11.05.2018 06:41 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պետությանը հասցված վնասը պետք է վերականգնել

Ատելության էջը փակելու գինը

Ատելության էջը փակելու գինը

Թավշյա հեղափոխությունն, իհարկե, նոր միայն սկսվում է, բայց հանրապետականների գործերը կարծես թե այնքան էլ վատ չեն. խորհրդարանում համարյա մեծամասնություն են, շարունակում են էական դերակատարում ունենալ ներքաղաքական կյանքում, Նիկոլ Փաշինյանն էլ ամեն առիթով հայտարարում է, որ ատելության էջը փակված է, եւ սեփականության վերաբաշխում չի լինելու։

Ուրիշ էլ ի՞նչ է պետք լիակատար երջանկության համար։ Փաստորեն ստացվում է, որ կարելի է 20 տարի շարունակ թալանել երկիրը, օֆշորներում միլիարդներ կուտակել, կես միլիոն մարդու գաղթական դարձնել ու հանգիստ հեռանալ՝ չվախենալով պատասխանատվության կանչվելուց, որովհետեւ «ատելության էջը փակվել է», եւ հիմա մեզ ներազգային համերաշխություն է պետք։

 Բայց արդյո՞ք պետության դեմ կատարված ծանրագույն հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելն ու պետությանը հասցված վնասը վերականգնելն անպայմանորեն նշանակում է թշնամություն սերմանել հասարակության տարբեր հատվածների միջեւ։ Իհարկե ոչ, որքան էլ երեկվա իշխանությունները փորձեն հենց այդպես ներկայացնել հարցը։ Բանն այն է, որ հասարակության ներսում իբր գոյություն ունեցող «բաժանարար գիծը» չի անցնում պայմանականորեն ասած «հեղափոխական երիտասարդության» եւ «Շարմազանովի դստեր» միջեւ։ Ավելին՝ նման բաժանարար գիծ ընդհանրապես գոյություն չունի։ Մինչեւ հիմա Հայաստանում եղել են ընդամենը 50-60 ընտանիքներ, որոնք իրենցով են արել ազգային հարստության կեսից ավելին եւ թալանածը տեղափոխել արտասահման, ու եւս 500-600 ընտանիքներ, որոնք սպասարկել են նրանց՝ ավելի փոքր չափաբաժիններով փախցնելով իրենց փայը։ Սրանք բոլորն իրար հետ Հայաստանի բնակչության կես տոկոսն էլ չեն կազմում, հետեւաբար՝ հասարակության պառակտվածության մասին խոսք լինել չի կարող։ Խոսք կարող է լինել միայն պետությանը հասցված վնասը վերականգնելու մասին (հասկանալի է՝ բացառապես օրենքի շրջանակներում)։

ՀՀԿ վերնախավն ու Սերժ Սարգսյանի շրջապատն, իհարկե, կդիմադրեն, նոր կառավարության համար պրոբլեմներ կստեղծեն եւ այլն, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ պետք է հրաժարվել պետությանը հասցված վնասը վերականգնելու ծրագրից։ Հարցն այլ կերպ ձեւակերպենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի՞ արդյոք պետության անունից «ներել» այդ մարդկանց կատարած հանցանքները՝ պատճառաբանելով, որ սա սիրո եւ համերաշխության հեղափոխություն էր։ Առավել եւս, որ ներել-չներելը կապ չունի, այդ մարդկանց կապիտալն այսպես թե այնպես երկրում չի մնալու, դուրս է բերվելու (մեծ մասն արդեն իսկ դուրս է բերվել)։ Էլ չենք խոսում այն մասին, որ թավշյա հեղափոխության հռչակած նպատակները կյանքի կոչելու համար հսկայական գումարներ են պետք, իսկ արտաքին աղբյուրներից որպես աջակցություն ստացվելիք յուրաքանչյուր սենթի դիմաց բազմաթիվ «մանր-մունր ծառայություններ» են պահանջելու։ Այլ կերպ ասած՝ ներքին ռեսուրսների հաշվին այդ գումարները վերականգնելն ակնհայտորեն նախընտրելի է։ Պարզապես դա հնարավոր չէ անել թավշյա մեթոդներով, առավել եւս՝ սիրո եւ համերաշխության մթնոլորտում։

Մի խոսքով՝ ստացվում է, որ սիրո եւ համերաշխության մթնոլորտի համար վերջին հաշվով վճարելու է պետությունը, իսկ տուժելու են շարքային հարկատուները։ Բայց սա չի նշանակում, թե նոր իշխանությունները պիտի թեւքերը քշտեն ու սկսեն «կուլակաթափությունը»։ Առավել եւս, որ ամենայն հավանականությամբ՝ նախկին թալանչիների մոտ «թղթերով ամեն ինչ կարգին է», եւ պետությանը հասցված վնասը «ճշտով» վերականգնելը լուրջ պրոբլեմներ կառաջացնի։ Միակ ձեւը օրենքների շրջանակներում հետաքննություններ անցկացնելն ու այդ ամբողջ գործընթացի թափանցիկությունն ապահովելն է։ Կարելի է նաեւ սիրո եւ համերաշխության մթնոլորտում։

Հակառակ դեպքում երկրում ոչինչ չի փոխվի, որովհետեւ վերջին տասնամյակների Հայաստանի պրոբլեմը ատելության եւ թշնամանքի մթնոլորտը չէր, պրոբլեմն այն էր, որ այդ մթնոլորտն արդարացված էր՝ իշխանությունների նկատմամբ հասարակության թշնամանքը հիմնավոր պատճառներ ուներ։ Եվ այդ մթնոլորտը ոչ թե հռչակագրերով է փոխվելու, այլ պատճառները վերացնելով ու արդարությունը վերականգնելով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30