13.04.2018 06:24 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պղծումի տեխնոլոգիա

Դեմքերից կախված

Դեմքերից կախված

Երկար ժամանակ կեղծել ու կեղծվելուց հետո ինքնության կորստի հետեւանքները մեղմելու համար մնում է սենյակի պատերից կախել նշաններ, որոնք կհուշեն, թե ով ես դու, որտեղից ես գալիս եւ ուր ես գնում։ Էդիկ Շարմազանովին ամեն օր իր աշխատասենյակում դիմավորում են Սերժ Սարգսյանի, Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Գարեգին Բ-ի եւ Հռոմի պապի լուսանկարները։

Աշոտ Նավասարդյանը հիշեցնում է, թե ում գաղափարը պղծեց Սերժ Սարգսյանը։ Վազգեն Սարգսյանը հիշեցնում է, թե մասնավորապես ինչպես պղծվեց Աշոտ Նավասարդյանի գաղափարը, Գարեգին Բ-ն հիշեցնում է, թե ինչպիսին պետք է լինել իսկական Սերժ Սարգսյան դառնալու համար, Սերժ Սարգսյանը հիշեցնում է, թե ով է կոնկրետ Սերժ Սարգսյանը։ Իսկ թե ինչ գործ ունի այդ մարդկանց հետ Հռոմի պապը, Շարմազանովն ինքն էլ կդժվարանա կոնկրետ պատասխանել։ Բայց աղոտ զգում է, որ նրա լուսանկարը աշխատասենյակից կախելը օգուտ է` գուցե մարսողությանը, գուցե հաջողությանը, գուցե Սերժ Սարգսյանին... Այնքան էլ լավ չգիտի։ Բայց որ օգուտ է` դա հաստատ է։

Ով ինչ անում է, բոլորը ցույց են տալիս Հռոմի պապի նկարը, թե` իսկ նա այդպես չէր անի, իսկ նա այդպես չի անում, մի քիչ սովորեք նրանից, մի քիչ մարդ եղեք։

Իսկ ի՞նչ է արել այդ Հռոմի պապը, որ ինքը չի արել։ Կռացած ոտքե՞ր է լվացել։ Պահ-պահ-պահ։ Ինքը պակա՞ս է կռացել։ Պակա՞ս է ոտքեր լվացել։ 

Ինքը դեռ հեչ։ Կդիմանա։ Բայց որ իր սենյակի հերոս Գարեգին Բ-ին ու Հռոմի պապին են համեմատում, դա արդեն դիմանալու չի։ Ասում են` Հռոմի պապին Լամբորջինի են նվիրել, բռնել է վաճառել ու փողը աղքատներին նվիրել։ Իսկ ահա, Գարեգին Բ-ն սիրահոժար ընդունել է ռուսաստանաբնակ ոսկերիչ եւ գործարար Գարուն Քոչարյանի նվիրած ոսկե գավազանը` «պոչտի 5 կիլո` 4 կիլո 700 գրամ»,- ինչպես ճշգրտեց Գարունը։ Իսկ Գարեգին Բ-ն գավազանի ադամանդներն էր հաշվում` «Մեկ, երկու, երեք, չորս...»։ Ընդամենը չորս անդամանդ։ Պադումայեշ։

Հիմա աչքածակ հոտը կպել է, թե ծայրագույն պատրիարքը թող գավազանը նվիրի աղքատներին։ Այն դեպքում, երբ գավազանի վրա փորագրված է` «Վեհափառ հայրապետին 65-րդ հոբելյանի առթիվ բարերար Գարուն Քոչարյանից»։ Բառացի գրված է։ Իսկ Հռոմի պապին ընծայված Լամբորջինիի վրա ոչինչ փորագրված չէր։ Եվ հետո ոսկե գավազանը պահվելու է Սուրբ Էջմիածնի գանձարանում եւ դառնալու է ազգի հարստությունը։ Բայց աչքածակ հոտը, միեւնույն է, չի հանդարտվում, ասում է, թե ազգը վերջանում է, կոտորվում է, գավազանից մի կտոր տվեք` ապրի։ Թե չէ ազգը որ չլինի, ո՞ւմ Սերժ Սարգսյանը, ո՞ւմ վեհափառը, ո՞ւմ բարերարը կլինեք։ Այսպիսի խայտառակ ու անհարիր հարցադրումներ են բարձրացնում։

Այս պատմության մեղավորը ոչ այնքան Պապն է Հռոմից, որքան Գարունը` Ռուսաստանից։

Գարունը, տեսեք-տեսեք, որոշել էր իր բարի համբավը, իր անուն-ազգանունը թողնել հայոց պատմության անդաստանում։ Գարունին ոչ ոք չի ասել, որ այդ պատմության անդաստանի հեռանկարը պապոչկան իր անուն-ազգանունով այնպես է փակել, որ իր նման հազար գարուն 5 կիլոյանոց գավազանով գան էլ, գնան էլ` դրանից արշալույսն ու վերջալույսը չեն փոխվելու։ Բայց բանից անտեղյակ Գարունն իր ոսկե գավազանով, այնուամենայնիվ, ծայրագույն պատրիարքին տարավ ծայրահեղ փորձության։ Մի փորձիր, որ չփորձվես` ասել է, կարծեմ, հայրը։ Ինչո՞ւ` կարծեմ։ Հաստատ հայրը` Սերժ Ազատիչն է ասել։

Իսկ եթե Գարունը գավազանը բերեր ու սիրուն նվիրեր Սերժ Սարգսյանին, հարցեր չէին առաջանա։ Սերժ Ազատիչը վաստակել է վերջնականապես լինելու իրավունքը։ Իսկ վերջնականապեսը քննարկման ենթակա չէ։ Ուստի, հարկ չկար ձեւականությունների հետեւից ընկնել։ Դրա ժամանակն էլ չկա։ Պատից կախված նկարների հերոսներն ամեն օր Շարմազանովին հուշում են անհուշելին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30