07.05.2015 18:49 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բարձր լարման տակ

Էներգետիկ ցեղասպանության թվաբանությունը

Էներգետիկ ցեղասպանության թվաբանությունը

Եվ այսպես` պաշտոնապես հաստատվեցին այն տեղեկությունները, որոնց համաձայն առաջիկայում էլեկտրաէներգիան նորից թանկանալու է։ Նույնիսկ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ հարցը վերջնականապես հստակեցվելու է մայիսի 8-9-ին` Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի ժամանակ։ Հենց այնտեղ էլ որոշվելու է` էլեկտրաէներգիան վե՞ց դրամով է թանկանալու, թե՞ ութ կամ տասը։

Մի խոսքով` Հայաստանի նկատմամբ էներգետիկ տեռորը շարունակվում է։ Սա արդեն տեռոր էլ չէ, սա էներգետիկ ցեղասպանություն է, որովհետեւ ռուսական ընկերությունները «քոռ դանակով մորթում են» ՀՀ ազգաբնակչությանը, եւ արդյունքը լինում է այն, ինչ ցանկացած ցեղասպանության դեպքում. երկիրն ամայանում է։ Եվ սա` այն դեպքում, երբ Հայաստանն անդամակցել է ԵՏՄ-ին ու գազն էլ ստանում է «Ռուսաստանի ներքին գներով», ինչը ենթադրում է, որ ե՛ւ գազի, ե՛ւ էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում պիտի շատ չտարբերվեն ռուսաստանյան սակագներից։

Իսկ գիտե՞ք, թե ինչ արժե էլեկտրաէներգիան Ռուսաստանում։ Ասենք` Մոսկվայի մարզում։ Այս տարվա ապրիլի 1-ից այնտեղ էլեկտրաէներգիան մի քիչ թանկացել է, եւ ներկայումս գործում են հետեւյալ սակագները. ամսական մինչեւ 100 կիլովատի դեպքում մեկ կիլովատն արժե 36,6 կոպեկ, 100-ից 600 կիլովատի դեպքում` 63 կոպեկ, 600-ից շատի դեպքում` 1,4 ռուբլի։ Հիմա վերցնենք ինչ-որ միջին ցուցանիշ, ենթադրենք` ամսական 300 կիլովատ (մոտավորապես այդքան է ծախսում ՀՀ միջին վիճակագրական ընտանիքը, եթե տունը էլեկտրէներգիայով չի տաքացնում)։ Ռուսաստանում ամսական 300 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործած քաղաքացին վճարում է 163 ռուբլի կամ 1540 դրամ, իսկ Հայաստանում` 12.600 դրամ կամ ավելի քան 8 անգամ շատ։ Մի խոսքով` Ռուսաստանում էլեկտրաէներգիայի միջինացված սակագինը մոտ 5 դրամ է, Հայաստանում` 42 դրամ։ Ու այդ «գյոռմամիշներին» նույնիսկ 42 դրամն է քիչ թվում, եւ ցանկանում են էլի թանկացնել։

Հիմա անցնենք գազին։ Հայաստանն, ինչպես ասացինք, գազը ստանում է Ռուսաստանի (ավելի կոնկրետ` ՌԴ Օրենբուրգի մարզի) ներքին գներով։ Թե ինչու հատկապես Օրենբուրգի մարզի` դժվար է ասել, բայց մեզ ավելի շատ հետաքրքրում է, թե Օրենբուրգում ի՞նչ արժե գազը սպառողների համար։ Պարզվում է` այնտեղ նույնպես գազը մի քիչ թանկացել է, եւ հիմա խորանարդ մետրն արժե 4,36 ռուբլի։ Ռուբլու ներկայիս փոխարժեքով` 41,4 դրամ։ Հայաստանում, հիշեցնենք, սպառողների համար գազի խորանարդ մետրն արժե 158 դրամ կամ 3,8 անգամ ավելի թանկ։ Ընդ որում` Ռուսաստանում սակագները տարբերակված են, եւ եթե տվյալ բնակարանն ունի անհատական ջեռուցման համակարգ (հայերեն ասած` «բաքսի»), գազն ավելի էժան է։ Մեր դեպքում, հասկանալի է, նման տարբերակում չկա։ 158 դրամ է, եւ վերջ։

Մի խոսքով` ռուսական ընկերություններն ինչ-որ անհասկանալի դաժանությամբ պարզապես թալանում են Հայաստանի ժողովրդին, եւ դա անում են Հայաստանի իշխանությունների աջակցությամբ ու ժամանակ առ ժամանակ նույնիսկ մեդալներ են ստանում «մեր» իշխանություններից։ Հայաստանում գործող սակագներն ակնհայտորեն որեւէ տրամաբանության չեն ենթարկվում` այստեղ գործում են թալանի օրենքները։ Իսկ այդ օրենքները շատ պարզ են` պետք է թալանել այնքան, ինչքան հնարավոր է։ Այն, որ խոսքը թալանի մասին է, ապացուցվում է մի պարզ օրինակով։ Տեսեք` Ռուսաստանում նույնպես էլեկտրաէներգիայի համար գործում են «ցերեկային» եւ «գիշերային» սակագներ, բայց այնտեղ «գիշերային» սակագինը «ցերեկայինի» ուղիղ կեսն է. ցերեկը էլեկտրաէներգիան արժե 5 դրամ, գիշերը` 2,5։ Իսկ Հայաստանում, չգիտես ինչու, «գիշերային» սակագինը ոչ թե «ցերեկայինի» կեսն է, այլ 76 տոկոսը։ Էլեկտրաէներգիան ցերեկն արժե 42 դրամ, գիշերը` 32։ Չհասկացանք, գիշերները Հայաստանում ավելի մո՞ւթ է։ Այդ ինչպե՞ս է պատահել, որ գիշերային ժամերին էլեկտրաէներգիան Ռուսաստանում 13 անգամ ավելի էժան է, քան Հայաստանում։

Հայաստանի նկատմամբ իրականացվող էներգետիկ ցեղասպանությունն, իհարկե, հատուկ օր չի ունենալու` ոչ դրա 100-ամյակն է նշվելու, ոչ էլ ռուսախոս ու ռուսաստանաբնակ հայ հայրենասերներն են խորհրդանիշ հորինելու (ասենք` շտեպսելի տեսքով)։ Բայց դիմադրել այնուամենայնիվ պետք է։ Ընդ որում` սա այն դեպքն է, երբ դիմադրությունը հնարավոր է միայն Հայաստանի իշխանությունների հետ միասին։ Բայց նրանք, «թարսի պես», ակտիվորեն մասնակցում են ցեղասպանությանն ու ոնց որ թե լավ էլ գումարներ են վաստակում։ Այնպես որ` առաջին հերթին պետք է հենց Հայաստանի իշխանությունների դեմ պայքարել։ Եթե Հայաստանում նորմալ իշխանություններ լինեին` մեզ հետ այսպես չէին վարվի։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30