23.03.2018 07:00 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Սերժ եւ հարակից պնակալեզներ

Փոքր մարդկանց մեծ ամբիցիաները

Սերժ Սարգսյանն անհարմար դրության մեջ դրեց Էդուարդ Շարմազանովին եւ բոլոր նրանց, ովքեր իրեն համեմատում էին Չերչիլի ու Շարլ դը Գոլի հետ եւ հայտարարում, թե այդ երեւելի գործիչներն էլ են ինչ-որ բաներ հայտարարել ու հետո հակառակն արել։ Սերժ Սարգսյանը փաստորեն խոտանեց նրանց այդ «հնարամտությունը» եւ գնաց շատ ավելի պարզ ճանապարհով՝ հայտարարեց, որ ինքը 2014-ին իր հետագա վարչապետությունը չի բացառել, իրեն սխալ են հասկացել, ինքը դա ա՛յլ հարթությունում էր ասել։ Մի խոսքով՝ «սուխոյ ատկազ»։ Ու հիմա հիմնական հարցը հետեւյալն է՝ հասարակությունը կհամակերպվի՞ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի հետ, թե ոչ։

Հասարակությունն, իհարկե, կհամակերպվի։ Երրորդ ժամկետի հետ էլ, չորրորդի հետ էլ, ցմահ վարչապետության հետ էլ։ Մեծ հաշվով՝ հասարակության բացարձակ մեծամասնության համար միեւնույն է, թե ով կղեկավարի երկիրը՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ մեկ ուրիշը։ Եվ իշխող վերնախավը սա ներկայացնում է որպես անառարկելի ապացույց. իբր տեսեք՝ մարդիկ առանձնապես չեն բողոքում։ Բայց խնդիրն այն է, որ հասարակությունը Սերժ Սարգսյանի անձնական իշխանության հետ գուցեեւ համակերպվի, իսկ ահա այդ իշխանության հետեւանքների (պարզ ասած՝ երկրի վիճակի) հետ համառորեն չի համակերպվում։ Ու հետեւանքը լինում է արտագաղթը։ Անգամ պաշտոնական տվյալներով՝ Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիների ընթացքում Հայաստանի բնակչությունը նվազել է 250 հազար մարդով, իսկ եթե հաշվի առնենք, որ այդ նույն ժամանակահատվածում բնական աճը կազմել է առնվազն 150 հազար, ստացվում է, որ այդ տասը տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է առնվազն 400 հազար մարդ։ Սրանք, հիշեցնենք, պաշտոնական տվյալներ են եւ «համատեքստից կտրված չեն»։ Ու եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից, արդեն բացարձակապես նշանակություն չունի, թե ինչ պատճառաբանություններ է հորինում Սերժ Սարգսյանը, ինչ փաստարկներ են բերում հարակից պնակալեզները, քանի հազար մարդ է պատրաստ փողոց դուրս գալ, եւ այլն։ Ենթադրենք՝ 2014-ին Սերժ Սարգսյանը ոչ մի հայտարարություն էլ չէր արել ու հետեւաբար՝ որեւէ մեկին չի խաբել, ենթադրենք՝ նրա վարչապետության դեմ պայքարելու համար պատրաստ է փողոց դուրս գալ ընդամենը 500 հոգի։ Եվ ի՞նչ. դրանից Սերժ Սարգսյանի տասնամյա գործունեության արդյունքներն ավելի լա՞վն են դառնում, արտագաղթի տեմպերը դրանից նվազո՞ւմ են, թե՞ Սաշիկն ու Միշիկն են դառնում ավելի օրինակելի գործարարներ, ու այդ փաստից ոգեւորված՝ օտարերկրյա ներդրողները լցվում են Հայաստան։

Այսօր այնպիսի տպավորություն է, կարծես Հայաստանի հիմնական խնդիրը Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի լեգիտիմությունն է, ու իշխանական ողջ վերնախավը «վիզ դրած» փորձում է ապացուցել, որ շեֆի մոտ «թղթերով ամեն ինչ կարգին է»։ Թղթերով՝ գուցե. միշտ էլ կարելի է տարբեր մեխանիզմներով ժողովրդին հասցնել թշվառության ծայրահեղ աստիճանի, ընդվզման ցանկացած փորձ խեղդել արյան մեջ, հետո տասը հազարական դրամներով գնել այդ թշվառների ձայներն ու հայտարարել, թե «թղթերով ամեն ինչ կարգին է»։ Բայց եթե այսպես շարունակվի՝ հետագայում հնարավոր չի լինելու ասել, որ Հայաստանի բնակչությունը «թղթերով» 3 միլիոն է, բանակը «թղթերով» համալրված է, առաջնագծում «թղթերով» ամեն ինչ կարգին է, եւ այսպես շարունակ։ Որովհետեւ Հայաստանը դառնալու է պետություն, որը գոյություն ունի միայն թղթի վրա։ Եվ այս ամենը՝ ընդամենը այն պատճառով, որ Սերժ Սարգսյանն ատամներով կառչել է իր պաշտոնից ու իրեն շրջապատել բացառապես այնպիսի մարդկանցով, ովքեր իր անունով են երդվում՝ լավ հասկանալով, որ նրա հեռանալու դեպքում իրենցով առաջին հերթին զբաղվելու են իրավապահները։

Ի դեպ՝ Հայաստանն այս առումով բացառիկ չէ։ Շատ պետություններ են կործանվել կամ կործանման եզրին հասել փոքր մարդկանց մեծ ամբիցիաների պատճառով։ Բայց մեր դեպքն առավել ցավալի է, որովհետեւ այդ ամբիցիաների հիմքում ընդամենը շատ փող ունենալու ձգտումն է։ Կարծես թե այդ նպատակին հասնելու համար պետությունը «վարի տալուց» բացի այլ ձեւեր չկան։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30