18.11.2016 08:16 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Իսկ ընդվզում չկա, ոնց որ

Մի պարտադրված հարցազրույցի մասին

Մի պարտադրված հարցազրույցի մասին

Սերժ Սարգսյանը երեւի շատ կցանկանար ինչ-որ կերպ խուսափել Դմիտրի Կիսելյովին հարցազրույց տալուց, բայց ըստ երեւույթին չի կարողացել։ Պաշտոնական Մոսկվան նրան ստիպել է հրապարակավ խոսել ե՛ւ ԵԱՏՄ-ի ու հայ-ռուսական հարաբերությունների, ե՛ւ, որ ամենակարեւորն է, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։

Ընդ որում` անձամբ Կիսելյովին Սերժ Սարգսյանի դիրքորոշումն, իհարկե, չէր հետաքրքրում. նա այդ դիրքորոշմանը վաղուց է ծանոթ։ Նրան պետք էր, որ Սերժ Սարգսյանը սեփական ժողովրդին բաց տեքստով ասի այն, ինչ միշտ ասել է բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ Սերժ Սարգսյանը ստիպվա՛ծ եղավ անել դա։ Հո չէ՞ր կարող ռուսական պաշտոնական քարոզչության հիմնական պատասխանատուներից մեկին պատմել այն նույն հեքիաթները, որ Հայաստանի «ազատ, բայց պատասխանատու լրատվամիջոցների» խմբագիրներին է պատմում ժամանակ առ ժամանակ։

Եվ այսպես` ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը։ «Մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն ժողովուրդների ինքնորոշումը ոչ մի ձեւով չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, քանի որ տարածքային ամբողջականությունն առնչվում է պետությունների միջեւ հարաբերություններին, իսկ ինքնորոշումը` մայրաքաղաքի եւ ժողովրդի, որը կոմպակտ բնակվում է քաղաքակիրթ աշխարհում»։ Հասկացա՞ք։ Այսինքն` ղարաբաղցիները «կոմպակտ բնակվող ժողովուրդ» են, ու խնդիր ունեն իրենց մայրաքաղաք Բաքվի հետ։ Իսկ մենք միամտաբար կարծում էինք, որ Ստեփանակերտը նույնպիսի մայրաքաղաք է, ինչպիսին Բաքուն։

Ուրիշ է՞լ ինչ է ասել Սերժ Սարգսյանը։ Ասել է, որ «Երեւանն ու Բաքուն» մի քանի անգամ մոտ են եղել կարգավորման փաստաթղթի ստորագրմանը, ըստ որի «հայկական կողմը», այսինքն` Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք ներկայումս զբաղեցված են` որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, թե օկուպացված են։ Սակայն առաջին կետով այնտեղ հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը լուծվելու է ԼՂ բնակչության ազատ կամարտահայտման ճանապարհով»։ Հետո էլ ավելացրել է, թե հայկական կողմը հենց հիմա էլ պատրաստ է վերադառնալ այդ փաստաթղթին։ Իյա, իրո՞ք։ Իսկ պատահաբար չե՞ք հիշում, թե ժամանակին ովքեր Հայաստանում պետական հեղաշրջում իրականացրեցին` Ղարաբաղի կարգավիճակի դիմաց հինգ շրջաններ վերադարձնելու միտքը գնահատելով որպես պարտվողականություն։ Ոնց որ թե Սերժ Սարգսյանն էլ էր նրանց մեջ։ Իսկ հիմա, ուշադրություն դարձրեք, խոսքը միայն հինգ շրջանների մասին չէ։ Որեւէ սահմանափակում ընդհանրապես չկա` հիմա հայկական կողմը պատրաստ է «թողնել այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, թե օկուպացված են»։ Իսկ նրանք, ի դեպ, օկուպացված են համարում ոչ միայն յոթ շրջանները, այլեւ բուն Ղարաբաղը։ Կարող էր, չէ՞, Սերժ Սարգսյանն ասել, որ խոսքը «զբաղեցված տարածքների մի մասի» մասին է։ Բայց երեւի չէր կարող։ Կիսելյովը կասեր «մի րոպե, բռատ, ոնց որ թե բանակցությունների սեղանի շուրջ ուրիշ բաներ էիր ասում, հիմա` ուրիշ»։

Մի խոսքով` Ռուսաստանը Սերժ Սարգսյանին ստիպեց աշխարհով մեկ պաշտոնապես հայտարարել տարածքները վերադարձնելու պատրաստակամության մասին։ Եթե Մոսկվան իսկապես որոշել է վերջնականապես կարգավորել ղարաբաղյան խնդիրը (բնականաբար, Ադրբեջանի օգտին` այդ երկրի` ԵԱՏՄ-ին անդամակցելու դիմաց), ապա դա առաջին քայլն է։ Սերժ Սարգսյանին պիտի ստիպել, որ սեփական ժողովրդին ասի այդ մասին, որպեսզի հետո բանակցությունների սեղանի շուրջ չկարողանա արդարանալ, թե «ես տարածքները վերադարձնելուն դեմ չեմ, բայց ժողովուրդը կընդվզի»։ Հիմա արդեն դրա պատասխանը կա. «ընդվզող լինեին` այդ հարցազրույցից հետո կընդվզեին, բայց ոնց որ թե լավ էլ հանգիստ ընդունեցին»։

Այնպես որ` եթե հասարակությունը դեմ է «զբաղեցված տարածքների» վերադարձին, պիտի իր անհամաձայնությունը հիմա՛ արտահայտի։ Սա, ի դեպ, նաեւ ԼՂՀ իշխանություններին ու ժողովրդին է վերաբերում։ Հակառակ դեպքում կստացվի, որ կամ հասարակությունը նույնպես դեմ չէ, կամ էլ` Հայաստանում ու Ղարաբաղում Սերժ Սարգսյանի ասածներին որեւէ մեկը լուրջ չի վերաբերվում։

Երկու տարբերակներն էլ ցանկալի չեն, հետեւաբար` հասարակության արձագանքը անպայման պիտի լինի։ Ցանկալի է` բուռն արձագանքը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30