02.06.2015 16:17 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Իմանան, որ անեն

Էներգետիկ գիշատիչների խնջույքը

Էներգետիկ գիշատիչների խնջույքը

Եվ այսպես` հրապարակվեցին էլեկտրաէներգիայի թանկացման հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված բոլոր հայտերը, եւ միանգամից հասկանալի դարձավ, որ սա լավ կազմակերպված օպերացիա է, որի մասնակիցները լավ էլ համագործակցում են միմյանց հետ եւ կոորդինացնում իրենց գործողությունները։ Իմաստն այն է, որ ՀԷՑ-ը հենց այնպես չի որոշել հոսանքը միանգամից 17,08 դրամով թանկացնելու հայտ ներկայացրել, պատճառն այն է, որ ոլորտին առնչվող համարյա բոլոր ձեռնարկությունները նման հայտեր են ներկայացրել։

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունն, օրինակ, հանկարծ որոշել է, որ սրանից հետո մեկ կիլովատ էլեկտրաէներգիան արտադրողից ՀԷՑ-ին հասցնելու համար պիտի ոչ թե 1,6, այլ 2,4 դրամ «ճանապարհածախս» վերցնի, այսինքն` որոշել է իր ծառայությունը միանգամից թանկացնել ուղիղ 50 տոկոսով։ Հրազդանի ՋԷԿ-ը, որն, ի դեպ, պատկանում է ռուսական այն նույն ընկերությանը, որին պատկանում է ՀԷՑ-ը, որոշել է ինքն իրեն հոսանք վաճառել ոչ թե 30,7, այլ 36,3 դրամով, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, որը պատկանում է ռուսական «Գազպրոմին», որոշել է ինքն իրենից ավելի էժան գազ գնելով` հոսանքն ավելի թանկ վաճառել ՀԷՑ-ին, Սեւան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադի 6 ՀԷԿ-երը, որոնց սեփականատերը ռուսական մեկ այլ ընկերություն է, հանկարծ որոշել են ՀԷՑ-ին հոսանք վաճառել ոչ թե 2, այլ 4,7 դրամով, այսինքն` իրենց արտադրանքը թանկացրել են միանգամից 2,35 անգամ (երեւի Լոնդոնի միջազգային բորսայում Հրազդան գետի ջրի գները կտրուկ բարձրացել են) եւ այլն։ Չգիտես ինչու` հայկական ատոմակայանը նույնպես որոշել է կտրուկ (ուղիղ 50 տոկոսով) թանկացնել իր արտադրած էլեկտրաէներգիան եւ ՀԷՑ-ին վաճառել կիլովատը ոչ թե 5,7, այլ 8,7 դրամով։ Փոքր ՀԷԿ-երը նույնպես որոշել են թանկացնել իրենց արտադրանքը, «Հաշվարկային կենտրոնն» իր հերթին է բարձրացրել ծառայությունների գները, եւ այսպես շարունակ։ Ու միայն Որոտանի ՀԷԿ-ն է, որ թանկացման հայտ չի ներկայացրել եւ շարունակելու է կիլովատը վաճառել 2,36 դրամով։ Բայց դա էլ ինչ-որ տեղ հասկանալի է` այդ ընկերությունն ամերիկյան է եւ հայկական ու ռուսական ընկերությունների «ախպերության մեջ» իրեն սպիտակ ագռավի պես է զգում։

Կենդանիների մասին վավերագրական ֆիլմերում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են գիշատիչները հարձակվում որեւէ խոշոր կենդանու վրա ու բզիկ-բզիկ անում, իսկ լեշակերները հեռվում սպասում են իրենց հերթին, որպեսզի փախցնեն իրենց բաժինը։ Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանն այսօր ճիշտ այդպիսի վիճակում է` էներգետիկ ոլորտի գիշատիչները զգացել են, որ սպառողները անտերության են մատնված, ու չորս կողմից վրա են տվել։ Եվ ամեն մեկը փորձում է իր փայը փախցնել` առանց որեւէ բացատրության։ Ո՞ւմ են պետք բացատրությունները, եթե ամեն ինչ առանց այն էլ պարզ է։ Փորձեք, օրինակ, ռուսական «Ռուսգիդրո» ընկերությանը հարցնել, թե ինչո՞ւ են որոշել Սեւան-Հրազդան կասկադում արտադրված էլեկտրաէներգիան թանկացնել միանգամից 2,5 անգամ, դա էլ հո նավթի ու գազի հետ կապ չունի՞։ Կասեն «լավ ենք արել, ձե՞զ ինչ, մեր սեփականությունն է` մեր արտադրանքն ինչ գնով ուզում ծախում ենք, գնորդը պիտի դժգոհի` գնորդը չի դժգոհում, դուք ինչո՞ւ եք ձեր քիթը խոթում մեր բիզնես-հարաբերությունների մեջ»։ Մենք, իհարկե, կարող ենք ասել «բայց չէ՞ որ ձեր այդ գնորդը հետո այդ հոսանքը մեզ վրա է թանկ վաճառում», բայց դա նույնպես չի օգնի։ Կասեն «դուրներդ չի գալիս` ուրիշ տեղից առեք»։ Իսկ «ուրիշ տեղ» պարզապես չկա, Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ իրենց հոժար կամքով համակարգը մաս-մաս տվել են ռուսական ընկերություններին` օրենսդրորեն ամրագրելով նաեւ նրանց մենաշնորհային կարգավիճակը։ Ու ոնց որ թե այնքան էլ անշահախնդրորեն չեն արել դա` բոլոր նրանք, ովքեր առնչվել են այդ գործարքներին, հետագայում Ռուսաստանում տաքուկ պաշտոններ են ստացել։ Ռոբերտ Քոչարյանը` «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, Կարեն Կարապետյանը` «Գազպրոմի» թոփ-մենեջեր եւ այլն։

Դրա համար էլ Գալուստ Սահակյանը խորհրդարանական փակ քննարկումների կողմնակից է, իսկ Սերժ Սարգսյանն ընդհանրապես ձայն-ծպտուն չի հանում, այսինքն` ընդհանրապես որեւէ քննարկման կողմնակից չէ։ Ի՞նչ կա այդտեղ քննարկելու, վճարել են` պիտի թալանեն։ Իսկ մանրամասները ժողովուրդն ավելի լավ է չիմանա։ Իմանա, որ ի՞նչ անի։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30