26.01.2018 09:07 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Վարկաբեկման ինստիտուտը

«Չարատավորված կադրերի» ռոտացիան

 «Չարատավորված կադրերի» ռոտացիան

Եվ այսպես, գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներն արձանագրեցին, որ խառը կանաչին, սխտորն ու կոճապղպեղն էժանացել են, հետեւաբար՝ գնաճը լիովին վերահսկելի է, եւ մտահոգվելու կարիք չկա։ ՀՀԿ խմբակցությունն էլ մի տեսակ անհավես էր պաշտպանում կառավարությանը։

Այնպիսի տպավորություն էր, թե դիտմամբ անհեթեթ փաստարկներ են բերում, որ ընդդիմախոսների վարկանիշը բարձրանա։ Մի խոսքով՝ ֆուտբոլային պայմանավորված խաղի նման բան էր։ Իսկ Սերժ Սարգսյանն, ինչպես միշտ, «Հայաստանում չէր»։ Կամ՝ Հայաստանում էր, բայց ավելի կարեւոր գործերով էր զբաղված։ Խառնվելու կարիք չկար, որովհետեւ «գործընթացն ընդհանուր առմամբ դրական էր»՝ ընդդիմությունը քարուքանդ էր անում կառավարությանը։

Գնաճին նվիրված «խորհրդարանական լսումների» այս փուլում ամենաակտիվը «Ելք» դաշինքն էր, բայց ամեն ինչ հազիվ թե մի փուլով ավարտվի. «Ծառուկյան» դաշինքն էլ իր հերթին է պատրաստվում նույն թեմայով լսումներ նախաձեռնել։ Մինչեւ ապրիլ քիչ ժամանակ է մնացել, եւ պետք է օգտագործել ցանկացած առիթ՝ Կարեն Կարապետյանի կառավարության վարկանիշը գետնին հավասարեցնելու համար։ Որպեսզի ապրիլին «ազգովի խնդրելու» արդյունքում Սերժ Սարգսյանի վարչապետությունն ընկալվի որպես միակ հնարավոր լուծում եւ նույնիսկ մեծ բարեբախտություն։

 Զավեշտն այն է, որ մինչ խորհրդարանական ընդդիմությունը բզկտում է կառավարությանը (ի դեպ՝ նկատե՞լ եք, թե Բաղրամյան 26-ից ուղղորդվող լրատվամիջոցներն ինչ էնտուզիազմով են լուսաբանում այդ գործընթացը), Սերժ Սարգսյանը հերթական «պրոֆեսիոնալ եւ ներքաղաքական ինտրիգներում չարատավորված կադրին» է ասպարեզ հանում։ Ճիշտ եւ ճիշտ նույն բառապաշարով, որով մեկուկես տարի առաջ Կարեն Կարապետյանին էր ներկայացնում։ Այն ժամանակ «չարատավորված կադրը» պետք էր՝ խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար, հիմա հերթական «չարատավորված կադրը» պետք է՝ քաղաքակիրթ ցուցափեղկ ունենալու համար, բայց երկու դեպքում էլ կարեւորագույն նախապայմանը նույնն է՝ «չարատավորված կադրը» պիտի Հայաստանում ընկալվի որպես օտար եւ քաղաքական հենարան չունենա։ Իսկ Կարեն Կարապետյանի կառավարության վարկանիշն ընդդիմության միջոցով ոչնչացնելու հրապարակային միջոցառումն ակնհայտորեն նաեւ Արմեն Սարգսյանի համար է։ Նա պիտի հիմիկվանից հասկանա, թե ինչ տեղի կունենա իր հետ, ասենք, մեկուկես տարի հետո, եթե հանկարծ ինքն իր պաշտոնը լուրջ ընդունի եւ որոշակի հավակնություններ դրսեւորի։ Պատահական չէ, որ Արմեն Սարգսյանի անունը հնչեցնելուն պես տարբեր կողմերից խոսում են նրա «խոցելի կողմերի» մասին։ Ընդ որում՝ խոցելի կողմերը մի քանիսն են եւ կարող են բավարարել տարբեր ճաշակի տեր մարդկանց։ «Ռազմահայրենասիրական» ճաշակի տեր մարդկանց կհիշեցնեն, որ Արմեն Սարգսյանի որդիները բանակում չեն ծառայել եւ իրենք իրենց բրիտանացիներ են համարում, սոցիալապես անապահով խավերին կհիշեցնեն, որ Արմեն Սարգսյանն էլ պակաս օլիգարխ չէ եւ ներգրավված է բենզինի ու գազի «բազառներում», քաղաքացիական հասարակությանը կհիշեցնեն նրա մասնակցությունն Ամուլսարի խայտառակ ծրագրին, թաղային հեղինակություններին ու «լավ տղերքին» կհիշեցնեն, որ Արմեն Սարգսյանը ժամանակին իրեն «տղու նման չի պահել» ու թռել է, եւ այլն։

 Բայց այս ամենը՝ հետո։ Հիմա նա դեռ «Հայաստանում եւ Սփյուռքում մեծ հեղինակություն վայելող ու միջազգային տարբեր ասպարեզներում լայն կապեր ունեցող» գործիչ է։ Ու որոշ ժամանակ այդպիսին էլ մնալու է՝ որպես մի տեսակ բուֆերային գոտի ապագա վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ապագա առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի միջեւ (որպեսզի հանկարծ հասարակության մեջ այնպիսի տպավորություն չստեղծվի, թե այդ երկուսն իրենց կարգավիճակներով բավականին մոտ են ու իշխանական հիերարխիայում անվիճելիորեն զբաղեցնում են առաջին երկու տեղերը)։

Իսկ ավելի ուշ՝ երբ ամեն ինչ տեղը կընկնի, եւ բոլորի համար հստակ կլինի, որ Սերժ Սարգսյանը շարունակում է միանձնյա ղեկավարել երկիրը, Արմեն Սարգսյանը կամաց-կամաց իսկապես կդառնա «Անգլիայի թագուհի»։ Հակառակ դեպքում խորհրդարանական ընդդիմությունը «լսումներ կկազմակերպի», Բաղրամյան 26-ից ուղղորդվող լրատվամիջոցներն էլ ամենայն մանրամասնությամբ կլուսաբանեն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30