06.07.2012 22:56 Ա. Մ.
Տարածել հոդվածը. facebook twitter

Գիրք, որ միշտ քեզ հետ է

Ընթերցանությունը մեր օրերում

Ժամանակի ընթացքում ամեն բան փոփոխության է ենթարկվում։ Փոխվում է նույնիսկ մնայունը` հարմարվելով նոր իրողություններին։ Գրքի եւ ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը, զանգվածային լրատվամիջոցներով ու առօրեական թոհուբոհով ողողված աշխարհում, անցյալի համեմատ` կտրուկ նվազել է։

Իրանական «Mellat» պարբերականում տպագրված այս հոդվածում ընթերցանության մշակույթի զարգացման վրա ազդեցություն ունեցող գործոններից բացի, արծարծվում են նաեւ գրքերի ընթերցանության խնդրի հանդեպ ձեւավորված մոտեցումը փոփոխելու մեթոդները։ Թյուր կարծիք կա, թե աուդիո, վիդեո, արբանյակային եւ այլ հաղորդակցական միջոցների, ռադիոյի, հեռուստատեսության, ինտերնետի զարգացման ֆոնին մարդկանց մեջ գրքից գիտելիք քաղելու ցանկությունը հետզհետե նվազում է։ Գիրքը հին մշակութային ատրիբուտ է, որը երկար դարեր շարունակ մարդուց անբաժան է։ Սկզբում այն օգտագործել են իրադարձություններն արձանագրելու, գիտական ու կրոնական տեքստերը գրառելու համար։ Հետագայում, երբ հիմնադրվեց տպագրությունը, եւ ծնունդ առավ գեղարվեստական գրականությունը, գիրքը մարդու զբաղմունքի մաս դարձավ։

Ժամանակի պակասը, բազմապիսի զբաղմունքների առկայությունը եւ գրքի` մատչելի չլինելը նվազեցրին ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը։ Բայց եթե այս երեք պատճառները մանրամասն ուսումնասիրվեն, ապա պարզ կդառնա, որ ընթերցասեր մարդու համար դրանք չեն կարող արգելք հանդիսանալ։ Նախ` հարկ է նշել, որ ամեն օր մարդկանց ժամանակի մեծ մասն իզուր է անցնում։ Ուստի կարելի է գրքով լրացնել այդ դատարկությունը։ Երկրորդ` ի տարբերություն բազմաթիվ ժամանակակից զբաղմունքների, որոնք միայն ժամանակ են խլում, գիրք կարդալը մի շարք առավելություններ ունի։ Ի վերջո, գրադարանային ընթերցանությունը կարող է զգալիորեն մատչելի դարձնել գրքերի հասանելիությունը։

Այսպես, ըստ հոդվածագրի, վերոնշյալ պատճառներն ընդամենը պատրվակ են` «ինչո՞ւ մենք գիրք չենք կարդում» հարցին պատասխանելու համար։

Այդուհանդերձ, գրում է հեղինակը, մարդկանց կողմից ընթերցանության նկատմամբ հետաքրքրության պակասը կապված է այն հանգամանքի հետ, որ գիրքն այլեւս պահանջված չէ։ Մարդկանց պատկերացմամբ` գիրքը ինչ-որ վերացական բան է, եւ այն կարդալը հաճույք չի պատճառում։ Մյուս կողմից, ընթերցանությունը վեր է հանում անհատի անձնային ու սոցիալական տարբեր շարժառիթներ։ Ընթերցանությունն օգնում է իրազեկ դառնալ գոյություն ունեցող խնդիրների մասին` ցույց տալով դրանց հաղթահարման ուղիները։ Ընթերցանությունը ինքնավստահություն է ապահովում եւ օգնում է ազատվել սեփական անլիարժեքության ու սահմանափակ լինելու զգացումներից։ Ընթերցանությունն ամրապնդում է համոզմունքներն ու հայացքները, մտածելակերպ ու աշխարհայացք է ձեւավորում, անհատին պատրաստում է ընդունել նորը, ինչպես նաեւ կարծիքների փոխանակման ու քննարկումներին մասնակցելու արվեստ է սովորեցնում։ Եվ ի վերջո, ընթերցանությունը հնարավորություն է տալիս ծանոթանալ գրականության գոհարների հետ։

Որեւէ հետաքրքիր բանի ընթերցումը մարդուն դուրս է բերում լարվածությունից եւ հանգստացնում է։ Գիրքն ու դրա հանդեպ տածած հետաքրքրությունը ժառանգաբար չեն փոխանցվում։ Դա գիտելիքներ ձեռք բերելու միջոց է, որի օգնությամբ ուսուցումը պատանի հասակում զգալիորեն հեշտանում է։ Ուստի` կարեւոր է գրքի նկատմամբ ճիշտ վարմունք դաստիարակել, եւ գրքի նկատմամբ հետաքրքրությունը կառաջանա ինքնըստինքյան. մարդն ի վիճակի է վերացնել ընթերցանությանը խանգարող բոլոր խոչընդոտները։

Համապատասխան միջավայրի ու պայմանների նախապատրաստման միջոցով մշակութային զարգացումը նպաստում է ընթերցանության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը։ Դրա լավագույն օրինակներից է գրպանային գրքերի հրատարակման քաղաքականությունը, ինչի շնորհիվ գիրքը կարող է մշտապես «ներկա գտնվել եւ զարդարել անտեղի անցկացվող ժամանակը»։

Հեղինակի կարծիքով` ժամանակի անփոփոխ մնալու էությունը նորի ներմուծման մեջ է կայանում։ Նա լիովին համաձայն է, որ զանգվածային նոր լրատվամիջոցների ի հայտ գալու արդյունքում գրքային ոլորտը սեղմ է դարձել։ Միեւնույն ժամանակ, հոդվածագիրն առաջարկում է հենց այդ ԶԼՄ-ներն օգտագործել գրքի նկատմամբ հետաքրքրությունը վերականգնելու համար։ Ըստ նրա` գրքային մարքեթինգի մասնագետները այդ վիրտուալ միջավայրում կարող են արդյունավետ մարքեթինգային տեխնոլոգիաների միջոցով գովազդել ու վաճառել յուրաքանչյուր գիրք. դա, անկասկած, հնարավոր է։