06.04.2018 07:56 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Հաղորդում հանցագործության մասին

Ուշադրություն, խարդախ է

Ուշադրություն, խարդախ է

Օրերս «ՉԻ» խմբագրություն էր ահազանգել Կենտրոն վարչական շրջանի բնակչուհի Ն.Բ.-ն եւ ներկայացրել իր պատմությունը, ըստ որի՝ ինքը պարտքով գումար էր տվել Մերգելյան այգում գտնվող երեխաների զարգացման ժամանցի կենտրոնի տնօրենին, որը ներկայացել էր որպես հայոց լեզվի ու գրականության մասնագետ, Մանկավարժական համալսարանի դասախոս եւ վստահություն ներշնչելով 300 դոլար գումար էր պարտքով խնդրել։

Երբ երիտասարդ կինը զանգահարել էր  տիկնոջը եւ խնդրել էր գումարը վերադարձնել, վերջինս կոպտել էր նրան, իսկ այնուհետեւ սկսել էր չպատասխանել զանգերին։ Իսկ երբ Ն.Բ.-ն գնացել էր ժամանցի կենտրոն, այստեղ դուռը փակ էր գտել։ Այգում աշխատող կանայք մոտեցել էին նրան եւ հարցրել, թե արդյո՞ք իրենից էլ են փող շորթել եւ երբ դրական պատասխան էին ստացել ասել էին. «Աղջիկ ջան, դու ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը, քեզ նման օրական տասը մարդ է գալիս` իրենց փողը վերադարձնելու հույսով։ Էդ կինը փորձառու խարդախ է ու շրջապատում բոլորին պարտք է»։

 Այս պատմությանը թերեւս կարելի էր ուշադրություն չդարձնել այն պարզ պատճառով, որ խարդախության նմանատիպ դեպքերի հաճախ կարելի է հանդիպել։ Ուշագրավն այստեղ մեկ այլ հանգամանք է։ Հարցումների արդյունքում պարզվել էր, որ խարդախը ոչ այլ ոք է, քան իրավապահներին քաջածանոթ, Երեւանի Համո Սահյանի անվան  թիվ 70 դպրոցի նախկին տնօրեն Հերմինե  Շափաղաթյանը։ Մի քանի տարի առաջ նրա անունը հայտնվել էր միանգամից  մի քանի քրեական գործերում։

Հիշեցնենք, որ դպրոցի նախկին տնօրեն Հերմինե Շափաղաթյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը խաբեությամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ, չունենալով համապատասխան լծակներ եւ իր խոստումը կատարելու իրական հնարավորություն, մարդկանց աշխատանքի ընդունելու հարցում օգնելու եւ աջակցելու պատրվակով վերջիններիցս վերցրել է գումարներ, սակայն չէր կատարել որեւէ խոստում՝ յուրացնելով վերցրած գումարները։

Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով  եւ ՀՀ քրեական օրեսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1 դրվագով։

 Հերմինե Շափաղաթյանը դպրոցի անունից, առանց որեւէ զգուշացման, առանց քաղաքապետարանին  գրավոր տեղեկացնելու, «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ից տասը նոթբուք էր գնել եւ չկարողանալով վճարել ամբողջական գումարը` դպրոցը դրել կալանքի տակ։ Ոչ ոք տեղյակ չէր եղել դրան. ո՛չ ուսուցչական կազմը, ո՛չ վերադաս մարմինները։ Մարման ժամկետներն ուշացրել էին, բայց երկարացված ժամկետում էլ վճարումը չէր արվել, իսկ ընկերությունը դատական ճանապարհով ցանկացել  էր բռնագանձել գումարը։ «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ն պահանջել էր դատական կարգով բռնագանձել   3175100 դրամ գումաը։

Հ.Գ.Ի դեպ, օրերս սոցիալական կայքերից մեկում երիտասարդ մի աղջիկ հայտնել  էր, որ Հերմինե Շափաղաթյանին 600 դոլար է տվել, որպեսզի վերջինս իրեն աշխատանքի տեղավորի, սակայն նա գումարը վերցնելով անհետացել է։

Հ.Գ.1 Մեր խմբագրություն ահազանգած Ն.Բ.-ն նշում էր, որ ինքը հույս չունի, թե երբեւէ իր գումարը կարող է հետ ստանալ, ուղղակի ցանկանում է, որ մեր թերթի միջոցով մեր համաքաղաքացիները իմանան կատարվածի մասին,  ճանաչեն եւ զգուշանան  գումար շորթող խարդախներից։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30