21.03.2017 10:37 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ով հանուն ինչի

Քաղաքական ուժերի իրական նպատակները

Քաղաքական ուժերի իրական նպատակները

Նախընտրական քարոզարշավի համար նախատեսված ժամկետի կեսից ավելին անցել է, բայց առայժմ այնքան էլ հասկանալի չէ, թե որոնք են ընտրություններին մասնակցող ինը ուժերի իրական նպատակները։ «Պաշտոնապես» բոլորի նպատակները մոտավորապես նույնն են` բոլորը հայտարարում են, որ ուզում են խորհրդարանում մեծամասնություն ստանալ եւ Հայաստանը դրախտ դարձնել, բայց նաեւ ակնհայտ է, որ նախ` այդ ուժերի ճնշող մեծամասնությունն ընտրություններում «բացարձակ հաղթանակի» հասնելու շանս չունի, ունենա էլ` Հայաստանը դրախտ դարձնել չի կարող։ Հետեւաբար` շատ կարեւոր է մի կողմ դնել դեկլարատիվ «կենացներն» ու փորձել հասկանալ իրական նպատակները։

ՀՀԿ. Այս ուժի դեպքում ամեն ինչ պարզ է։ Նպատակը ամեն գնով իշխանությունը պահպանելն է, որպեսզի Սերժ Սարգսյանն իր թիմով շարունակի այն, ինչով զբաղվել է վերջին տասը տարիների ընթացքում, այսինքն` մինչեւ վերջ քամի երկիրը։ Եթե նա այլ նպատակ ունենար (օրինակ` Հայաստանի համար իսկապես ապահովել անվտանգություն եւ առաջընթաց), ապա վերջին տասը տարիների ընթացքում այդ ուղղությամբ գոնե մի երկու քայլ արած կլիներ։

Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի իմիջն ընդամենը միջոց է` այդ նպատակին հասնելու համար։

Ծառուկյան դաշինք. Այս ուժի իրական նպատակը, կարծում ենք, հետեւյալն է` զգալի ներկայություն ունենալ հաջորդ խորհրդարանում, թույլ չտալ, որ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունենա, այդպիսով կարեւոր դերակատարում ստանձնել քաղաքական կյանքում եւ դրանով իսկ տնտեսական անվտանգության երաշխիքներ ապահովել։

ՕՐՕ դաշինք. Այս ուժի իրական նպատակները կռահելն ամենաբարդն է։ Խորհրդարանում մեծամասնություն ունենալու շանսերը զրոյական են, պարզապես խորհրդարանում հայտնվելն ու հետագայում իշխանությունների հետ «բազառների մեջ մտնելն» անիմաստ է` եթե նպատակն այդ ճանապարհով պաշտոններ ստանալն էր, ապա կարող էին դրան հասնել այլ ձեւերով (կամ ընդհանրապես դուրս չգալ իշխանական համակարգից)։

Ամենահավանականն այն է, որ այդ դաշինքն ի սկզբանե ձեւավորվել էր խորհրդարանի երկրորդ ուժը դառնալու նպատակով, բայց Ծառուկյանի վերադարձով դա անհնարին դարձավ, ու հիմա ՕՐՕ դաշինքը քարոզարշավը շարունակում է իներցիայով, քանի որ «էշին նստելը մի՛ այիբ է, էշից իջնելը` երկու»։

ՀՅԴ. Այստեղ ամեն ինչ պարզ է։ Նպատակը` մի կերպ խցկվել խորհրդարան, կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, մի քանի պորտֆել ստանալ ու շարունակել խորհրդավոր լռությունը, քանի որ ուտելիս չեն խոսում։

«Ելք» դաշինք. Իրական նպատակը, կարծում ենք, Ազգային ժողով մտնելն ու խորհրդարանում ներկայացված միակ «արեւմտամետ ուժը» դառնալն է։ Դա կապահովի կայուն եւ երկարատեւ ներկայություն քաղաքական դաշտում, ժողովրդահաճ ելույթների մշտական հնարավորություն, գրանտներ, ուղեւորություններ, բիզնես-հնարավորություններ եւ այլն, մի խոսքով` երաշխավորված բարեկեցիկ կյանք։

«Ազատ դեմոկրատներ». Իրական նպատակը առանձնապես չի տարբերվում «Ելք» դաշինքի նպատակներից։

«Հայկական վերածնունդ». Իրական նպատակը` հայտնվել խորհրդարանում, հույս ունենալ, որ միայն ՀՅԴ-ի հետ կոալիցիան «քչություն կանի» ՀՀԿ-ի համար, ու կոալիցիա մտնելով` մի քանի պորտֆել ստանալ։

Կոնգրես-ՀԺԿ դաշինք. Իրական նպատակը` ամեն ինչ անել, որ «պատերա՞զմ, թե խաղաղություն» հարցը վերջապես լրջորեն քննարկվի հասարակության մեջ։ Խորհրդարանում հայտնվել-չհայտնվելը կարծես թե այնքան էլ կարեւոր չէ, որովհետեւ եթե կարեւոր լիներ` դաշինքը հանդես կգար բոլորովին այլ կարգախոսներով եւ հռետորաբանությամբ ու հաջորդ խորհրդարանում լուրջ ներկայություն ապահովելու պրոբլեմ չէր ունենա։

ՀԿԿ. Միակ նպատակը թերեւս իրենց մասին հիշեցնելն է եւ ինչ-որ կերպ քաղաքական կյանքում ներգրավված լինելու ձգտումը։ Կոմկուսի դեպքում որեւէ այլ իրական նպատակ գոյություն ունենալ չի կարող։

Իսկ հասարակությունը, կարծում ենք, ընտրությունների գնալիս պիտի հստակ իմանա, թե որոնք են այս կամ այն ուժի իրական նպատակները, եւ ըստ դրանց էլ քվեարկի։ Հաշվի առնելով ոչ թե քաղաքական ուժերի, այլ ի՛ր առաջնահերթությունները։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30