06.04.2013 18:05 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչպես է պրծնում երկիրը

Գաղջ մթնոլորտի ճարտարապետները

Գաղջ մթնոլորտի ճարտարապետները

Gallup ընկերությունը (ենթադրաբար` իսկականը, եւ ոչ թե ընտրությունից ընտրություն Հայաստանում փող աշխատող կոոպերատիվը) նախկին ԽՍՀՄ 12 հանրապետություններում հարցումներ է անցկացրել` պարզելու համար, թե որ երկրի բնակչությունը որքանով է հակված արտագաղթի։ Բացահայտ առաջատարը Հայաստանն է. մեր բնակչության 40 տոկոսը, պարզվում է, հնարավորության դեպքում կարտագաղթեր երկրից։ Համեմատության համար նշենք, օրինակ, որ Վրաստանում եւ Ադրբեջանում այդ ցուցանիշը 14 տոկոս է։

Որքան էլ Սերժ Սարգսյանը պնդի, որ արտագաղթի հիմնական պատճառը գաղջ մթնոլորտն է (տեսնես ո՞ւմ պատճառով է մթնոլորտն այդքան գաղջ), այնուամենայնիվ հասկանալի է, որ մարդիկ արտագաղթում են հիմնականում սոցիալական խնդիրների պատճառով։ Պարզապես չեն կարողանում ապրել Հայաստանում։ Նորմալ աշխատանք գտնելու հնարավորություն չկա, բիզնեսով զբաղվելու հնարավորություն չկա, վիճակն էլ օրեցօր վատանում է։ Բերենք մի քանի օրինակ։ Ապրիլի 1-ից Երեւանի շատ խանութներում թանկացումների նոր ալիք է սկսվել` թանկացել է հացը, ծխախոտը, ձավարեղենը, խմիչքը, ձեթը եւ այլն։ Պատճառները հայտնի չեն. թանկացել է, եւ վերջ։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկային մուտքերն ավելացել են միանգամից 35-40 տոկոսով։ Եթե տնտեսությունն աճում է ընդամենը 7 տոկոսով, իսկ հարկերն ավելանում են 35-40 տոկոսով, նշանակում է` հարկային բեռը կտրուկ ավելացել է։ Այլ բացատրություն լինել չի կարող։ Թե ինչ հնարքներով ու ձեւակերպումներով է կառավարությունն ավելացրել հարկային բեռը` էական չէ, կարեւորը վերջնական արդյունքն է։ Իսկ Հայաստանում, հիշեցնենք, միջին աշխատավարձը 120-130 հազար դրամ է։ Դրանով գուցեեւ հնարավոր է ֆիզիկապես գոյատեւել, բայց համաձայնվեք` նման եկամուտով ապագայի ծրագրեր կազմել (ասենք` նորմալ կրթություն ստանալ, բնակարան ձեռք բերել, ընտանիք կազմել) հնարավոր չէ։ Հետեւաբար` բոլոր նրանք, ովքեր այդպիսի «հավակնոտ» ծրագրեր ունեն, պիտի հնարավորինս արագ հեռանան Հայաստանից, ինչը եւ անում են։

Հիմա հարցին նայենք այլ տեսանկյունից։ Հասկանո՞ւմ է արդյոք այս ամենը Սերժ Սարգսյանը։ Դատելով վերջին ասուլիսից` չի հասկանում։ Նա, օրինակ, պնդում էր, որ մարդիկ ամենեւին էլ արդարության պակասի պատճառով չեն հեռանում Հայաստանից, որովհետեւ արտագաղթողները հիմնականում Ռուսաստան են գնում, իսկ այնտեղ արդարության առումով վիճակն ավելի լավ չէ (համենայն դեպս` հայերի համար)։ Այո, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում «արդարության» հասնել կարելի է միայն փողով` լինի դա ոստիկանության, դատարանների թե իշխանության տարբեր օղակների հետ հարաբերություններում։ Բայց խնդիրն էլ հենց այն է, որ Ռուսաստանում այդ փողը վաստակել հնարավոր է, իսկ Հայաստանում հնարավոր չէ։ Պարզ ասած` փող ունեցող հայը Ռուսաստանում ավելի պաշտպանված է, քան փող չունեցողը` Հայաստանում։ Դրա համար էլ մարդիկ գնում են այնտեղ, որտեղ պաշտպանված լինելու ավելի մեծ շանսեր կունենան։

Կամ, ասենք, նույն Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե ցանկացած կառավարություն, որը 7 տոկոսից ցածր տնտեսական աճ կապահովի, հրաժարական կտա։ Լավ, ենթադրենք` ընդերքը մի քիչ ավելի շատ քչփորեցին եւ 50 հազար տոննայի փոխարեն, ասենք, 100 հազար տոննա պղինձ արտահանեցին։ Մե՞զ ինչ։ Ասենք` դրա մի չնչին մասը հարկերի տեսքով մտավ բյուջե, մե՞զ ինչ։ Շատ-շատ` պիտի Դիլիջանի «համաշխարհային ֆինանսական կենտրոնի» լողավազանների պատերը ոչ թե տեղական մարմարից կառուցեն, այլ իտալական, կամ երկուսի փոխարեն տասներկու բիոզուգարան առնեն, բայց արդյո՞ք դրանից բնակչության սոցիալական վիճակը կբարելավվի։ Պատկերացրեք` ընտանիքի հայրը վաստակում է, ասենք, ամսական 150 հազար դրամ, բայց տուն է հասցնում միայն 50 հազարը, իսկ մնացածն անմիջապես տանուլ է տալիս մոտակա կազինոյում։ Հիմա այդ ընտանիքի անդամների համար ո՞րն է կարեւոր, որ նրա աշխատավարձը բարձրանա՞, թե՞ որ նա այդ եղածով ընտանիքի կարիքները հոգա։ Վերջին հաշվով` խնդիրը շատ պարզ է. Հայաստանը դատարկվում է, որովհետեւ մարդկանց սոցիալական վիճակը շատ ծանր է, կենսամակարդակն էլ օրեցօր ընկնում է։ Հետեւաբար` արտագաղթը կասեցնելու համար պետք է բարձրացնել մարդկանց կենսամակարդակը։ Կարող էր, չէ՞, Սերժ Սարգսյանը հայտարարել, որ ցանկացած կառավարություն հրաժարական կտա, եթե չկարողանա ժողովրդի կենսամակարդակը բարձրացնել, ասենք, տարեկան 5 տոկոսով։ Բայց նա կենսամակարդակի վրա թքած ունի, նրան բյուջեն է հետաքրքրում, որովհետեւ իրենց «օբշչակը» բյուջեն է։ Դրա համար էլ կառավարության առջեւ ա՛յդ խնդիրն է դնում։

Այնպես որ` «գաղջ մթնոլորտ» ստեղծելու խնդիրը դրված է կառավարության գործունեության հիմքում։ Եվ Տիգրան Սարգսյանը հաջողությամբ է իրականացնում «շեֆի» հանձնարարականը։ Իսկ գործընթացը շարունակվում է։ Համենայն դեպս` թանկացումների նոր ալիքն արդեն սկսվել է։ Հարկային «բարեփոխումների» հետեւանքներն էլ նոր-նոր սկսում են ի հայտ գալ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30