08.12.2017 13:04 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Էն տասհազարանոցները հիշո՞ւմ եք

Իրական գնաճն ու կեղծ օրակարգը

2018 թ. բյուջեի խորհրդարանական քննարկումները բավականին դիտարժան ստացվեցին, բայց՝ անիմաստ։ Հիմնական լեյտմոտիվն այն էր, որ 2008-ից հետո Հայաստանում աղքատության մակարդակը չի նվազել, իսկ բացարձակ թվով՝ աղքատներն ավելացել են, որ առաջիկայում աննախադեպ թանկացումներ են սպասվում, իսկ թոշակներն ու նպաստները չեն ավելանալու, եւ այլն։

Գերիշխող մոտիվներից էր նաեւ այն, որ ընտրությունների ժամանակ իշխանություններն արդեն 10 հազար դրամով գնել են մարդկանց ձայները ու հիմա ինչ ուզեն՝ կանեն, եւ ընդհանրապես՝ նրանց պետք չէ, որ ժողովուրդը լավ ապրի, որովհետեւ լավ ապրող ժողովրդից հնարավոր չի լինի 10 հազար դրամով ձայն գնել։ Մի խոսքով՝ «Ծառուկյան» դաշինքն ու «Ելքը» բյուջեի նախագծին դեմ են։  

Խորհրդարանական ընդդիմությունն, իհարկե, ինչ ասում է՝ ճիշտ է ասում։ Իշխանություններին իսկապես պետք չէ լավ ապրող ժողովուրդ։ Բայց ցավն այն է, որ ընդդիմությանը նույնպես լավ ապրող ժողովուրդ պետք չէ։ Բարեկեցիկ կյանքով ապրող ժողովուրդն, օրինակ, հաստատ նույն ակտիվությամբ չէր մասնակցի «Ծառուկյան» դաշինքի նախընտրական հանդիպումներին (ակնհայտ է, որ մարդիկ ամենեւին էլ այդ քաղաքական ուժի լիդերների ծրագրային ելույթները լսելու համար չէ, որ իրենց կոտորում էին՝ հարթակին ավելի մոտ գտնվելու համար)։ «Ելք» դաշինքն էլ, վստահաբար, այն հաջողությունը չէր ունենա, եթե մարդիկ լավ ապրեին, որովհետեւ այդ ուժի հիմնական կռվանը սոցիալապես անապահով խավերի «սրտից ջուր խմող» բոցաշունչ ելույթներն են։ Այսինքն՝ ստացվում է, որ խորհրդարանն ու ժողովուրդը բացարձակապես տարբեր հարթություններում են գտնվում ու իրարից կտրված, առանձին գոյություններ են։ Մի կողմում հազիվ գոյատեւող ու առաջիկա թանկացումներից սարսափահար հարյուր հազարավոր մարդիկ են, մյուս կողմում՝ կոկիկ հագնված, 600 հազար դրամ աշխատավարձ ստացող, շուտ-շուտ պետության հաշվին արտասահման գնացող ու ԱԺ ամբիոնից սիրուն-սիրուն ճառեր ասող քաղաքական գործիչները, ովքեր մի հիմնական մտահոգություն ունեն՝ այնպիսի ճառեր ասել, որ հաջորդ ընտրություններից հետո էլ պահպանեն իրենց այսօրվա կարգավիճակը։

Ինչ վերաբերում է թանկացումներին եւ մարդկանց սոցիալական վիճակի անխուսափելի վատթարացմանը, ապա դա կանխելու երկու ճանապարհ կա։ Նախ՝ ջարդել առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրման մենաշնորհները (որպեսզի մրցակցությունը թույլ չտա կամայականորեն բարձրացնել գները), եւ երկրորդ՝ բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները, որպեսզի գնաճի արդյունքում մարդկանց կենսամակարդակը չնվազի։ Առաջինը հնարավոր է միայն ամենաբարձր մակարդակով կայացված քաղաքական որոշման արդյունքում (բայց մենք հիշում ենք, չէ՞, թե ով էր մուննաթ գալիս լրագրողների վրա՝ «բա ուզում եք, որ Հայաստանի նման փոքր երկրում տասը հոգի շաքարավազ ներկրի՞»), իսկ երկրորդի համար անհրաժեշտ է, որ տնտեսությունը դուրս գա ստվերից, եւ բոլորը վճարեն հարկերը (բայց մենք հիշում ենք, չէ՞, թե ովքեր են «ինքնաբուխ» հանրահավաքներ կազմակերպում` հենց որ ՊԵԿ-ը փորձում է ստվեր բացահայտել)։

Այո, Հայաստանում լայն սպառման ապրանքները առնվազն 20-30 տոկոսով ավելի թանկ են, քան հարեւան երկրներում, եւ այդ 20-30 տոկոսը կազմում է տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար։ Հարց է ծագում՝ ի վերջո ո՞ւմ գրպանում է հայտնվում այդ մի քանի հարյուր միլիոնը։ Մի փոքր մասը, բնականաբար, հայտնվում է բյուջեում (դրա համար էլ կառավարությունն առանձնապես դեմ չէ թանկացումներին), բայց մեծ մասն այնուամենայնիվ հայտնվում է օլիգարխների գրպանում։ Օրինակ՝ Սամվել Ալեքսանյանի, Արտակ Սարգսյանի եւ այլ «սուպերմարկետատերերի»։ Իսկ ովքե՞ր են ընտրությունների ժամանակ ամենաշատ ձայները ստացել։ Ճիշտ է, այդ նույն մարդիկ։ Սերժ Սարգսյանին դա մտահոգե՞լ է։ Ոչ, նրան այլ բան է մտահոգել՝ ինչպե՞ս անի, որ նրանց ստացած ձայներն ի վերջո իրենը դառնան։ Եվ ձեւը գտել է՝ «հայտնագործելով» ռեյտինգային ընտրակարգը։ Ու քանի որ մինչ այդ արդեն Սահմանադրությունն էլ էր փոխել՝ հիմա արդեն թքած ունի գնաճի վրա էլ, աղքատության մակարդակի վրա էլ։ Թող այդ մասին խոսեն նրանք, ովքեր այն ժամանակ դա «կեղծ օրակարգ» էին անվանում։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30