27.08.2013 17:05 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ազգափրկիչը

Թե ինչպես էր Վրաստանը Հայաստանին խնդրանքով դիմում

1992 թվականի հունվարին Վրաստանում ծագած ներքաղաքական հակասություններն ավարտվեցին զինված հեղաշրջմամբ, որի արդյունքում Վրաստանի նախագահ Զվիադ Գամսախուրդիան կորցրեց նախագահի պաշտոնը։

Այն ժամանակ, երբ Վրաստանում չափազանց բարդ ներքաղաքական իրավիճակ էր, խառն էր նաեւ Ադրբեջանի վիճակը, Հայաստանում այդ առումով համեմատաբար բարվոք դրություն էր, թեպետ այն ժամանակ էլ մեր ընդդիմությունը ամեն ինչ անում էր այդ վիճակը սրելու ուղղությամբ` ընդհուպ զինված հեղաշրջման կոչեր անելով։  Ավելին, Հայաստանը տարածաշրջանում այնքան մեծ հեղինակություն էր վայելում, որ Վրաստանը իր ներքին խնդիրները լուծելու համար դիմում էր մեր իշխանություններին։ Հիմա դա աբսուրդ է թվում, երբ տեսնում ես, որ այսօրվա մեր իշխանությունների առաստաղը շատ-շատ կարմիր գծեր քաշելն է։ Ինտելեկտը եւ պետական մտածողությունը այդ գծից այն կողմ չեն անցնում։ Այժմ ներկայացնենք 1992 թվականի վրացական իրադարձությունների վերաբերյալ մի քանի հրապարակում։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի մեր ազգի «փրկիչներից» Պարույր Հայրիկյանի հայտարարությունը։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ կլիներ Հայաստանի հետ, եթե վերջինս իշխանության գլուխ լիներ։

ՀՀ Նախագահի մամուլի ծառայության հայտարարությունը. «Ս.թ. հունվար 1-ին եւ 2-ին Վրաստանի Հանրապետության հակամարտ կողմերը՝ պաշտոնական իշխանությունները եւ ընդդիմության ղեկավարները, դիմել էին ՀՀ կառավարությանը հաշտարար միջնորդի դեր ստանձնելու խնդրանքով։

Հայաստանի կառավարությունը, ընդառաջելով այդ դիմումներին եւ եղբայրական Վրաստանում զինված հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու մտահոգությամբ, կազմեց մի պատվիրակություն, որը հունվարի 2-3-ին Թբիլիսիում հանդիպումներ ունեցավ կողմերի ղեկավարության հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին կրակի դադարեցման, հետագա արյունահեղությունը կանխելու հարցերը։ Շոշափվել է նաեւ նախագահ Գամսախուրդիայի՝ հանրապետությունից հավանական մեկնման դեպքում Հայաստանում ժամանակավոր ապաստան տրամադրելու հարցը։

Հունվարի 6-ին ընդդիմությունը հնարավորություն տվեց նախագահ Գամսախուրդիային եւ նրան ուղեկցող անձանց հեռանալ Վրաստանից եւ Ադրբեջանի տարածքով անցնել Հայաստան։

Հաջորդ օրը ստացվեց Թ. Սիգուայի հեռագիրը, որով Հայաստանի կառավարությանը տեղյակ էր պահվում, որ Վրաստանի կառավարությունը չի առարկում Զվիադ Գամսախուրդիային եւ նրա ընտանիքին Հայաստանում ապաստան տալուն։ Ինչ վերաբերում է նրան ուղեկցող ավելի քան 100 զինված անձանց, Վրաստան վերադառնալու դեպքում խոստանում են նրանց լիակատար ներում շնորհել։

Հունվարի 9-ին Զվիադ Գամսախուրդիան պաշտոնապես դիմեց ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին՝ խնդրելով ժամանակավոր ապաստան տրամադրել իրեն, իր ընտանիքին եւ անձնական թիկնապահներին։

Մեկ օր անց պատասխան նամակում Լ. Տեր-Պետրոսյանը հաղորդել է Գամսախուրդիային եւ նրա ընտանիքին Հայաստանում ապաստան տալու որոշումը։ Առաջարկվել է նաեւ, որ զինված անձինք զենքը եւ զինամթերքը արձանագրությամբ հանձնեն Հայաստանի իշխանություններին՝ դրանք Վրաստանի օրինական իշխանություններին վերադարձնելու նպատակով։ Միաժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ պ-ն Գամսախուրդիայի կողմից Հայաստանի տարածքը չպետք է օգտագործվի քաղաքական գործունեություն ծավալելու նպատակով։

Հայաստանի կառավարություը, հարգելով ինքնիշխան Վրաստանի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը, շահագրգռված է եղբայրական Վրաստանում քաղաքական իրադրության շուտափույթ կայունացմամբ եւ խաղաղության հաստատմամբ։

Միաժամանակ կոչ ենք անում զանգվածային լրատվության բոլոր միջոցներին, Հայաստանի տարածքում Զվիադ Գամսախուրդիայի ժամանակավոր գտնվելուն առնչվող իրադարձությունները լուսաբանել օբյեկտիվորեն եւ դրսեւորել հավասարակշռված մոտեցում։

Համոզված ենք, որ Հայաստանի իշխանություների մարդասիրական ջանքերն ըստ արժանվույն կգնահատվեն վրաց ժողովրդի կողմից եւ կնպաստեն հայ-վրացական դարավոր բարեկամական կապերի ամրապնդմանը»։

Ուշադրություն դարձրեք, ՀՀ նախագահի մամլո ծառայության տարածած հայտարարության տեքստի մեջ ավելորդ բառ չկա, յուրաքանչյուր նախադասություն կշռադատված եւ չափված է՝ հաշվի առնելով այն ժամանակ տարածաշրջանում առկա իրողությունները, Վրաստանի հետ հնարավորինս նորմալ հարաբերություններ ունենալու գերակա խնդիրը եւ այլն։

Իսկ այժմ ներկայացնենք ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դիրքորոշումը այդ հարցում, որը հրապարակած է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, 1992թ. հունվարի 11-ին։ Հայրիկյանը Վրաստանի համար դրամատիկ այդ օրերին Թբիլիսի է գնացել եւ այնտեղ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել, որ նախագահ Զվիադ Գամսախուրդիայի զինված տապալման այլընտրանք չի եղել։

«Նրա խոսքերով ասած, Վրաստանի ընդդիմությունը ուրիշ ելք չուներ, քանի որ նախագահը եւ մյուս իշխանավորները առաջինը զինված գործողությունների դիմեցին այլախոհության դեմ, ձեռնարկեցին քաղաքական ընդդիմախոսների զանգվածային ձերբակալություններ։ 

Ինչպես վրացի եւ օտարերկրացի լրագրողներին ասել է Պարույր Հայրիկյանը, քաղաքական ասպարեզից Գամսախուրդիայի հեռանալը մենք համարում ենք առճակատման կանխման միակ ուղին, որը կարող է քաղաքացիական պատերազմի հրդեհ առաջացնել մեր հարեւանների մոտ»։ Սա էլ Հայրիկյանը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31