05.10.2013 11:18 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ֆրանսիացիների ինադու

Ամերիկացիները Իրան են մտնում

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայից Հայաստանում վառ հուշեր թողեց Վրաստանի նախագահ Սաակաշվիլիի ելույթը։ Նորից չանդրադառնանք, հիացողը հիացել է, զայրացողը՝ զայրացել։ Մինչդեռ մեզ համար ոչ պակաս, եթե չասենք, ավելի կարեւոր ու հետաքրքիր պետք է լինեին այդ օրերին Իրանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների ելույթները, որոնք շատերը համարեցին այս երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նշանակալի քայլ։

Սա նաեւ Հայաստանի համար էական նշանակություն ունեցող գործընթաց կարող է լինել։ Իհարկե, եթե Հայաստանի իշխանությունները ընդհանրապես ունակ են տարածաշրջանում ընթացող գլոբալ զարգացումներում ինքնուրույն որեւէ դերակատարում ունենալ։

Ինչեւ, արդեն ակնհայտ է, որ Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանիի օրոք մեր հարեւանը  կտրուկ  փոխել է արտաքին քաղաքականության ասպարեզում տասնամյակներով կարծրացած իր որոշ մոտեցումներ, եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ապասառեցումը կարող է  դառնալ այդ քաղաքականության առաջին ծիլերից մեկը։

Այդ զարգացումները հանգեցրել են նրան, որ ամերիկյան ընկերությունները՝ նույնիսկ չսպասելով դիվանագիտական հարթության վրա հարաբերությունների կարգավորմանը, ակտիվ գործունեություն են սկսել Իրանում։ Մի բան, որը անհնար էր պատկերացնել դեռ մեկ տարի առաջ։ Այս թեման այսօր ամենաքննարկվողն է միջազգային բոլոր վերլուծական, փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում։ Այնքան անսպասելի է, որ շատերը խուսափում են բարձրաձայն կարծիք հայտնել, թե ինչպես կարող էր այս ամենը տեղի ունենալ նման կարճ ժամանակահատվածում։

Ահա եւ ստացվում է, որ ամերիկյան գործարար շրջանակները ավելի շուտ են ընկալել այս գործընթացների հեռանկարը եւ առանց ավելորդ աղմուկի 80 միլիոնանոց շուկա հանդիսացող Իրանում սկսել են վերականգնել իրենց դիրքերը։

«Ամերիկյան ընկերությունների մեծամասնությունը  վերջին ամիսներին Իրան են ուղարկել իրենց ներկայացուցիչներին։ Այդ ներկայացուցիչները շատ հաճախ օգտագործում են շվեյցարական անձնագրեր, քանի որ հենց Շվեյցարիան է Իրանում ներկայացնում ամերիկյան շահերը՝ երբ 1980 թվականին այս երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվեցին։

Իրանի ավտոմեքենաշինական հատվածը այժմ շատ ակտիվ ուսումնասիրում է  General Motors-ը։ Այս տնտեսական հսկան բանակցում է Iran Khodro ընկերության հետ, որը մինչեւ 2012 թվականը աշխատում էր «Պեժոյի» հետ՝ 206 եւ 405 մակնիշի ավտոմեքենաների արտադրության գործում։ Բայց հետո ֆրանսիական կոնցեռնը դադարեցրեց Իրանի հետ համագործակցությունը Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով՝ ի պատասխան Իրանի միջուկային ծրագրերի։

Սակայն վերջին կես տարում General Motors-ի ներկայացուցիչները այցելում են Իրան եւ քննարկում  GM-ի գործունեության վերսկսման հարցը, քանի որ շահի կառավարման տարիներին GM-ը ամուր դիրքեր էր զբաղեցնում երկրում։

Այս տարի GM-ը Ադրբեջանի տարածքով Իրան է տեղափոխել Chevrolet Camaro մեքենայի մի քանի մակնիշ։ Այժմ այդ մեքենաների փորձնական արտադրություն է սպասվում։ Այս նախաձեռնությունը չի համարվում Բարաք Օբամայի կողմից այս տարվա հունիսի 3-ին ստորագրված Executive Order Act դեկրետը, որը օտարերկրյա ընկերություններին արգելում է Իրանի ավտոմեքենաշինական սեկտորին մատակարարել կամ վաճառել ավտոպահեստամասեր, սակայն չի արգելում ավտոմեքենաներ մատակարարել։

Ֆրանսիական Le Figaro-ն ահազանգում է, որ Իրանի հիմնական գործընկերը ոլորտում «Ռենոն» էր, որը 2012թ. 90 հազար մեքենա էր արտադրում։ Այդ իսկ պատճառով Օբամայի ստորագրած օրենքը պարբերականը համարում է առաջին հերթին Ֆրանսիայի դեմ ուղղված։ Ֆրանսիայում գտնում են, որ այս օրենքը մինչեւ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ քաղաքական համաձայնություններ ձեռք բերելը ամերիկյան ընկերություններին պարսկական ավտոմոբիլային շուկան գրավելու հիանալի հնարավորություն է տալիս։ Այդ կապակցությամբ Le Figaro-ն զարմանք է հայտնում, թե ինչու ֆրանսիական իշխանությունները գրեթե չեն արձագանքում ամերիկյան օրենքի առիթով։

Նույնը կատարվում է ավիացիայի ոլորտում, որտեղ ամերիկյան «Բոինգը» մտադիր է Իրանի շուկայից դուրս մղել ֆրանսիական «Էյրբասին»։ Դեռ մինչեւ ՄԱԿ ԳԱ նստաշրջանում ամերիկա-իրանական հարաբերություններում տեղաշարժ գրանցելը` ամերիկյան արդյունաբերողները ընդգծել են, որ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Համենեին «մեծ սատանայի» ներկայացուցիչների հետ ուղիղ բանակցություններ է սկսել, ինչը աննախադեպ է։ Նախագահական ընտրություններից առաջ, որտեղ հաղթեց չափավոր Ռուհանին, Իրանի Սահմանադրական Խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներին կարգադրել էին կազմել «ամերիկյան ընկերություններից ցուցակ», որոնց հետ կարելի է համագործակցել։

Պարսկական դիվանագետներից մեկը այս առթիվ չի էլ թաքցրել եւ ասել է. «Ֆրանսիացիները պետք է հասկանան, որ մեր եւ ամերիկացիների միջեւ համաձայնություն ձեռք բերելու դեպքում նրանց ձեռնարկություններին թերմացքը կմնա»։

Զարմանալի չէ, որ այս օրերին ֆրանսիացի վերլուծաբանները եւ քաղաքագետները Ֆրանսիայի ԱԳՆ-ին կոչ են անում շտապ մեղմացնել Իրանի հանդեպ առկա դիրքորոշումը։

 Հ.Գ. Եվ մինչ Հայաստանի քթի տակ նման լուրջ գործընթացներ են գնում, իշխող հանրապետական կուսակցությունում երկու օր է քննարկում են Զարուհի Փոստանջյանի վրա ձվեր նետելու հարցը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31