22.06.2012 01:21 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Նեմեցամենթական

Սերժի Նեմեցը

Սերժի Նեմեցը

Տեղեկանք «Հարսնաքարի» գործից։ Երեկ ՀՀ Գլխավոր դատախազությունը հանձնարարել է «Հարսնաքարի» գործը Պնախարարության վարույթից հետ բերել ոստիկանություն, քանի որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածի համաձայն` որեւէ հիմք չկար գործն ուղարկել ՊՆ քննչական ծառայություն։

«ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ վերացվել է «Հարսնաքար» ռեստորանում զինվորական հոսպիտալի բժիշկներին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ըստ քննչական ենթակայության ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ուղարկելու մասին որոշումը», ասել է դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը։ Ըստ դատախազության կայքի՝ քրեական գործը վերադարձվել է ոստիկանություն՝ նախաքննությունը շարունակելու։ Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությանը։ Ասել է թե`  գործը քննելու է ոչ թե ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունը, որը ղեկավարում է Ներսես Նազարյանը, այլ ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչությունը։ Երեկ դեռեւս ցուցմունքներ էին տվել միայն «Հարսնաքարի» աշխատակիցները։ Լուրեր էին շրջանառվում, թե ձերբակալվողներ են լինելու։

  Ներսիկ Նազարյանը գիտեր, որ իր տղայի հարսանիքի քավորը` Նեմեցը, հայտարարություն է անելու։  Ոտիկանությունը նախօրեին շտապել է հայտարարել, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող  «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած միջադեպը բացահայտված է, եւ զինվորական բժիշկներին ծեծողը անվտանգության աշխատակիցներից է։ Սա այն դեպքում, երբ  տուժողների հարազատները լրատվամիջոցներին ասել են, որ բժիշկներին ծեծել են 10-15 հոգով։ «ՉԻ»-ն եւս անդրադարձել էր միջադեպին` գրելով, որ ՀՀ քաղաքացիներին դաժանաբար ծեծի ենթարկել են Ռուբեն Հայրապետյանի` Նեմեց Ռուբոյի թիկնազորի անդամները` իր իսկ հանձնարարությամբ։ Երեկ  Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը «Ա1+»-ի հետ զրույցում պնդել է, որ ծեծի ենթարկողները Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները չեն եղել, ծեծողը ռեստորանի անվտանգության աշխատակիցն է։ «Հայտնի է, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի տղայի հարսանիքի քավորն է», գրում է «Ա1+»-ը եւ ավելացնում, թե մի քանի հարց է ուղղել Երեւանի ոստիկանապետին` հետաքրքրվելով, թե վերոնշյալ հանգամանքը ինչ կերպ կարող է ազդած լինել ոստիկանությունում գործի քննության վրա։ «Պարոն Նազարյան, մի կողմից ասում եք` դեռ քննություն է տարվում, դեռ պարզ չի, մյուս կողմից` արդեն հայտարարում եք, թե Ռուբեն Հայրապետյանի ախրանան չի եղել, օբյեկտի ախրանան է, հնարավո՞ր է կապ ունի, որ Դուք քավորսանիկական հարաբերությունների մեջ եք Ռուբեն Հայրապետյանի հետ, դրա համար պաշտպանում եք նրան», հարցրել է լրագրողը։ «Ես ձեզ ասում եմ այն, ինչ որ կա։ Ով որ հարվածել է, նա ռեստորանային համալիրի հրամանագրված ախրանիկն է հանդիսանում, քիթն էլ, որ կոտրել է, աֆիցանտն է եղել, մնացածն էլ ընթացքում կպարզվի։ Ընթացքում եթե կհայտնաբերվի, որ կա կողքից մարդ, բոլորը պատասխանատվության են ենթարկվելու։ Որեւէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից»։  Նազարյանը նաեւ ասել է. «Մենք պարզել ենք` կռիվը որտեղից է սկսվել, ոնց է սկսվել։ Ինչքան հնարավոր է` բոլորին հավաքել ենք, բերել ենք, պիտի քննություն տարվի։  Երբ ոստիկանությունն իմացել է, ոչ մի մարդ չի եղել օբյեկտում։ Մենք ահազանգը ստացել ենք գիշերը երկուսին, երբ «Հարսնաքարն» արդեն  փակ է եղել, եւ որեւէ մարդ չի եղել։ Հիվանդանոցում եղել է մի հոգի ծանր վիճակում եւ ի վիճակի չի եղել հայտարարություն տալու։ Սպառիչ աշխատանք պիտի դրանով տարվի։ Հիմնական հարված հասցնողները միանգամից բերվել են՝ պարզելու, թե ում մեջ է վեճ առաջացել, ովքեր են եղել։  Քննությունը տարվում է լայնամասշտաբ, բոլորը հարցաքննվել են։ Նույն նպատակն ունի նաեւ «Հարսնաքարի» սեփականատերը` Ռուբեն Հայրապետյանը, որը հայտարարել է, որ չի պաշտպանելու ոչ մեկին»։  «Ո՞ւմ է հայտարարել, պարոն Նազարյան», շարունակել է լրագրողը։ «Ուրեմն` հայտարարությունը կլինի, որ ինքը որեւէ մի աշխատակցի չի պաշտպանելու եւ, իմիջիայլոց, դա իր ախրանան չի, օբյեկտի ախրանան ա։ Եւ իմացեք` որեւէ մեկի նկատմամբ ներողամտություն չի լինելու»։

Նեմեց Ռուբոյի կոկորդիլոսի արցունքները։  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` Նեմեց Ռուբոն, երեկ հայտարարել է. «Այս օրերին ես որեւէ կերպ չեմ արձագանքել «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած անթույլատրելի, որեւէ արդարացում չունեցող միջադեպին, որի հետեւանքում ծեծի են ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ. մարդիկ, ովքեր առավել եւս նաեւ հայկական բանակի սպաներ են, բժիշկներ։ Ի տարբերություն որոշ լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերում հանդես եկող առանձին անհատների, ովքեր, ինչպես միշտ, շտապելով իրենց գնահատականներում, իրավապահ մարմիններից առաջ արդեն «բացահայտել էին» հանցագործությունը` այն վերագրելով նույնիսկ իմ ցուցումով կատարելուն, ես չեմ արձագանքել մի պարզ պատճառով. որպեսզի իմ արձագանքը չդիտվի իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողություններին ուղղորդելուն ուղղված քայլ։

Այս պահին, երբ իրավապահ մարմինների կողմից արդեն հայտնաբերվել է հանցագործության հիմնական կատարողը, իրականացվում են համալիր գործողություններ միջադեպի բոլոր մասնակիցներին բացահայտելու, կատարված հանցագործության բոլոր մանրամասները վեր հանելու համար, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր հանցագործները` անկախ այն հանգամանքից նրանք անվտանգության աշխատակիցներ են, մատուցողներ թե այլ ծառայություն իրականացնողներ, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր գործողությունները լինեն թույլատրելիության սահմաններում բաց եւ թափանցիկ։

Լրատվամիջոցներից եւ լրագրողներից խնդրում եմ, անկախ իրենց քաղաքական կողմնորոշումներից, որոշների դեպքում նաեւ քաղաքական հանձնարարություններից, իրենց գնահատականներում եւ տեղեկություններում լինեն բացարձակ ճշգրիտ եւ չշահարկեն ստեղծված իրավիճակը։ Իմ անմիջական աշխատանքային գործունեությունը սահմանափակվում է ՀՀ Ազգային ժողովում եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ ժամանակին իմ կողմից հիմնադրված եւ այսօր իմ ընտանիքին պատկանող բիզնես կառույցների կառավարումը, որտեղ աշխատում են հարյուրավոր մարդիկ, իմ անմիջական պարտականությունը չէ եւ անթույլատրելի է այդ կառույցներում կատարվող ցանկացած բան վերագրել ինձ։ Կան իրենց պարտականությունները կատարող մարդիկ, ովքեր եթե ունեն մեղսակցություն, որը կբացահայտվի իրավապահ մարմինների կողմից, պատասխան կտան։

Ես մարդկայնորեն եւ անկեղծորեն ցավում եմ կատարված անթույլատրելի միջադեպի համար` միաժամանակ հասկանալով, որ դա չի փոխում իրերի վիճակը եւ հուսանք, որ միջադեպից տուժածների առողջության վերաբերյալ բժիշկների տեղեկությունները կլինեն լավատեսական»։ Ակնհայտ է, թե ովքեր են կանգնած այս գեղեցիկ տեքստի հետեւում, եւ միայն ապշել կարելի է, ինչպես են մարդիկ իրենց մեղսակից դարձնում` մտնելով հայհոյանքի եւ անեծքի տակ։ Ինչի համար, կամ ում համար։ 

Վկայում են դաժան ծեծի մասնակիցները։ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Զինվորական հոսպիտալի բժիշկ, նեյրովիրաբուժական բաժանմունքի օրդինատոր Արտակ Բայադյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմել է, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 17-ին եւ թե ինչպես են իրեն եւ իր ընկերներին «Հարսնաքարի» ավտոկայանատեղում դաժան ծեծի ենթարկել։ Բայադյանը պատմել է, որ 5 հոգով փորձել են մուտք գործել «Հարսնաքար», սակայն մատուցողը բժիշկ Վահե Ավետյանին, որն ամենաշատն է տուժել դաժան ծեծից, ասել է, որ նա սպորտային համազգեստով է եւ չի կարող ռեստորան մտնել։ Բայադյանի փոխանցմամբ` Ավետյանը ընկերոջ հետ տուն է գնացել, փոխել տաբատը եւ կրկին վերադարձել։ Երբ արդեն նստել են սեղանի շուրջ, Ավետյանը մատուցողին ասել է, թե կարո՞ղ է գլխարկն էլ է արգելվում ռեստորանում եւ այն նույնպես պետք է հանի։ Մատուցողը, ըստ Բայադյանի, վիճաբանություն է սկսել եւ Ավետյանին հրավիրել դուրս։ Իրենք նույնպես դուրս են եկել Ավետյանի հետեւից, որից հետո, ըստ Բայադյանի, ինչ-որ մեկը (չկարողացավ ասել` մենեջերը թե անվտանգության աշխատակիցը) իրենց ուղեկցել է ավտոկայանատեղի, որտեղ էլ սկսել են դաժան ծեծել։ «Ու տենց ընթացքից չի երեւում, թե ինչ է կատարվել, հանգիստ ասում էինք, բա խի սենց եղավ, շփոթմունք է, եղավ, անցավ... նման խոսակցություն էր գնում, արդեն որ գնում էինք, արդեն մի 10-15 հոգի` քանակություն, զանգված, կանգնած էր։ Մենք մոտենում ենք, ու ամեն մեկիս մոտավորապես 4-5 հոգի են շրջապատում։ Ում հետ որ ես էի զրուցում, ուղղակի հայհոյեց ու հարվածեց։ Ես հարվածը դիմացից չեմ տեսել», - պատմեց բժիշկը` համոզմունք հայտնելով, որ իրենց խաբեությամբ դուրս հանեցին ռեստորանից. «Ու անմիջապես այդ ընթացքում բոլորիս խփում են..., խփեցին, հետո մայկան քաշեցին գլխիս վրա, ու տենց գլորելով, քացով հարվածներով, ոտքերով, ձեռքով... ամբողջ մարմնիս վրա սալջարդ է... վերջին հարվածի ժամանակ էլ վերջին խոսքը ուղղակի լավ տպավորվեց` «լավ, մեռավ, էլ մի խփեք»... արդեն երեւի թե բոլորս գիտակցություններս կորցրել էինք, որովհետեւ մեր մի ընկերը` Էդուարդ անունով, նա բարձրացրեց ինձ, վրաս մայկա չկար, ամբողջովին արյունահոսում էի, չորեքթաթ կանգնեցի եւ տեսնեմ` Ավետյանը մոտ մի 15 մետր հեռավորության վրա է պառկած անշարժ, իրենից մի 10 մետր հեռավորության վրա Արկադին է պառկած, մեր Գարիկ անունով ընկերոջը այդ պահին չնկատեցի, նա մի փոքր ավելի հեռու էր։ Անմիջապես մոտեցանք Ավետյանին, նա արդեն ոչ մի ռեակցիա չէր տալիս, միայն խռխռոց էր գալիս»։

 Հիվանդանոցում են։   Նախօրեին երեկոյան՝ ժամը 19.50-ին, Կենտրոնական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել բուժծառայության ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը՝ «փակ գանգուղեղի տրավմա, գլխուղեղի թեթեւ աստիճանի սալջարդ» ախտորոշմամբ։ Բժիշկներից մեկը տեղեկացրել է, որ Գարիկը չի ցանկացել դիմել բուժօգնության, սակայն նրա վիճակը չի ներել մնալու տանը։

Կենտրոնական կլինիկական  զինվորական հոսպիտալի բժիշկները երեկ դժվարացել են  կանխատեսել, թե արդյոք կոմայից դուրս կգա՞  Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավարը` մայոր Վահե Ավետյանը, որը գիշերը գլխի երրորդ վիրահատությունն է տարել։ Հոսպիտալի բժշկուհիներից մեկը, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս են մեկնաբանում «Հարսնաքարի» տնօրենի այն խոսքերը, թե Վահեի կոմայի մեջ գտնվելն արդյունք է այն բանի, որ վեճի ժամանակ սայթաքել է եւ ընկել գետնին, ասաց. «15 հոգով են հարձակվել էդ տղաների վրա»։ «Վահե Ավետյանի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, գիշերը գլխի երրորդ վիրահատությունն է եղել»,-ասաց բժշկուհին։ Նա կոնկրետացրել է Վահեի ախտորոշումը. «Ուղեղի այտուց, աջ կիսագունդը խրվել է ձախի մեջ կամ հակառակը»։ Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ հարվածներն արվել են բութ գործիքով եւ ոչ թե ձեռքերով ու ոտքերով, բժշկուհին, նկատի ունենալով «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցներին, նյարդայնացած արձագանքեց. «Իրանք էնքան բութ են, որ բութ գործիքին համազոր են», գրել է «Ա1+»-ը։ Բժշկուհին կոնկրետացրել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը. «Խփել են ոչ թե մի անգամ, այլ մի քանի անգամ ու խփել են գլխին (բոլոր տուժողների-խմբ)։ Իր նոր բաժանմունքը, որտեղ պառկած է 40 զինվոր, անտերության է մատնված»։

«ՉԻ» կողմից։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում միջադեպի արդյունքում տուժած ՀՀ քաղաքացիներին։ Միաժամանակ ուզում ենք փաստել, որ «ՉԻ»-ն իր ուշադրության կենտրոնում է պահելու տեղի ունեցածը` պարբերաբար անդրադառնալով զարգացումներին։ Իրեն հարգող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պարզապես պետք է բոյկոտի Նեմեցի «օբեկտը»։ Հենց այսօրվանից։

Շարունակելի

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30