27.12.2017 10:33 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

2017-ը՝ մեծ խաբեության տարի

2017-ը՝ մեծ խաբեության տարի

2017-ը Հայաստանի պատմության մեջ կմտնի որպես Մեծ խաբեության տարի: Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները այլ կերպ բնորոշել պարզապես հնարավոր չէ: Եվ խնդիրը միայն այն չէ, որ այդ ընտրություններից հետո Հայաստանում քաղաքական կյանքը վերջացավ. քաղաքական կյանքի ավարտը կարելի էր արձանագրել արդեն սահմանադրական հանրաքվեից հետո: Խնդիրն այն է, որ Երրորդ հանրապետության 26-ամյա պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցան այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքներով պիտի որոշվեր, թե ով է ղեկավարելու երկիրը հաջորդ 5 տարիներին, բայց նա, ով կազմակերպել էր այդ գործընթացն անձամբ իր համար, ընտրություններին ընդհանրապես չէր մասնակցում:

Որևէ ցուցակում նրա անունը չկար: Ավելին՝ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե նախագահական ժամկետի ավարտից հետո չի պատրաստվում զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Նման բացահայտ խաբեություն հասարակությունն իսկապես վաղուց չէր տեսել:

 Բայց Մեծ խաբեությունը այսքանով չսահմանափակվեց: Բուն խաբեությունն ի սկզբանե ներդրված էր հենց ընտրական նոր օրենսգրքում, որովհետև իբր զուտ կուսակցական ընտրությունները «ռեյտինգային թեկնածուների» միջոցով վերածվեցին «ավանդական» մեծամասնական ընտրությունների՝ վաղուց հայտնի արատներով ու ավելի կատարելագործված մեխանիզմներով: Սերժ Սարգսյանը կարողացավ հորինել այնպիսի համակարգ, որ անձամբ ինքը ընտրություններին ընդհանրապես չմասնակցի, օլիգարխներն ու տեղական կիսակրիմինալ իշխանիկներն իրենց գրպանից վճարեն ընտրակաշառքը, բայց այդ ձայներն ի վերջո գրանցվեն անձամբ իր օգտին (որովհետև այդ ձայների շնորհիվ է ինքը իրավունք ստացել միանձնյա որոշել, թե ով է ղեկավարելու երկիրը 2018-ի ապրիլից հետո):

 Համաձայնվեք, որ սա արդեն վիրտուոզ խաբեություն էր: Եթե խոսքը միայն այն մասին լիներ, որ նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո իշխանությունը պահպանելու համար կարելի է փոխել Սահմանադրությունը և անցնել կառավարման խորհրդարանական համակարգի, ապա գործ կունենայինք «շարքային» խաբեության հետ, բայց «ձեռի հետ» էլ այնպես կազմակերպել այդ ամենը, որ իր փոխարեն վճարեն ուրիշները... Սա իսկապես հանճարեղ մտահղացում էր և կարող է տեղ գտնել քաղաքագիտության դասագրքերում (եթե, իհարկե, երբևէ «Ինչպե՞ս մոլորեցնել սեփական ժողովրդին» վերնագրով դասագիրք տպագրվի): Ընդ որում՝ արդեն բացարձակապես որևէ նշանակություն չունի, հասարակությունը հասկացե՞լ է խաբեության բոլոր նրբերանգները, թե ոչ: Միևնույն է՝ պետության առաջին դեմքի ուղղակի ընտրություններ այլևս չեն լինելու, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ միշտ էլ կգտնվեն ռեյտինգային «լավ տղեք», ովքեր հանուն իրենց մանդատների կամ տվյալ տարածքը «նայելու» իրավունքի ձայներ կապահովեն Գենսեկի համար: Ընդ որում՝ առանց իմանալու, թե ով է լինելու Գենսեկը (այդ մասին վերջին պահին կհայտարարի որևէ Շարմազանով):

 Իսկ ամենամեծ խաբեությունն այն էր, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում առնվազն 90 տոկոս ընդդիմադիր բնակչություն ունեցող երկիրը «հաջողացրեց» ունենալ այնպիսի խորհրդարան, որտեղ ընդդիմություն ընդհանրապես չկա: Ընդդիմադիր ելույթներ ունեցողներ՝ ինչքան ասես, «բանավոր ընթացակարգով» ժողովրդի մատից փուշ հանողներ՝ ինչքան ասես, բայց առանցքային հարցերում իշխանությունների կարծիքից տարբերվող կարծիքներ հնչեցնողներ՝ չկան ու չկան:

 Ինչևէ: Մեծ խաբեության տարին ավարտվում է, ու առջևում Մեծ ճահճացման տարիներն են՝ «անշեղորեն կենսագործվելիք» հնգամյա պլաններով ու բուռն-երկարատև ծափահարություններով: Մինչև հերթական հեղաշրջում: Հուսանք՝ պալատական:

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31