15.06.2012 00:54 Լ. Ասատրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Գործեք ինքնուրույն

Ընդդիմության թեկնածուն

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ հայտարարեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ապագա նախագահական ընտրություններում իր թեկնածության հարցը կորոշի ավելի ուշ, այսինքն` ժամանակին։

Ամենայն հավանականությամբ, օրինաչափ է, որ ԱԺ ընտրություններից անմիջապես հետո հայ քաղաքական կյանքի թիվ մեկ խնդիրը նախագահացուների անունները ճշտելն է։ Եվ եթե իշխանության թեկնածուն միակ եւ անփոխարինելի Սերժիկ Սարգսյանն է, ապա ընդդիմության հարցն առայժմ լուծված չէ։ Շատերը փորձեցին, առաջ ընկնելով, խորհուրդներ տալ Առաջին նախագահին։ Այդ խորհուրդների մոտիվը, իհարկե, պարզ էր։ Ոմանց շատ է պետք, որ Տեր-Պետրոսյանը չդառնա ընդդիմության թեկնածուն։ Պետք է, որպեսզի Սերժ Սարգսյանի ճանապարհը հարթ ու կանաչ լինի։ Համենայն դեպս, նրանց թվում է, որ իշխանության խաղաղ կյանքին խանգարում է միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը։ «Մյուս ընդդիմադիրները» իշխանահաճներից հետ չեն մնում։ Նրանք, ըստ էության, ուժեղ թեկնածու չունեն եւ չեն էլ ունենա մինչեւ 2013 թվականի փետրվարը։ Նրանց հույս ու հավատը ծոմապահ Րաֆֆին է։ Դժվար թե չիմանան իրենց լիդերի իրական վարկանիշի մասին, բայց ձեւացնում են, որ «երիտասարդ» Ր. Հովհաննիսյանին  խանգարում են։ Իսկ խանգարում են, իրենց ասելով, ՀՀ երեք նախագահները։ Սա էլ յուրատեսակ մեղմասություն է, որովհետեւ իրականում «մյուս ընդդիմադիրները» նկատի ունեն ՀՀ առաջին նախագահին։

Անշուշտ, ընդդիմության խնդիրն այնքան էլ դյուրին չէ։ Անշուշտ, ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ նախագահականի ժամանակ կիրառվելու է նույն զենքը`ամենազոր փողը։ Եվ եթե Սերժիկ Սարգսյանը չունենա խարիզմատիկ հակառակորդ, ապա հեշտ ու հանգիստ կպահպանի մարտի մեկի միջոցով զավթած աթոռը։ Նրան կհաջողվի նաեւ ստեղծել լեգիտիմության շղարշ։ Բայց...

Ես չեմ ուզում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրի իր թեկնածությունը։ Չեմ ուզում, որովհետեւ ՀՀ հիմնադիր նախագահը իշխանությունը բռնությամբ նվաճածի հակառակորդ լինել չի կարող։ Ընդդիմությունն էլ իր հերթին հույսը միայն Տեր- Պետրոսյանի վրա դնելու իրավունք չուներ։ Խարիզմատիկ առաջնորդը հաճախ փրկօղակ է դառնում այն մարդկանց համար, ովքեր դժվար պայմաններում ինքնուրույն գործելու ընդունակ չեն։ Ահա՛ այդ մարդիկ 2007 թվականից կառչեցին Հայ ազգային կոնգրեսի առաջնորդից, իսկ հետո զանազան պատրվակներ գտան իբր ինքնուրույնանալու համար։ Սխալ ձեւակերպեցի։ Ոչ թե զանազան պատրվակներ գտան, այլ մեկը` Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Համոզված եմ` եթե իշխանափոխությունը կատարված փաստ լիներ` «հեռացողները»  կխմբվեին Նախագահի շուրջը` պաշտոններ ստանալու ակնկալիքով։ Մի ուրիշ երգ էլ կա` աշխարհաքաղաքականը։ Իբր Կոնգրեսը ռուսամետ է, իրենք` արեւմտամետ։ Սակայն ամենաարեւմտամետառուսամետը մեր երկրում եղել եւ մնում է իշխանությունը։ Իշխանությունն է ձգտում սիրուն երեւալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի աչքին։ Նույն Արեւմուտքը Հիլարի Քլինթոնի միջոցով Սերժիկ Սարգսյանին հռչակեց փայլուն առաջնորդ։ Էլ ո՞ւմ են ընդդիմանալու մեր արեւմտամետները։ Ռուսաստանն ատամներով կպաշտպանի (եւ պաշտպանել է) իրեն շատ նման ռեժիմի շահերը` վախենալով ֆորպոստի անկախանալուց։ Ո՛չ, պարոնա՛յք, աշխարհաքաղաքականը ձեր մանր-մունր հաշիվներին մի՛ խառնեք։ Պատճառները որոնե՛ք բոլորովին այլ հարթության վրա։

Վերադառնանք ընդդիմության կողմից առաջադրվելիք թեկնածուին։ Ամենալավ լուծումը կլիներ նոր, երիտասարդ լիդերի ասպարեզ գալը։ Գիտեմ` կառարկեք` ասելով, որ նոր լիդերի համար ժամանակը շատ քիչ է։ Բայց, այնուամենայնիվ, ժամանակ կա։ Նոր, ուժեղ, հասարակության աջակցությանն արժանի անհատներ Կոնգրեսում հաստատ կան։ Մինչեւ փետրվար հնարավոր է նրանց ճանաչելի եւ օրինակարգ դարձնել։ Այստեղ ցանկություն եւ համարձակություն է պետք։ Ինչպես նաեւ որոշումներ ընդունելու պատասխանատվություն։ Պարզ է` նոր լիդերը հին աղվեսի հետ մրցակցելու փորձ առայժմ չունի։ Իսկ գուցեեւ այդ փորձը պետք չէ։ Պետք են ոչ ստանդարտ լուծումներ` ստանդարտ իրավիճակներում կողմնորոշվելու համար։ Հիշեցնենք նաեւ Հայ ազգային կոնգրեսի ձեռք բերած մի փոքրիկ առավելության մասին։ Խորհրդարանում հայտնված հրաշալի յոթնյակը կարող է շատ լավ նախադրյալներ ստեղծել ընդդիմության լիդերի հաղթանակի համար։ Կոնգրեսի պատգամավորները, համոզված եմ, քողազերծելու են թե՛ կառավարության, թե՛ պսեւդոընդդիմության բոլոր ծրագրերը։ Ընդդիմությունը պիտի կարողանա ապացուցել մարդկանց, որ ընտրությունների ժամանակ վերցրած «նաղդ» կոպեկների փոխարեն նրանք ունենալու են շատ ավելին, եթե Հայաստանում վերջապես իշխանափոխություն լինի։ Կրկնեմ` դժվար խնդիր է, բայց անլուծելի չէ։

Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան գործ է արել մեր երկրի համար եւ դեռ այնքան է անելու, որ կարիք չկա նրա անվամբ հերթական անգամ քողարկվելու։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31