08.10.2013 18:02 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Խաղեր են տալիս

Սոչիի օլիմպիադան եւ կոռուպցիան

2014թ. Սոչիի Ձմեռային Օլիմպիական խաղերին բան չի մնացել, այնպես որ, միջազգային հանրության ուշադրությունը Խաղերի նկատմամբ աստիճանաբար մեծանալու է։

Առանց այդ էլ Սոչիի խաղերի հանդեպ Արեւմուտքում հեգնանքի, կասկածանքի մեծ պաշար կա։ Սրան էլ գումարվեց այն զավեշտական միջադեպը, երբ Հունաստանից Ռուսաստան հասցրած օլիպիական կրակը Մոսկվայում՝ հենց Կրեմլի պատերի տակ մարեց։ Այդ պահին Օլիմպիական ջահը տանում էր հայ լեգենդար մարզիկ, ստորջրյա լողի աշխարհի բազմակի չեմպիոն եւ ռեկորդակիր Շավարշ Կարապետյանը։ Վերջինս պատմությանն ավելի հայտնի է իր բացառիկ սխրանքով, երբ կարողացել էր փրկել Երեւանյան լիճն ընկած տրոլեյբուսի տասնյակ ուղեւորների։ Այս անգամ, ցավոք, մեր լեգենդը իրավիճակը փրկելու հնարավորություն չուներ. գործին միջամտեց անվտանգության աշխատակիցներից մեկը, որը կրակայրիչով երկրորդ «շունչը» հաղորդեց։ Հետո ջահը մեկ այլ մարդու ձեռքում էլ մարեց, բայց երեւի արդեն գազի որակից է։

Իսկ ահա Արեւմուտքը ջահի արկածներին ընդհանրապես ուշադրություն չի դարձնում, նրա համար Սոչիի Օլիմպիադայի հետ կապված ավելի լուրջ խնդիրներ կան։ Արեւմտյան լրատվամիջոցներն ու քաղաքագետները թմբկահարում են, որ Սոչի ժամանած մարզիկներն ու երկրպագուները բախվելու են Օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենաագրեսիվ եւ մշակված գաղտնալսման համակարգի հետ։

Լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները (Ղհը) Սոչիի շրջանում COPM համակարգի միջոցով (օպերատիվ հետախուզական միջոցառումներն ապահովող տեխնիկական միջոցների համակարգ) հեռախոսային եւ ինտերնետային կապուղիները վերահսկելու եւ գաղտնալսելու անսահմանափակ իրավունքներ են ստացել։ Այդ համակարգը թույլ կտա էլեկտրոնային նամակագրությունները կարեւոր արտահայտությունների եւ բառերի միջոցով ընթերցել։

Ռուսաստանի բոլոր բջջային օպերատորները եւ ինտերնետ-պրովայդերները օրենքով պարտավոր են իրենց մոտ COPM համակարգ տեղադրել, որից հետո Ղհը-ն (ՌԴԾ) կարող է միանալ ցանկացած հեռախոսազրույցի առանց օպերատորին տեղյակ պահելու։ Արեւմուտքում ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ Օլիմպիադայի անվտանգության պատասխանատու է նշանակվել ՌԴԾ-ի հակահետախուզության ծառայության պետ Օլեգ Սիրոմոլոտովը։ Այսինքն, Սոչիում կարգ ու կանոնի պահպանմամբ զբաղվելու է մի մարդ, որը իր գործունեության ընթացքում ոչ թե ահաբեկիչների է որսացել, այլ լրտեսների։

Հունիսին «Ռոստելեկոմը» Սոչիում գործարկեց 4G LTE բջջային ցանցը՝ խոստանալով Օլիմպիադաների պատմության մեջ ամենաարագ Wi-Fi կապն ապահովել։ Սակայն, միեւնույն ժամանակ, «Ռոստելեկոմը» իր բոլոր բջջային ցանցերում տեղադրում է ՌԴԾ-ի համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ։

Բրիտանական The Independent-ի կարծիքով, Սոչիի Օլիմպիադայում այլ կարգի պրոբլեմներ էլ են լինելու, որոնք լուրջ ստվեր են գցելու ռուսական իշխանությունների վրա։

Առայժմ պարզ չէ, թե ռուսական իշխանությունները Սոչիում ինչպես են արձագանքելու սեռական փոքրամասնությունների հետ համերաշխության ակցիաներին։ Մասնավորապես, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող չմշկավազորդ Բլեյք Սկյելերուպը հայտարարել է, որ մրցումների ժամանակ համապատասխան «նշան» է կրելու համազգեստի վրա, իսկ Մոսկվայում գործող ակտիվիստները տեղեկացրել են, որ Սոչիում Օլիմպիադայի բացման օրը գեյ-շքերթ են անցկացնելու։

Մյուս խնդիրը՝ ապօրինի աշխատուժն է եւ ահավոր մասշտաբների կոռուպցիան։ Human Rights Watch-ի տվյալներով, սեպտեմբերին սկսված հատուկ գործողությունների ընթացքում ոստիկանությունը Սոչիում կալանավորել է աշխատող հարյուրավոր միգրանտների, որոնցից շատերը աշխատում էին օլիմպիական օբյեկտների շինարարությունում եւ ապրում անմարդկային պայմաններում;

Շինարարության վատ որակը եւ աճող ծախսերը վնաս են հասցնում օլիմպիական ենթակառուցվածքներին։ Դահուկային տրամպլինը մի քանի անգամ փոփոխության են ենթարկել, եւ նրա արժեքը 24,8 մլն ֆունտից դարձել է 165 մլն։

Հաշվի առնելով գների համաշխարհային միջին մակարդակը, Սոչիի Օլիմպիադայի ծախսերը կկազմեն 24 մլրդ դոլար։ Մնացած 26 միլիարդը յուրացվել եւ գնացել է «ատկատների» վրա։ Ծովափնյա եւ լեռնային գոտիներում գտնվող օբյեկտները միացնող երկաթուղու շինարարության ծախսերը 1,8 մլրդ ֆունտից դարձան 5,2 մլրդ ֆունտ։ 

Թեպետ Սոչիի շինարարության հետ կապված որոշ պաշտոնյաներ կոռուպցիայի համար մեղադրանքներ են ներկայացրել, սակայն նրանցից ոչ մեկին այդպես էլ մեղավոր չեն ճանաչել օլիմպիական օբյեկտների շինարարության ընթացքում տեղ գտած չարաշահումների համար։ Սա հասկանալի է, քանի որ նրանց թիկունքում արդեն գերհզոր ուժեր են կանգնած, որոնց թելերը հասնում են մինչեւ Կրեմլ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31