունները Սփյուռքից ակնկալում են փող, ընդ որում՝ շա՛տ փող, տասնապատիկ ու հարյուրապատիկ ավելի շատ, քան ներկայիս ծավալներն են։ Ընդ որում՝ երկու կողմերի պահանջներն էլ միանգամայն արդարացված են։ Հզոր ու միասնական հայրենիք ունենալն իսկապես լավ բան է, բայց դրա համար հսկայական գումարներ են պետք։

Բայց տեսեք, թե գործնականում ինչ է տեղի ունենում։ Հայաստանը գտնվում է փաստացի պատերազմի մեջ ու միաժամանակ բնակչության ներհոսք է ակնկալում (որպեսզի 2040 թվականին ունենանք 4 միլիոնանոց Հայաստան)։ Պատմության ընթացքում միայն մի անգամ է նման բան եղել՝ Իսրայելը կարողացել է «հարատեւ կռվի» մեջ գտնվելով միաժամանակ բնակչության ներհոսք ապահովել։ Բայց Իսրայելը ներգաղթյալներին ապահովում էր ամեն ինչով՝ հողով, սոցիալական ու ֆիզիկական պաշտպանվածությամբ, ամեն ընտանիքին էլ մոտ 100 հազար դոլարի միանվագ աջակցություն էր ցուցաբերում։ Պարզ ասած՝ հսկայական գումարներ էր ծախսում ներգաղթի վրա։ Իսկ Հայաստանի իշխանությունները, հակառակը, ներգաղթն ընկալում են որպես հավելյալ եկամտի աղբյուր։ Այդպես էլ ասում են՝ եկեք Հայաստանում ապրեք ու ներդրումներ արեք։ Նման ձեւով ներգաղթ չեն կազմակերպում։ Ուրիշ բան, եթե հստակ խնդիր ձեւակերպվի. ուզում ենք բնակեցնել ազատագրված տարածքներն ու Հայաստանի սահմանամերձ շրջանները, մեկ ընտանիքի վերաբնակեցման արժեքն էլ 100 հազար դոլար է, կունենանք մեկ միլիարդ դոլար՝ կունենանք 10 հազար ընտանիք, կունենանք 5 միլիարդ՝ կունենանք 50 հազար ընտանիք։ Սա է, ուրիշ ձեւ չկա։ Կամ էլ՝ պիտի վերջնական ու կայուն խաղաղություն հաստատվի (առանց «Միացեալ Հայաստանի տեսլականի»), ու այդ դեպքում մարդիկ իրենք կվերադառնան։

Բայց այս դեպքում էլ մեջտեղ է գալիս Հայաստանի իշխանությունների նկատմամբ վստահության հարցը։ Վերցնենք թեկուզ ներդրումների խնդիրը։ Սփյուռքահայերը Հայաստանի իշխանություններին չեն վստահում՝ դա հասկանալի է, բայց չէ՞ որ Հայաստանի ժողովուրդը նույնպես չի վստահում։ Վերջին հաշվով՝ Հայաստանում փողի պակաս չկա, հակառակը՝ փողի ավելցուկ կա (ամենահամեստ հաշվարկներով, մարդկանց «բարձի տակ» առնվազն 3-4 միլիարդ դոլարի չափ գումար կա, եւ այդ գումարը մարդիկ ոչ միայն որեւէ գործի մեջ չեն դնում, այլեւ անգամ բանկերի՛ն չեն վստահում)։ Իսկ 3-4 միլիարդ դոլարով Հայաստանում իսկապես կարելի էր վիթխարի ծրագրեր իրականացնել։ Սփյուռքն էլ իր հերթին տեսնում է, որ Հայաստանի ժողովուրդը խուսափում է ներդրումներ անելուց, տեսնում է, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենք իրենց միլիարդները դուրս են բերում երկրից, ու բնականաբար՝ լուրջ ներդրումային ծրագրեր չի իրականացնում։ Արդյունքում՝ համահայկական համաժողովներն ի վերջո վերածվում են հայրենասիրության մեջլիսի, որտեղ թեժ մրցակցություն է ընթանում «ամենեն հայրենասեր հայու» տիտղոսի համար, եւ որտեղ Սերժ Սարգսյանն ամեն անգամ հաջողացնում է որեւէ անիրականանալի տեսլական մոգոնել՝ 4 միլիոն բնակիչ, 14 միլիոն կաղամախի, 140 միլիոն հեկտարանոց հայրենիք, 40 միլիարդանոց բյուջե...

Բայց ամեն անգամ նման համաժողովներն ի վերջո հստակ ցույց են տալիս մի բան՝ խնդիրները կան, լուծման ձեւերը կան, պոտենցիալը կա, ցանկությունը կա, ու գոյություն ունի միայն մի էական խոչընդոտ՝ ապաշնորհ իշխանություններն ու նրանց նկատմամբ հասարակության անվստահությունը։ Այսինքն՝ ցանկացած նման համաժողովի կարեւորագույն արձանագրումը լինում է իշխանափոխության անհրաժեշտության գիտակցումը։ Անկախ նրանից՝ արձանագրվո՞ւմ է դա «ամփոփիչ փաստաթղթերուն մեջ», թե ոչ։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30