24.08.2013 15:00 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Անհանգիստ երկիր

Սիրիայի հակամարտությունում նոր իրադարձություններ են սպասվում

Վերջին օրերին համացանցում տասնյակ տեսանյութեր հայտնվեցին, որտեղ ցուցադրում են Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի ժամանակ քիմիական հարձակման զոհերին։ Քիմիական զենքի կիրառման համար մեղադրում են Սիրիայի իշխանություններին՝ հանձինս Բաշար Ասադի։ Բոլոր դեպքերում սա հղի է անկանխատեսելի հետեւանքներով, քանի որ միջազգային հանրությունը վերջին շրջանում սիրիական ընդդիմությանը համոզում էր Ասադի վարչախմբի հետ միասին բանակցությունների սեղանի շուրջ նստել։ Այժմ այդ ծրագրերին կարելի է հրաժեշտ տալ։

«Մենք մտածում էինք, որ քիմիական զենքի կիրառման դեռեւս առաջին դեպքը ԱՄՆ-ի կողմից համապատասխան արձագանքի կարժանանար»,- հայտարարել է սիրիական ընդդիմության ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Հալիդ Սալեհը։ 

Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենքի զանգվածային կիրառման մասին տեղեկությունները նաեւ էլ ավելի սրեց Սիրիայում հումանիտար ճգնաժամը։

Արեւմտյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ասադի զինվորները ՄԱԿ-ի փորձագետներին թույլ  չեն տվել Գուտա քաղաք մտնել, որտեղ, ըստ սիրիացի ապստամբների, գազային հարձակմանը զոհ գնացած մոտ հազար բնակչի մարմին կա։ 

Արդյունքում Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է, որ Ասադի հետ ուղիղ բանակցությունները գրեթե բացառված են. «Ընդդիմությունը հրաժարվում է բանակցություններ սկսել, բացառությամբ մի դեպքի, եթե Ասադը Սիրիայի անցումային կառավարությունում տեղ չունենա»,- նշել է նրա ներկայացուցիչը։

Սպիտակ Տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստը նշել է, որ ԱՄՆ-ը ակնկալում է, որ Ասադը թույլ կտա փորձագետներին գնալ դեպքի վայր։ Միեւնույն ժամանակ, ամերիկյան պաշտոնական շրջանակները դեռեւս լռում են այն հարցի մասին, թե ինչ է պատրաստվում անել ԱՄՆ-ը, եթե հաստատվի, որ քիմիական հարձակման հետեւում կանգնած է Ասադի վարչախումբը։ Առայժմ ԱՄՆ-ը մտադիր է ի վերջո հաջորդ շաբաթ կազմակերպել Ժնեւի կոնֆերանսը, որտեղ նախատեսվում են ամենաբարձր մակարդակով հանդիպումներ ռուսաստանյան պաշտոնյաների հետ։

Ի տարբերություն ԱՄՆ-ի, Ֆրանսիան շատ ավելի կոշտ գործողությունների կողմնակից է։ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ եթե Դամասկոսի կողմից քիմիական զենքի կիրառման փաստերը հաստատվեն, ապա միջազգային հանրությունը դրան պետք է «ուժային պատասխան» տա, որի ներքո առայժմ բացառված է ցամաքային զորքերի օգտագործումը։ 

«Եթե փաստերը հաստատվեն, ապա եկել է գործելու ժամանակը»,- հայտարարել է արտգործնախարարը։ «Պետք է հետաքննություն անցկացնել։ Բաշար Ասադի համար ամեն ինչ հեշտ է. եթե փորձագետներին թույլ տա դեպքի վայր գնալ, ապա նա կարող է իր անմեղությունն ապացուցել։ Եթե ոչ՝ ապա նշանակում է, որ նրանք բռնվել են «գողոնը ձեռքին»։

Ֆրանսիացի պաշտոնյան անդրադարձել է այս հակամարտությունում Ռուսաստանի դերին, որն առաժմ դիվանագիտական եւ այլ կարգի օժանդակություն է ցուցաբերում Ասադին. «Անհրաժեշտ է, որ ռուսները նույնպես իրենց վրա պատասխանատվություն վերցնեն։ Տեսականորեն նրանք էլ են դատապարտում քիմիական զենքի կիրառումը։ Եթե կան կասկածներ, ապա դրանք պետք է փարատել։ Իսկ եթե Ռուսաստանը միջազգային հանրության կտրուկ արձագանքին դիմագրավելու համար օգտվում է վետոյի իրավունքից, ապա մենք այլ ճանապարհով կգնանք»,- ահա այսպիսի երկիմաստ հայտարարություն է արել Լորան Ֆաբիուսը։ Այն հարցին, թե այդ ինչ ուրիշ ճանապարհ է, ֆրանսիացին պատասխանել է, որ առայժմ դրա մասին չի խոսի։

Իսկ ԱՄՆ-ում գնալով ավելի է աճում դժգոհությունը Բարաք Օբամայից։ ԱՄՆ-ի նախագահին մեղադրում են սիրիական հարցում վճռականության բացակայության մեջ։ «Վաշինգթոն Փոստը» գրել է, որ Օբաման պետք է ամբողջությամբ վերանայի իր քաղաքականությունը, հատկապես քիմիական զենքի կիրառման հրապարակումներից հետո։

«Մինչեւ հիմա Օբաման զուտ խորհրդանշական կերպով էր արձագանքում Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, այնտեղ հատկապես քիմիական զենքի կիրառման մեղադրանքներին եւ բացառում էր այնպիսի քայլեր, որոնք կարող էին ազդել ուժերի հարաբերակցության վրա։

Ասադը  սրանից կարող էր հետեւություն անել, որ ԱՄՆ-ից վախենալու առիթ քիչ ունի, եթե նույնիսկ քիմիական զենք կիրառի»,- գրել է պարբերականը՝ ավելացնելով, որ կրակի վրա յուղ լցրեց նաեւ Օբամայի երկչոտ արձագանքը Եգիպտոսի արյունալի կոտորածին։

Պարբերականի կարծիքով, Օբաման պետք է կատարի իր խոստումը եւ թույլ չտա նմանատիպ հանցագործություններ, ինչպես նաեւ ռազմական ճանապարհով պատժի հանցագործության մեղավորներին եւ Սիրիայի հարավային գոտին հայտարարի օդային հարձակումներից զերծ  գոտի»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31