30.03.2018 06:34 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մեդալ կերեք

Մեդալները՝ որպես բարոյական փոխհատուցում

Մեդալները՝ որպես բարոյական փոխհատուցում

Հայաստանի քաղաքական կյանքում այսօր բավականին տարօրինակ վիճակ է ստեղծվել. տասնյակ հազարավոր մարդիկ համացանցով հետեւում են քաղաքական անցուդարձին եւ իրար հետ քննարկում՝ մի քանի խեղճուկրակ ընդդիմադիրների կհաջողվի՞ Ազատության հրապարակում մի քանի հազար մարդ հավաքել, թե՞ չի հաջողվի։ Իսկ Սերժ Սարգսյանը, որը տասը տարի շարունակ աշխատել էր երկրում իր համար այսպիսի իդեալական իրավիճակ ստեղծելու համար, այսօր զբաղված է «ամենահաճելի գործով»՝ մեդալներ է տալիս նրանց, ովքեր ամենաշատն են օգնել իրեն այդ հարցում։

Առաջին հայացքից կարող էր տարօրինակ թվալ, որ մեդալների բաշխման հերթական փուլում իշխանական եւ իշխանամետ հեռուստաընկերությունների «առանցքային դեմքերի» «կոդլում» հայտնվել էր նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Իրականում այդտեղ որեւէ տարօրինակ բան չկար։ Տիգրան Մուկուչյանը ամեն ինչ արել էր, որ ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի համար «թղթերով ամեն ինչ կարգին լինի», իսկ իշխանական «հեռուստադեմքերն» իրենց հերթին ամեն ինչ արել էին, որ դրա դեմ բողոքողները հնարավորինս քիչ լինեն։ Այսինքն՝ ըստ էության նույն գործն էին արել, եւ բնական է, որ նույն օրն էլ պիտի պարգեւատրվեին։ Ճիշտ է, ընտրությունների ժամանակ «բուն գործը» մարդկանց 10-հազարական դրամ բաժանող օլիգարխներն էին արել, բայց Սերժ Սարգսյանը միանգամայն իրավացիորեն գտել էր, որ նրանց պարգեւատրելու կարիք չկա՝ մանդատները հերիք են։ Այնպես որ՝ մեդալների բաշխման հերթական փուլում ամեն ինչ արդարացի էր։

Սերժ Սարգսյանն ընդհանրապես բավականին հաճախ է ստիպված լինում մեդալներ բաժանել, եւ դա հասկանալի է. շրջապատում բոլորն անընդհատ փորձում են ինչ-որ ծառայություններ մատուցել իրեն, եւ այդ ջանքերը պետք է խրախուսել։ Բայց ուշադրություն դարձրեք՝ փաստորեն ամենաբարձրը գնահատվում է հասարակությանը խաբելու ծառայությունը, եւ Սերժ Սարգսյանը հատուկ ուշադրություն է դարձնում հատկապես նրանց վրա, ովքեր իրեն ծառայություններ են մատուցում ա՛յդ ոլորտում։ Դրա համար էլ «ազատ, բայց պատասխանատու» լրատվամիջոցների առանցքային դեմքերը, պալատական մտավորականներն ու շոու-բիզնեսի՝ իշխանությունների նկատմամբ լոյալ ներկայացուցիչները պարբերաբար ոչ միայն մեդալներ են ստանում, այլեւ պատգամավորական մանդատներ, պետական պաշտոններ եւ այլն։ Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանի իշխանությունը գնահատում, օրինակ, առաջնագիծը պաշտպանած զինվորների մատուցած ծառայությունները։ Երկար-բարակ, հաճախ՝ նվաստացուցիչ թղթաբանությունից հետո գուցե ուսման վարձի զեղչ տրվի կամ մետրոյով անվճար երթեւեկելու իրավունք։ Իսկ Սերժ Սարգսյանի տասնամյա պաշտոնավարումը փառաբանող կեղծ ռեպորտաժի համար՝ խնդրեմ, անմիջապես պետական պարգեւներ, «իր վրայով կարված» Սահմանադրություն հորինելու համար՝ անմիջապես ՍԴ նախագահի ցմահ պաշտոն, «թշնամին սահմանին կանգնած է, ի՞նչ ներքաղաքական պայքար» թեզը քարոզողներին՝ անմիջապես պատգամավորական մանդատ, եւ այլն։

Իսկ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այդքան բարձր գնահատում հասարակությանը խաբողներին, ի վերջո՝ նրանք առանց այն էլ վատ չեն ապրում եւ այդ ծառայությունները նաեւ ձրի կմատուցեին։ Ըստ երեւույթին Սերժ Սարգսյանը համարում է, որ նրանք մտավորականներ են, այսինքն՝ գիտակցում են իրենց արածը եւ հավանաբար խղճի խայթ են զգում, դրա համար էլ ինքը ժամանակ առ ժամանակ նրանց «բարոյական փոխհատուցում» է տալիս։ Երեւի քչերը գիտեն, որ ֆաշիստական Գերմանիայում նույն տրամաբանությամբ գեստապոյականներն ու համակենտրոնացման ճամբարների վերակացուները ոչ միայն լրացուցիչ աշխատավարձ էին ստանում, այլեւ բազմաթիվ այլ արտոնություններ ունեին՝ հավելյալ արձակուրդ, պաշտոնի արագ բարձրացման իրավունք եւ այլն։ Որպես բարոյական փոխհատուցում, որ այդքան ծանր ու տհաճ գործ են անում։

Սերժ Սարգսյանը երեւի կռահում է, որ հասարակությանը գիտակցաբար խաբելն ու իրեն փառաբանելը այդ մարդկանց պիտի որ բարոյական տառապանքներ պատճառի, եւ ինչպես կարողանում՝ փոխհատուցում է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30