19.01.2018 11:10 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Սովետի գործիքներով

«Մեծ եղբոր» լիազորություններն օրինականացվեցին

«Մեծ եղբոր» լիազորություններն օրինականացվեցին

Եվ այսպես, խորհրդարանական մեծամասնությունը ոստիկանության մասին օրենքում կատարված փոփոխությունները հաստատեց, եւ հիմա ոստիկանությունն իրավունք ունի «հանցագործություններ կանխելու նպատակով» տեսանկարահանել ում ցանկանա, երբ ցանկանա եւ որտեղ ցանկանա։ Հասարակության նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելու նպատակով կատարված այս կարեւորագույն քայլը, սակայն, երկրորդ պլան մղվեց՝ իշխանություններին հաջողվեց մարդկանց ուշադրությունը շեղել հաջորդ նախագահի թեկնածության շուրջ բարձրացված անիմաստ աղմուկով։

Մինչդեռ իշխանությունների գործողությունների հետեւողականությունն ու տրամաբանությունն ակնհայտ է։ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանը ԵԱՏՄ մտցնելու «գիշերային որոշումից» հետո արդեն հասկանալի էր, որ նա ցանկանում է երկիրը ռուսական (խորհրդային) կայսրության մաս դարձնել, իսկ դա իր հերթին ենթադրում էր «բարեփոխումների համալիր միջոցառումներ»։ Նախ եւ առաջ՝ վերացնել նախագահի ինստիտուտը, ստեղծել փաստացի միակուսակցական համակարգ եւ այնպես անել, որ երկրի ղեկավարումն իրականացնի «Պոլիտբյուրոն»՝ «Գենսեկի» իմաստուն առաջնորդությամբ (ճիշտ այնպես, ինչպես խորհրդային տարիներին)։ Սերժ Սարգսյանը դա հաջողությամբ իրականացրեց՝ փոխելով Սահմանադրությունը։ Հաջորդ քայլը պիտի լիներ տնտեսական դաշտում «նեխած-փտած իմպերիալիզմի» դեմ պայքարը, ինչը եւ տեղի է ունենում հետեւողականորեն՝ օրենսդրական փոփոխություններով ամեն ինչ արվում է, որ «երրորդ երկրներից» ներկրվող ապրանքները թանկանան, եւ ներքին շուկան հեղեղվի հիմնականում ռուսական եւ բելառուսական անորակ ապրանքներով (Խորհրդային Միությունում մոտավորապես նույն վիճակն էր)։

 Բայց նման կարգի ամբողջատիրական պետությունները չեն կարող երկար գոյատեւել առանց հատուկ ծառայությունների կողմից հասարակության տոտալ վերահսկողության։ Խորհրդային Միությունում այդ գործառույթն իրականացնում էր հանրահայտ ԿԳԲ-ն, որը «ներքին թշնամիների դեմ պայքարի» անվան տակ վերահսկում էր բոլորին եւ ամեն ինչ։ Ուստի ակնհայտ էր, որ վաղ թե ուշ Հայաստանի իրավապահներին նույնպես պիտի այդպիսի լիազորություններ տրվեն։ «Մեծ եղբայրը» պիտի ամեն ինչ տեսնի։ ԱԱԾ-ն երեւի չէր հասցնում բոլորին վերահսկել (դժգոհների թիվը Հայաստանում չափազանց մեծ է), եւ այդ լիազորությունները տրվեցին նաեւ ոստիկանությանը։ Հիմա արդեն «Գենսեկը» ցանկացած պահի կարող է իմանալ, թե ով ինչով է զբաղված, ինչ է մտածում, ում հետ է հանդիպում, եւ այսպես շարունակ։ Ընդ որում՝ խոսքը միայն ընդդիմության մասին չէ, խոսքն առաջին հերթին «Պոլիտբյուրոյի» անդամների մասին է։ Չէ՞ որ տոտալիտար երկրներում իշխանափոխությունները, որպես կանոն, տեղի են ունենում պալատական հեղաշրջումների արդյունքում։

 Բայց ամբողջատիրական երկրների գոյատեւման համար անհրաժեշտ մի պայման էլ կա՝ սահմանները պիտի փակ լինեն։ Հակառակ դեպքում մարդիկ պարզապես կփախչեն, եւ երկիրը կդատարկվի։ Խորհրդային Միությունն, օրինակ, գոյատեւում էր նաեւ «երկաթյա վարագույրի» շնորհիվ, եւ ԿԳԲ-ն էր որոշում, թե ով իրավունք ունի դուրս գալ երկրից, եւ ով՝ ոչ։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի իշխանությունների հաջորդ քայլը հենց սահմանը փակելը կամ առնվազն երկրից դուրս գալը բարդացնելն է լինելու։ «Գաղափարական հենքն» արդեն իսկ ստեղծված է՝ 2040-ին 4 միլիոնանոց Հայաստան ունենալու «տեսլականով», մի քանի շաբաթ առաջ էլ պարզվեց, որ առաջին գործնական քայլերն արված են՝ մինչեւ 27 տարեկան տղամարդկանցից «Զվարթնոց» օդանավակայանում պահանջում են ներկայացնել զինգրքույկը, հակառակ դեպքում թույլ չեն տալիս դուրս գալ երկրից։ Սա նորամուծություն է, ընդամենը մեկ-երկու ամիս առաջ նման բան չկար։ Ու սա դեռ միայն սկիզբն է։

Կարող են առարկել, թե Հայաստանն այնուամենայնիվ ժողովրդավարական երկիր է, եւ բոլոր այս օրենքներն ընդունվում են խորհրդարանում՝ բաց-թափանցիկ քվեարկությամբ։ Բա իհարկե։ Խորհրդային Միությունում էլ էին բոլոր օրենքներն ընդունվում քվեարկությամբ։ Եվ անպայման ուղեկցվում բուռն-երկարատեւ ծափահարություններով։ Իսկ ԿԳԲ-ն հետեւում էր, թե ովքեր էին ոչ այնքան եռանդով ծափահարում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30