15.12.2017 09:57 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Այլասերման ժամանակները

«Մարդուն ոչ թե իշխանությունն է այլասերում, այլ իշխանությունը կորցնելու սարսափը»։ Ամերիկացի գրող Ջոն Սթեյնբեքի այս խոսքն ենք հիշում, երբ տեսնում ենք, թե հատկապես վերջին շրջանում ինչ մտքեր են հայտնում մեր իշխանավորները։

Այդ մտքերը դարակազմիկ են, դրանք պատահական բնույթ չեն կրում, խորհրդանշում են մեր երկրի ներսում իշխանություն-հասարակություն, իշխանություն-անհատ, պետություն-իշխանություն հարաբերությունները։

Ուղղակի մեջբերենք առավել աղմկահարույց մտքերը, որոնք փոթորկել են հասարակությանը վերջին շրջանում։

Խոսրով Հարությունյան, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ. «Իմիջիայլոց, լավ էլ ուտում եմ, դուք ձեզ տեսեք»։

Գալուստ Սահակյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ. «Դուք մտածում եք հանկարծ, որ եթե կառավարությունը թոշակները 2 հազար դրամով բարձրացներ, հնարավո՞ր էր լինելու կարագ առնել։ Թոշակներն ու աշխատավարձերը չենք բարձրացնում, որպեսզի հնարավորինս ապահովենք երկրի անվտանգությունը եւ մրցունակ ճանաչվենք»։

«Մի մտածեք, որ հայ ժողովուրդը կարագ չուտելով պիտի կործանվի»։

Սերժ Սարգսյան, պետության ղեկավար. «Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել։ Արդեն բավական է, հասկանում եք, պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել։ Մարդ եթե ուզում է լավ ապրել` պետք է աշխատի»։

Սամվել Ալեքսանյան, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր. «Հայաստանում շատերը չեն կարողանում բիզնես դնել, որովհետեւ իմ դասերին չեն մասնակցում։ Տունը երեխեքին դասեր եմ տալիս, թե ոնց անեն բիզնես»։

Լեւոն Ալթունյան, ՀՀ առողջապահության նախարար. «Տասներեք տարեկանում պատվաստելու տրամաբանությունը հիմնականում այն է, որ պատվաստումը պետք է կատարվի մինչեւ առաջին սեռական փորձը, երբ դեռ վիրուսը չի հանդիպել։ Հայաստանի տարածքում հարցումները ցույց են տալիս, որ մինչեւ 25 տոկոսն աղջիկների մինչեւ 15 տարեկանը արդեն ունեն այդ փորձը»։

Ջեմմա Բաղդասարյան. ՀՀ ԱԺ  պատգամավոր. «Այսօր ես չեմ կարող այնպես անել, որ միսը թանկ չլինի։ Բայց բոլորս էլ գիտենք, որ դեկտեմբերին գնաճ լինում է։ Դա Նոր տարվա հետ է կապված, բոլորս էլ գիտենք դրա մասին»։

Գագիկ Մելիքյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար. «Ներվել են նրանք (գողություն կատարած համայնքապետները, խմբ.), ովքեր, իրենց կամքից անկախ հայտնվել են նման իրավիճակում, իսկ նման իրավիճակներ լինում են օրինականության դաշտից դուրս»։

Ռաֆիկ Գրիգորյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր. «Վատ բան չկա երկրից հեռանալու մեջ, եթե այն ընտանիքի բարեկեցության համար է։ Մեր մարզից ոչ բոլորն են արտագաղթել»։

Շարքը եզրափակում ենք անգլիացի պատմաբան Ջոն Դալբերգ-Էքթոնի հայտնի խոսքով. «Իշխանությունը այլասերում է, բացարձակ իշխանությունը՝ այլասերում է բացարձակապես»։

 ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս «Յուքոմի» գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել էր, որ հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանում 2016 թվականին 15 տոկոսով անկում է գրանցվել, իսկ 2017-ին՝ 6-7 տոկոսով։ «Սակայն այս տարիների անկումը մեզ շրջանցել է, քանի որ մենք գիտակցում ենք, որ բջջայինով զրույցների ծավալների կրճատման ֆոնին անհրաժեշտ է առաջնահերթությունները փոխել, թեեւ Հայաստանում  ձայնային ինտերնետ կապի հասանելիության պայմաններում սմարթֆոնացման ծավալների աճման միտումը դանդաղ է ընթանում, քան այլ երկրներում», - նշել էր Եսայանը։

«Յուքոմի» գլխավոր տնօրենի այս խոսքերը տարակուսանք են առաջացնում։ Բանն այն է, որ դատելով ընկերության պաշտոնական էջում զետեղված 2015-2017 թթ. հաշվետվություններից՝ պարզ է դառնում, որ «Յուքոմը», այնուամենայնիվ եկամուտների նշանակալի անկում է արձանագրել։

2015, 2016 եւ 2017 թթ. եկամուտների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ 2016թ. ընկերությունն ունեցել է մոտ 12% չափով անկում, իսկ 2017թ.՝ 2,6 %-ի չափով անկում։ Բացարձակ թվերով արտահայտած՝ 2016թ. ընթացքում արձանագրած անկումը կազմում է 2,4 միլիարդ դրամ, իսկ 2017թ. առաջին երեք եռամսյակների ընթացքում՝ շուրջ 347,5 միլիոն դրամ։ Ընդ որում, շուկայում եկամտի անկման մեջ, «Յուքոմի» մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար՝ 13,4 եւ 7,8 տոկոս։ 

Ինչ վերաբերում է առանձին վերցված ռոումինգին, ապա՝ հիմք ընդունելով «Յուքոմի» կայքէջում հրապարակված՝ արտերկրում ընկերության ռոումինգի ծառայությունների օգտագործումից գոյացած եկամուտները, 2016թ. ընթացքում ռոումինգի կտրվածքով ընկերությունն արձանագրել է 16,4% անկում, իսկ 2017թ. երեք եռամսյակների ընթացքում՝ 6,2%, այսինքն՝ համապատասխանաբար՝ 70,6 միլիոն դրամ եւ 17 միլիոն դրամ։

Չգիտենք, եթե թվերը մեզ չեն խաբում, ապա ավելի քան տարօրինակ է, թե ինչու է «Յուքոմի» տնօրենը իր իսկ ընկերության ներկայացրած հաշվետվություններին հակասող հայտարարություններ արել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30