28.06.2012 00:46
Տարածել հոդվածը. facebook twitter

Ստոպ կադր

Ստոպ կադր

Կայացան Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչ վերջին երկու հանդիպումները։ Առաջին խաղում Իսպանիայի հավաքականը մի կարգ բարձր էր Ֆրանսիայի հավաքականից, եւ մրցակցություն չստացվեց։ Փաստորեն, այս հանդիպումը սկսվել էր Ֆրանսիայի հավաքականի... հանդերձարանից։

Այն վիճաբանությունները, որոնք տեղի էին ունեցել Շվեդիայի հավաքականի հետ հանդիպումից հետո, էական ազդեցություն թողեցին ֆրանսիացիների մեկնարկային կազմի վրա։ Վիճաբանության մեղավորները` Նասրին, Դիարան եւ Բեն Արֆան Բլանի կողմից պատժի էին ենթարկվել եւ մնացել պահեստայինների նստարանին։

Արդյունքում ֆրանսիացիների մեկնարկային կազմում նոմինալ հինգ պաշտպան կար։ Ի՞նչ հարձակողական մարտավարություն, ի՞նչ «Բարսելոնայի» փիլիսոփայություն, որի մասին այդքան հայտարարում էր Լորան Բլանը։ Դրա մասին խոսք լինել չէր կարող։ Եվ զարմանալի չէ, որ հանդիպման հենց առաջին րոպեներից ծանոթ սցենար տեսանք. իսպանացիները տիրում են նախաձեռնությանը, գնդակ են պահում, անթիվ փոխանցումներ կատարում, մերթընդմերթ գրոհներ կազմակերպում, իսկ մրցակիցը անընդհատ պաշտպանվում է։ Ֆրանսիացիների խաղը այս առաջնությունում այդպես էլ հասկանալի չեղավ։ Պարզ չէր, թե իրականում որն է նրանց խաղային, մարզական իրական դեմքը։

Ֆրանսիացիները ցուցադրեցին այն ֆուտբոլը, որը թույլատրում էր Իսպանիան։ Տոտալ առավելություն, տոտալ վստահություն, իսպանացիները ըստ էության, շատ պրագմատիկ ֆուտբոլ էին խաղում։ Խփեցին գոլը եւ վերջ, կարելի էր հանդիպումը ավարտել, այնքան վստահ էին վերահսկում իրավիճակը Դել Բոսկեի խաղացողները։ Ոչ մի շանս, ոչ մի սողանցք ֆրանսիացիներին չտրվեց։ Ռիբերին եւ Բենզեման խաղից դուրս վիճակում էին։ Իսկ դա նշանակում է, որ խաղից դուրս վիճակում է ամբողջ հավաքականը։ Իսպանիան խաղաց. «Մենք կխփենք այնքան, որքան ուզենք, դուք կխփեք այնքան, որքան կկարողանաք» նշանաբանով։ Չկար, խաղադաշտում մրցակցություն չկար։ Իսպանացիները հաղթեցին 2։0 հաշվով, ռացիոնալ եւ հաշվենկատ կերպով օգտագործելով իրենց ուժերը։

Իսկ մյուս քառորդ եզրափակիչ վերջին հանդիպման հաղթողը միայն 11 մետրանոց հարվածների շնորհիվ որոշվեց։ Իտալիա - Անգլիա հանդիպումը, ինչպես եւ կանխատեսվում էր, կողմերի համար ստացվեց շատ բարդ եւ ծանր։ Բուքմեյքերը, մասնագետները խաղից առաջ հավասար էին գնահատում հնարավորությունները։ Միակ հանդիպումը, որը չուներ ֆավորիտ։

Խաղի հաշիվը հաստատեց դա, իսկ ահա ընթացքը` ոչ։ Իտալիայի հավաքականը խաղի ամբողջ ընթացքում ավելի մոտ էր հաղթանակին։

Անգլիացիները նորից ոչնչով չզարմացրեցին։ Մեծ ուժեր հատկացնելով պաշտպանությանը` նրանք շեշտը դրել էին հակագրոհների վրա։ Մինչդեռ իտալացիները անընդհատ գրոհում էին, եւ նրանց գրոհները շատ բազմաշերտ էին, դրանց մասնակցում էին մեծ թվով ֆուտբոլիստներ, առջեւում անընդհատ գոլային պահեր էին ստեղծվում։ Ակնհայտ դարձավ անգլիացիների ամենաթույլ տեղը. կենտրոնական պաշտպանությունը։ Այս գոտու խաղացողները բազմիցս բաց էին թողնում իտալացիների գրոհները։ Միայն Բալոտելին կարող էր 4-5 գոլ խփել։ Պարզապես զարմանալ կարելի է, թե ինչպես էր այս հարձակվողը փչացնում հիանալի պահերը։

Իտալիայի հավաքականի խաղը ավելի ամբողջական, հասուն, գրագետ, տակտիկապես բազմազան էր։ Յուրաքանչյուր խաղային դրվագում երեւում էր նրանց առավելությունը։ Իտալացիները խաղում էին հաղթելու համար, անգլիացիները` չպարտվելու։ Իտալացիները մինչեւ հանդիպման 120-րդ րոպեն պաշարել էին մրցակցի տուգանային հրապարակը, փորձելով խաղի ընթացքին տրամաբանական հաշիվ ունենալ։ Բայց Հարտի եւ անգլիացիների պաշտպանների շնորհիվ հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածներով։ Սա անգլիացիների ուզածն էր։ Բայց այստեղ արդարությունը հաղթանակեց. հաղթեց այն թիմը, որն ավելի արժանի էր դրան` Իտալիայի հավաքականը։

Ավելի լավ է, ներկայացնենք հանդիպման վիճակագրությունը, որպեսզի արդարության մասին մեր տեսակետը կասկածի տեղիք չտա։ Իտալիա - Անգլիա. հարվածներ դարպասի ուղղությամբ` 8-1, հարվածներ դարպասին` 17-7, տարածքային առավելություն`63-37։ Իտալիան հաղթեց եւ այժմ կիսաեզրափակիչում կհանդիպի գերմանացիների հետ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30