04.11.2016 08:11 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Զարգանում ենք շրջափակման մեջ

20 տարի ձգվող խաբեության ավարտը

20 տարի ձգվող խաբեության ավարտը

Եվ այսպես, կառավարությունը ներկայացրեց 2017թ. բյուջեի նախագիծը, Կարեն Կարապետյանն էլ հայտարարեց, թե իրենք փորձելու են 3,2 տոկոսանոց տնտեսական աճ ապահովել, ինչին հասնելը, սակայն, «բավականին ջանքեր է պահանջելու»։

3,2 տոկոսանոց աճն, իհարկե, բավականին խղճուկ ցուցանիշ է, կարելի է ասել` չեղածի հաշիվ է, ու կառավարությունը չի էլ թաքցնում դա։ Ուղիղ չեն ասում, հիմնական գաղափարը սա է. 2017-ին տնտեսական աճի հույս ունենալ չենք կարող, լավագույն դեպքում պիտի «պլատֆորմ ապահովենք»` որ հաջորդ տարիներին աճենք։ Կարեն Կարապետյանն, ի դեպ, ստեղծված ծանր իրավիճակի պատճառներն էլ է նշում. Ռուսաստանում վիճակը վատ է, եւ տրանսֆերտները նվազում են, գունավոր մետաղների (պղնձի) միջազգային գները նվազում են, 2017-ն էլ ընտրական տարի է, ինչը տնտեսության աշխուժացմանը չի նպաստում։ Մի խոսքով` Կարեն Կարապետյանը գիտի, թե ինչն է խանգարում վատ պարողին, դրա համար էլ երեք այնպիսի պատճառներ է բերում, որոնցից ոչ մեկի համար կառավարությունը պատասխանատու չէ։

Բայց գլոբալ առումով խնդիրն, իհարկե, այս պատճառաբանությունները չեն, որովհետեւ սրանից մի քանի տարի առաջ, երբ Ռուսաստանը լող էր տալիս նավթադոլարների մեջ, ու պղինձն էլ միջազգային շուկայում թանկ էր, Հայաստանի տնտեսությունը չէր առողջանում։ Հակառակը` հիվանդությունն ավելի էր խորանում։ Եվ ընդհանրապես` ժամանակն է, որ հասարակությունը ավելի խորությամբ պատկերացնի, թե ինչ է կատարվում Հայաստանի հետ, ասենք, վերջին 20 տարիներին։

Հենց 20 տարի առաջ էլ, երբ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման իրական հնարավորություն կար (կամ` գոնե թվում էր, թե կա), Հայաստանի քաղաքական վերնախավում լուրջ քննարկումներ սկսվեցին. կարո՞ղ է արդյոք Հայաստանի տնտեսությունը նորմալ զարգանալ չկարգավորված հակամարտության եւ շրջափակման պայմաններում, թե՞ դա փակուղի է, որում հայտնվելու ենք վաղ թե ուշ։ Հաղթեց այն տեսակետը, ըստ որի` «Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կարող է զարգանալ շրջափակման պայմաններում»։ Բայց դրան հաջորդած քսան տարիները ցույց տվեցին, որ զարգացել է ոչ թե Հայաստանի տնտեսությունը, այլ այդ տեսակետի կողմնակիցների անձնական բիզնեսները։ Նրանք, ովքեր պիտի շրջափակման պայմաններում զարգացնեին տնտեսությունը, դրա փոխարեն օգտվեցին շրջափակումից, ստեղծեցին մենաշնորհներ եւ կարճ ժամանակում միլիարդատերեր դարձան։ Իսկ այն ոլորտներում, որտեղ կարելի էր հաղթահարել շրջափակումը (օրինակ` կարելի էր Իրանից Հայաստան մտնող համարժեք գազամուղ ունենալ), այդ նույն մարդիկ ներսից շրջափակում իրականացրեցին` հանուն մենաշնորհի։ Հենց այս քաղաքականության շնորհիվ էլ այդ քսան տարիների ընթացքում մի խումբ մարդիկ «հավելյալ» 10-12 միլիարդ դոլարի տեր դարձան, մինչդեռ այդ գումարով գուցե իսկապես հաջողվեր Հայաստանի տնտեսությունը զարգացնել նույնիսկ շրջափակման պայմաններում։

Իսկ այդ մարդիկ, ի դեպ, ոչ մի տեղ չեն կորել։ Գումարների մի մասը գուցեեւ դուրս են բերել երկրից, բայց իրենք Հայաստանում են` կապիտալի մի մասի հետ։ Ռոբերտ Քոչարյան` իր թաքուն ու բացահայտ «թիմակիցներով» ու հենարաններով (նրանց մի մասն ընդդիմադիր դաշտում է, մյուս մասը` նախագահականում), Սերժ Սարգսյան` իր քաղաքական թիմակիցներով ու իր անունով երդվող օլիգարխներով, Կարեն Կարապետյան` «կրեատիվ տեխնոկրատների» իր թիմով (միայն էներգետիկայի ոլորտի մենաշնորհների արդյունքում Հայաստանում «անհետացել է» ավելի քան մեկ միլիարդ դոլար) եւ այլն։ Սրանք, կրկնում ենք, մուլտիմիլիոնատերեր են դարձել հենց այն գումարների հաշվին, որոնցով իբր Հայաստանի տնտեսությունը պիտի զարգանար «եւս հարյուր տարի»։

Զավեշտն այն է, որ հիմա` քսան տարի անց, այս նույն մարդիկ հավաքվել ու ձեւացնում են, թե իբր «վիզ դրած» ուզում են Հայաստանը դուրս բերել մի վիճակից, որում երկիրը հայտնվել է իրենցից անկախ, «օբյեկտիվ պատճառներով»։ Հույս ունեն, որ ժողովուրդը մոռացել է, թե ով էր փչում շինարարական փուչիկը եւ երկնիշ աճ ապահովում, ով էր ստեղծում տնտեսական համակարգ, որի շարժիչը խոպանչիների ուղարկած փողերն էին, ով էր խրախուսում արտագաղթը («բա մնան Հայաստանում, որ հեղափոխություն անե՞ն»), ում պատճառով էին հայ սպառողները գազ ստանում առասպելական գներով, ինչի արդյունքում էլ տնտեսությունը մեռավ եւ այլն։

Բան չունենք ասելու, գուցե նրանք իրավացի են։ Գուցե ժողովրդի հիշողությունն իսկապես կարճ է։ Մարդիկ կան, չէ՞, ովքեր լրջորեն հույսեր են կապում Սերժ Սարգսյանի նշանակած նոր կառավարության հետ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30