09.02.2018 06:42 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Սերժիկն ու սերժանտիկները

Սերժ Սարգսյանի եւ ընդդիմության շահերը համընկնում են

Սերժ Սարգսյանի եւ ընդդիմության շահերը համընկնում են

Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնն առաջարկելով Սերժ Սարգսյանը կարողացավ հասարակության ուշադրությունը շեղել մի բավականին կարեւոր հարցից՝ 2017 թ. տնտեսական տարվա ցուցանիշների ամփոփումից։ Մինչդեռ ցուցանիշները տպավորիչ էին. տնտեսական աճը կազմել էր համարյա 7 տոկոս (համենայն դեպս՝ թղթի վրա)։

Վերջին տարիների համար սա իսկապես փայլուն արդյունք էր, եւ ՀՀԿ-ն բարդ խնդրի առջեւ էր կանգնել՝ ի՞նչ հիմնավորմամբ ապրիլին վարչապետի թեկնածու առաջադրել ոչ թե այդպիսի աճ ապահոված Կարեն Կարապետյանին, այլ Սերժ Սարգսյանին։ Կարելի էր, իհարկե, առաջ տանել այն թեզը, որ այդ աճը եղել է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի շնորհիվ, բայց դա այնքան էլ համոզիչ չէր հնչի։ Ի վերջո տարիներ շարունակ Սերժ Սարգսյանը հետեւողականորեն ինքն իրեն տարանջատել էր տնտեսական խնդիրներից։ Եթե հիշում եք՝ նա հայտարարում էր, թե այն կառավարությունը, որը 7 տոկոսանոց աճ չի ապահովի, պիտի հրաժարական տա։ Չէր ասում, չէ՞, «եթե որեւէ կառավարություն 7 տոկոսանոց աճ չապահովի՝ ես հրաժարական կտամ»։ Այսինքն՝ նա կառավարությունների ձախողումներն իր վրա չէր վերցնում, հետեւաբար՝ հաջողությունները նույնպես իրեն վերագրել չի կարող։ Դրա համար էլ իշխանությունները որոշեցին պարզապես շատ «չկենտրոնանալ» թվերի վրա։ Ուրիշ ժամանակ իշխանական քարոզչամիջոցները գիշեր-ցերեկ կթմբկահարեին այդ թվերը, իսկ հիմա՝ «թեթեւի մեջ» անդրադարձան ու անցան առաջ։

 Եվ այնուամենայնիվ ՀՀԿ-ի համար պրոբլեմը մնում է։ Պետք է հիմնավորել, թե ինչու համարյա 7 տոկոսանոց աճ ապահոված Կարեն Կարապետյանը չի կարող ապրիլից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Ու հենց այստեղ է, որ Սերժ Սարգսյանին «օգնության է հասնում» խորհրդարանական ընդդիմությունը։ Շահերի համընկնումն ակնհայտ է. տնտեսական աճը որեւէ կերպ չի անդրադարձել բնակչության կենսամակարդակի վրա, արձանագրվել է բարձր գնաճ, եւ խորհրդարանական ընդդիմությունը կարող է այս հարցերը բարձրացնելով «ջախջախել» Կարեն Կարապետյանի կառավարությունը՝ դրանով իսկ հիմնավորելով այն, ինչը ՀՀԿ-ի համար դժվար կլիներ հիմնավորել։ Այն է՝ հասարակությանը «բացատրել», թե ինչու վարչապետի հաջորդ թեկնածուն չի կարող Կարեն Կարապետյանը լինել։

 Ուշագրավն այն է, որ իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում շահում է եւ՛ ՀՀԿ-ն, եւ՛ խորհրդարանական ընդդիմությունը։ «Ելքն» ու «Ծառուկյան դաշինքը» թանկացումների թեմայով արտահերթ նիստ են հրավիրում, եւ դա, անկասկած, կբարձրացնի նրանց վարկանիշը։ Ընդ որում, անկախ նրանից՝ ՀՀԿ-ն կբոյկոտի՞ արտահերթ նիստը, թե՞ այնուամենայնիվ քվորում կապահովի։ Եթե բոյկոտի՝ խորհրդարանական ամբիոնից կառավարությանը պաշտպանելու անհրաժեշտություն չի առաջանա, եւ կառավարությունը փաստորեն կմնա առանց ՀՀԿ-ական պատգամավորների աջակցության, իսկ եթե նիստն այնուամենայնիվ կայանա՝ բոլոր հեռուստաալիքներն ամենայն մանրամասնությամբ կցուցադրեն, թե ինչպես է ընդդիմությունը կառավարության «բմբուլները քամուն տալիս» (դրանով իսկ անուղղակիորեն հաստատելով Սերժ Սարգսյանի անփոխարինելիության թեզը)։ Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե սա միանշանակ «պայմանավորված խաղ» է, բայց քաղաքականության մեջ վարպետությունը հենց այն է, որ կարողանաս ստեղծել այնպիսի վիճակ, որտեղ դիմացինը, սեփական շահերից ելնելով, կատարի քեզ համար նպաստավոր քայլեր։ Սերժ Սարգսյանը հենց այդպիսի վիճակ է ստեղծել, եւ խորհրդարանական ընդդիմությունը, մեծ հաշվով, նրա օգտին է աշխատում։ Ընդդեմ հաջորդ վարչապետի թեկնածության հարցում իր միակ հնարավոր մրցակցի։

Ինչ վերաբերում է դեպի Հայաստան ներդրումներ բերելու հարցին (սա նույնպես Կարեն Կարապետյանի «մրցակցային առավելություններից» էր), ապա Սերժ Սարգսյանը փորձում է լուծել նաեւ այդ խնդիրը։ Երեւի շատերը նկատեցին, որ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը խոսում է նաեւ ներդրումներ բերելու մասին, թեեւ նախագահի գործառույթների մեջ դա առանձնապես չի մտնում։ Բայց սա արդեն այլ թեմա է, որին անդրադառնալու առիթներ դեռ կունենանք։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30