30.05.2017 11:23 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Օտարն ու յուրայինը

Կուլակաթափության ռազմահայրենասիրական բաղադրիչը

Կուլակաթափության ռազմահայրենասիրական բաղադրիչը

Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունը, թե հայ մեծահարուստները պիտի բացեն իրենց քսակները, բավականին մեծ իրարանցում է առաջացրել, որովհետեւ Էդուարդ Շարմազանովը գործնականում ոչ այնքան ՀՀԿ-ի, որքան անձամբ Սերժ Սարգսյանի խոսնակն է ու հազիվ թե առանց նրա համաձայնության այդպիսի բան ասեր։ Ու հիմա շատերն են իրենք իրենց հարցնում` տեսնես նրա միջոցով ի՞նչ էր ուզում ասել Սերժ Սարգսյանը, եւ կոնկրետ ո՞ւմ մասին է խոսքը։

Բանն այն է, որ զուտ իրավական տեսանկյունից «քսակներ բացելու» պահանջն անհեթեթություն է, հետեւաբար` նման կոչը (կամ պահանջը) պետք է դիտարկել կամ «ռազմահայրենասիրական» տիրույթում, կամ կիսակրիմինալ «ռազբորկաների»։ Մեր դեպքում ակնհայտ է, որ գործում է, այսպես կոչված, հիբրիդային տարբերակը. դրսի հայ մեծահարուստների համար գործի է դրվում ռազմահայրենասիրական բաղադրիչը, իսկ Հայաստանում ապրողների (կամ Հայաստանում հարստացածների) համար` «օբշչակին ավելի շատ մուծվելու» չոր պահանջը։ Ընդ որում` դրսի դեպքում առանձնապես մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ։ Դրսի հայ մեծահարուստները վաղուց արդեն «կուտը չեն ուտում» (որովհետեւ տեսել են, թե ինչպես են ծախսվում իրենց գումարները)։

Ինչ վերաբերում է Հայաստանում ապրողներին, ապա մեզանում օրինական ճանապարհով մեծահարուստ դարձածներ համարյա չկան, եթե մի երկու հոգի էլ կան` ենթադրվում է, որ տեղը տեղին վճարել են բոլոր հարկերը, ու հետեւաբար` հեչ պարտավոր չեն լրացուցիչ «բացել քսակները»։ Բայց խնդիրը բոլորովին այլ է. «քսակները բացելու» պահանջը վերաբերում է բոլո՞ր մեծահարուստներին, թե՞ միայն նրանց, ովքեր պաշտոնապես են մեծահարուստ, իսկ ընդհատակյա միլիոնատերերին դա չի վերաբերում։ Սերժ Սարգսյանն, օրինակ, պաշտոնապես մեծահարուստ չէ, ավելին` շրջապատի համեմատ համարյա ընչազուրկ է, եւ Էդուարդ Շարմազանովի ասածն ակնհայտորեն նրան չի վերաբերում։ Բայց Սերժ Սարգսյանը մի մեծ առավելություն ունի` նա շատ լավ գիտի, թե «պաշտոնական» մեծահարուստներից ու ընդհատակյա միլիոնատերերից ով իրականում որքան փող ունի, ինչպես է վաստակել ու որտեղ է պահում։ Այսինքն` ցանկության դեպքում նա կարող է կանչել ցանկացած օլիգարխի եւ շատ կոնկրետ ասել, թե նա ինչ չափով պիտի բացի իր քսակը։

Բայց այստեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա։ Թվում է` ամեն ինչ ճիշտ է, իշխանությունները «ժողովրդի սրտից են խոսում», մեծահարուստներին վաղուց էր պետք ստիպել, որ թալանածի գոնե մի մասը վերադարձնեն եւ այլն։ Բայց սա` միայն առաջին հայացքից։ Իրականում մեծահարուստներն իրենց միլիոնները կուտակել են կամ բյուջեն թալանելու հաշվին, կամ շարքային քաղաքացիների գրպանի հաշվին (չարաշահելով իրենց մենաշնորհային դիրքը), կամ ընդերքի (այսինքն` ապագա սերունդների) հաշվին։ Ու եթե շարունակեն թալանել նույն ձեւով, բայց թալանածի մի մասը տան Սերժ Սարգսյանին (իբր` որպեսզի նա ինչ-որ հարցեր լուծի), դրանից ժողովրդի վիճակն առանձնապես չի լավանա, Հայաստանում ապրելու եւ բիզնես ծավալելու պայմանները չեն բարելավվի, երկիրն էլ կշարունակի դատարկվել։ Ավելին` մեծահարուստներն իրե՛նք «կհանեն» իրենց բիզնեսները ու կփախչեն երկրից։ Էլ չենք խոսում այն մասին, որ Սերժ Սարգսյանը հազիվ թե «օբշչակը» ծառայեցնի պետության կարիքների համար։ Ծառայեցնող լիներ` բյուջեն կծառայեցներ։ Իսկ եթե արդեն հասկացել է, որ այսպես շարունակվել չի կարող, որովհետեւ պետության գոյությունն է վտանգի տակ, այդ դեպքում ինքն իրենից կսկսեր ու առաջինը ինքը կբացեր քսակը։ Պարտադիր չէ անձամբ։ Կարող էր, չէ՞, «հաջողակ գործարար» Ալեքսանդր Սարգսյանն օրինակ ծառայել ու բացել քսակը` ասենք, մի կես միլիարդ դոլարի չափով։

Եթե սա չի արվում` նշանակում է իսկապես գործ ունենք կուլակաթափության հերթական ալիքի հետ։ Ընդ որում` առգրաված գումարների մի մասը գուցե իսկապես էլ ուղղվի որեւէ կարեւոր նպատակի։ Բայց դա լուծում չէ, որովհետեւ երկարաժամկետ հատվածում ավելի մեծ վնասներ է հասցնելու։

Թե՞ Հայաստանն արդեն այն վիճակում է, որ երկարաժամկետ հետեւանքների մասին մտածելու «վախտը չի», պետք է օրվա խնդիրները լուծել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30