Իրական կյանքում մարդիկ գիշեր-ցերեկ աշխատում են ու չեն կարողանում իրենց ընտանիքների օրվա հացը վաստակել, իրական կյանքում ցանկացած մանր չինովնիկ այդ մարդկանց մինչեւ վերջին կոպեկը թալանում է, իրական կյանքում այդ մարդիկ վախենում են տնից դուրս գալ, որովհետեւ որեւէ իրական հաստավիզ կարող է նույնքան իրական ջիպով տրորել իրեն, ոստիկանը կարող է գրպանը բան-ման գցել եւ այլն։ Եվ այդ մարդիկ, ի դեպ, տեղյակ էլ չեն, որ կա նաեւ վիրտուալ կյանք, որտեղ ինչ-որ ինտելեկտուալներ սոցիալական կայքերում որոշում են, թե քաղաքական ո՞ր ուժին ապավինի ժողովուրդը, արժե՞ պայքարել, թե ոչ, եւ այդպես շարունակ։
Վիրտուալ աշխարհում, ի դեպ, քաղաքական ուժեր էլ կան։ Բնականաբար` վիրտուալ ուժեր։ Օրինակ` լսում են դաշնակներին, նայում նրանց հեռուստաալիքը, ու թվում է` գործ ունես վիթխարի, համաշխարհային ուժի հետ։ Հետո սրանք իրական կյանքում միտինգ են անում, ու պարզվում է` հարյուր հոգի էլ չի հավաքվել։ Այսինքն` իրական կյանքում չկա՛ այդ ուժը։ Վիրտուալ աշխարհում ԱԺՄ-ն փորձում է վերամիավորվել, Պարույր Հայրիկյանն ասում է խորհրդարանում 51 տոկոս եմ ունենալու, հետո դուրս ես գալիս փողոց, ու պարզվում է` իրական կյանքում այդ մարդկանց վաղուց մոռացել են, չկա՛ն այդ մարդիկ։ Իրական կյանքում կան 40 ընտանիքներ, որոնք տնօրինում են Հայաստանի ազգային հարստության կեսից ավելին, կան մի քանի հազար ընտանիքներ, որոնք պտտվում են այդ 40 ընտանիքների շուրջը եւ իրենց չափով մասնակցում թալանին, եւ կա 3 միլիոն մարդ, որն ամեն օր սեփական մաշկի վրա է զգում այդ ամենը։
Փաստորեն Հայաստանի իրական կյանքում երկու ուժ կա. իշխանություններն ու Հայ Ազգային Կոնգրեսը։ Կոնգրեսն իրական ուժ է շատ պարզ պատճառով` որովհետեւ նրա հանրահավաքներին տասնյակ հազարավոր իրական մարդիկ են մասնակցում, այդ մարդիկ իրական պրոբլեմներ ունեն եւ ձգտում են լուծել այդ պրոբլեմները։ Իշխանությունները նույնպես իրական ուժ են. նրանց իշխանական լծակներն էլ են իրական, ոստիկանության մահակներն էլ, զինված հաստավիզներն էլ, թալանի մեխանիզմներն էլ։ Ժամանակ առ ժամանակ այս ուժերի միջեւ հարաբերակցությունը կարող է փոխվել հօգուտ մեկի կամ մյուսի, բայց փաստն այն է, որ վիրտուալ կյանքը այս ամենի հետ կապ չունի։ Քաղաքակիրթ երկրներում խնդիրները լուծվում են քաղաքակիրթ ընտրությունների միջոցով, բռնապետական երկրներում` համաժողովրդական ապստամբության միջոցով, բայց երկու դեպքում էլ դրանք իրականացնում են կոնկրետ մարդիկ, եւ ոչ թե սոցիալական կայքերի «օգտատերերը»` ինտերնետում իրար like անելով։
Այս իմաստով Հայաստանի ներքաղաքական կյանքում իրավիճակն այսօր միանգամայն հստակ է. կան իշխանություններ, որոնք շարունակում են թալանել երկիրը եւ «չորով» հրաժարվում են փոխել իրենց գործելակերպը, կա ժողովուրդ, որի վիճակն օրեցօր վատանում է, եւ կա քաղաքական ուժ, որը պատրաստ է առաջնորդել ժողովրդին եւ երկրում ինչ-որ բան փոխել։ Տվյալ իրավիճակում, համաձայնվեք, բացարձակապես որեւէ նշանակություն չունի, թե ինչ է կատարվում վիրտուալ կյանքում, որ տնաբույծ ինտելեկտուալը ինչ «ստատուս» դրեց իր էջում, ինչ գրեց «Վիկիլիկսը» եւ այլն։ Իրական խնդիրները պիտի լուծվեն իրական կյանքում, այս դեպքում` Ազատության հրապարակում։ Եվ եթե Հայ Ազգային Կոնգրեսը հանրահավաքային նոր շարժում է սկսում, նշանակում է` «ողջամիտ ժամկետն» իսկապես սպառվել է։ Հիմա պարզապես պետք է ցույց տալ իշխանություններին, որ նրանք իզուր էին այդքան անլուրջ վերաբերվում այդ ժամկետին։ Դրա համար պետք է ընդամենը գալ Ազատության հրապարակ եւ ցույց տալ, որ հայ ժողովրդի 90 տոկոսը ոչ թե վիրտուալ, այլ իրական կյանքով է ապրում, եւ այդ իրական կյանքում իշխանափոխությունից բացի այլ ելք չկա։ Հակառակ դեպքում կստացվի, որ Հայաստանը վիրտուալ երկիր է, որտեղ համակարգիչ ունեցողներն «ապրում են», համակարգիչ չունեցողները` արտագաղթում։