Ականատեսների հավաստմամբ, առաջին պայթյունը տեղի է ունեցել կինոթատրոնի նախասրահում, ինչպես նաեւ նշվում է գազային հարձակման մասին։ Հանցախումբը ներխուժել է կինոթատրոն ծխային շաշկաներով եւ կրակոցների ներքո, որոնք այնքան ուժգին էին, որ փամփուշտներն անգամ դիպել են կինոհամալիրի մյուս 2 հարեւան սրահների պատերին։ Այնուհետեւ հայտարարություն էր տարածվել ահաբեկիչների կողմից ավելի ուշ նախատեսված երկրորդ պայթյունի մասին, որը պետք է տեղի ունենար կինոթատրոնի ավտոկայանատեղում տեղադրված հանցախմբին պատկանող «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում, սակայն ոչ մի պայթուցիկ այդտեղ չի հայտնաբերվել։
Իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել կասկածյալներից մեկին, ով, ինչպես պարզվեց, Հնդկաստանի քաղաքացի է։ Առաջին իսկ քննչական փորձից պարզվել է, որ ձերբակալվածի բնակարանում առկա են մի շարք պայթուցիկներ, զինամթերք եւ ռումբ, ինչի հետեւանքով ոստիկանությունը ստիպված եղավ էվակուացնել ոչ միայն շենքի բնակիչներին, որտեղ բնակվում էր ահաբեկիչը, այլ նրան հարող մի ամբողջ թաղամաս։ «Բէթմեն»-ի երկրպագուները առավոտվանից հերթ էին կանգնել, սպասված պրեմիերային ներկա գտնվելու տոմսը ձեռք բերելու համար, ուստի հանդիսատեսի մեծամասնությունը երիտասարդություն էր։
Ականատեսները նաեւ պատմում են, որ սկզբում դահլիճում հնչած կրակոցներն ընդունվեցին որպես շոուի մի մաս, ֆիլմի դրվագից, ինչի հետեւանքով հանդիսատեսը չէր շտապում լքել տարածքը, եւ հենց այդ պատճառով էլ զոհերի թիվն ավելի շատացավ։ Խուճապն առաջացավ միայն այն պահին, երբ կրակոցներից որոշ ժամանակ անց զգացվեց թունավոր գազի հոտը։ Հայտնի է նաեւ, որ ահաբեկիչները «զինված» էին հակագազերով, եւ ամեն ինչ կատարվեց բավականին արագ։ Թե որոնք էին երիտասարդների կյանքը խլելու եւ խաղաղ բնակիչներին վիրավորելու, վախ ներշնչելու դրդապատճառները` կպարզի հետաքննությունը, որն ԱՄՆ-ում, թեեւ հաճախ երկար ժամանակ է տեւում, սակայն բացահայտվում է։
Մենք` հայաստանաբնակներս, դեռ «հեռու» ենք խոշոր ահաբեկչական գործողություններից, երեւի քիչ թշնամիներ ունենալուց է, սակայն մեր գլխավոր ահաբեկիչները, այնուամենայնիվ մեր մեջ են, ապրում են հենց մեր կողքին, ովքեր օրեցօր, դանդաղ քայլերով, կիրառելով այս կամ այն անօրինական գործողությունը մեր եւ մեր իրավունքների հանդեպ` թունավորում, ապակողմնորոշում, փչացնում են եւ որոշ դեպքերում խլում մեր կյանքը։ Թեեւ, միգուցե ՀՀ արդարադատությունը նրանց երբեք այդպես էլ չանհանգստացնի, այդուհանդերձ ի հիշեցում նշեմ, որ խաղաղ բնակչության (այս դեպքում` անզեն քաղաքացու) հանդեպ կիրառած ցանկացած ուժային հարձակումը, այն էլ զանգվածաբար, նույնպես ահաբեկչություն է համարվում։