08.12.2017 12:36 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Շնորհավո'ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

Ցանկացած բյուջեի եւ նախասիրությունների համար Ամանորը տոնելու ուղղությունները

Ցանկացած բյուջեի եւ նախասիրությունների համար Ամանորը տոնելու ուղղությունները

Սկիզբը` նախորդ համարում

Ամանորի արձակուրդները մոտենում են, եւ մարդկանց որոշակի զանգվածի մեջ «Որտեղ տոնել Ամանորը» ակտուալ հարցն է առաջանում։ Բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են հանգիստը պլանավորել նախապես, ներկայացնում ենք ցանկացած ճաշակին եւ դրամապանակին համապատասխան այս տարվա տոնական ուղղությունները։

Հռոմ, ԻՏԱԼԻԱ։ Ամանորը Հռոմում ընդունված չէ դիմավորել հրավառության ձայների եւ հանրային տոնակատարությունների ներքո։ Ամանորը Տրաստեվերում բոհեմային երեկույթն է, պրոսեկոն եւ հմայիչ իտալացիների հետ զրույցները։ Շնորհակալությամբ ընդունեք բարի զրուցակիցների կոմպլիմենտները եւ մի հաշվեք բոլոր այն հանգստավայրերը, որոնք այցելել եք մի գիշերվա ընթացքում։ Առավոտյան խորհուրդ է տրվում զբոսնել հին լուսամփոփներով լի Թիբրա առափով. հունվարի 1-ը աշխատանքային օր չէ, եւ այն կարելի է նվիրել կիսադատարկ քաղաքն ուսումնասիրելուն, ճարտարապետական արձաններին ծանոթանալուն եւ, պարզապես, հանգստին։ Հունվարի 2-ին սկսվում է մշակութային ծրագիրը. անտարբեր չանցնեք համերգային եւ ներկայացումների պաստառների կողքով՝ Հռոմում դրանք կարող են շատ թանկարժեք կամ բոլորովին անվճար լինել, սակայն կզարդարեն արձակուրդային առօրյաները։

Թել Ավիվ, ԻՍՐԱՅԵԼ։ Թել Ավիվն այն քաղաքներից է, որում կարելի է թաքնվել Ամանորից կամ դա բոլորից բարձրաձայն նշել։ Ամանորի գիշերը հանրային տոնակատարությունները փողոցներում բացակայում են, սակայն նույն պահին կյանքը եռում է բարերում եւ ակումբներում, ուր ամենաաղմկոտ երեկույթներ ու գունեղ ներկայացումներ են անցկացվում։ Այս առումով, Թել Ավիվը լայն ընտրություն է առաջարկում՝ Ազրիելի աշտարակում թանկարժեք ընթրիքից մինչեւ լողափնյա պարեր։ Ի դեպ, ծովի ջուրը բավականին տաք է լինում, առավոտյան լողափնյա լոգանքի համար։

Զալցբուրգ, ԱՎՍՏՐԻԱ։ Զալցբուրգյան Ամանորը՝ դասական ձմեռային արձակուրդներն են։ Լուսամփոփների փայլփլուն հյուսքերը, տոնածառի խաղալիքների շողը եւ եղեւնու պսակները քաղաքը զարդարում են դեռեւս դեկտեմբերի սկզբից, եւ ցանկացած անցուղում կարելի է զգալ ավստրիական միջնադարյան հեքիաթի ներկայությունը։ Դոմպլաց եւ Ռեզիդենցպլաց հրապարակներում գործում են Եվրոպայի ամենալավ տոնական շուկաները։ Այստեղ վաճառվում են ամանորի զարդարանքներ, բուրավետ բոկեղներ, քաղցր գլինտվեյնը եւ այլն։ Մեկուսացված զգացողության սիրահարներն իրենց կգտնեն բարձր լեռների շուրջը։ Ամանորի գիշերը խորհուրդ է տրվում գնել բենգալյան լույսեր եւ կեսգիշերը դիմավորել Զալցբուրգյան տաճարի զանգերի ղողանջների ներքո` տեղացիների հետ։ Հաջորդ երկու օրերը բավական են, որպեսզի ամբողջությամբ ուսումնասիրվեն քաղաքի պատմական կենտրոնն ու ոչ շատ հեռու գտնվող լեռնադահուկային կուրորտները։

Կասաբլանկա, ՄԱՐՈԿՈ։ Քաղաքի գիշերային կյանքի կենտրոնը Կոռնիշ առափն է, որտեղ տոնելու համար կարելի է գտնել ցանկացած վայր եւ ծանոթանալ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներին։ Ամանորի նվերների համար ուղեւորվեք Հաբուս թաղամաս. այստեղ են վաճառվում «տատիկի» վառ հողաթափիկները, մարոկանական հայտնի լուսամփոփները, գունավոր բուրավետ համեմունքները։ Խորհուրդ է տրվում զբոսնել Մեդինայի փողոցներում, ուսումնասիրել Հասանի մզկիթը, հետազոտել Ռաբաթ մայրաքաղաքն ու կայսերական Մեկնեսը։

Աթենք, ՀՈՒՆԱՍՏԱՆ։ Ամանորին դեպի Աթենք ճանապարհորդության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ մայրաքաղաքում տոնը կոչվում է Սուրբ Վասիլի օր։ Սովորական տոնից այն տարբերվում է նրանով, որ Ձմեռ պապին այստեղ փոխարինում է Սուրբ Վասիլը։ Խորհուրդ է տրվում ուղեւորվել դեպի Սինտագմա հրապարակ եւ վառ հրավառության ներքո միանալ բազմամարդ սիրտակի շուրջպարին։ Կեսգիշերին այստեղ քարե պատին կոտրում են նռան պտուղը, իսկ առավոտյան շտապում են դեպի փուռ, որ համտեսեն փարթամ վասիլապիտան։ Հաջողակներին ավանդական ամանորի թխուկ կհյուրասիրի հույն հարեւանը. այս դեպքում աղանդերը պետք է զգուշությամբ ծամել, քանզի տեղացիները խմորի մեջ մետաղադրամ են տեղադրում։

Հոնկոնգ, ՉԻՆԱՍՏԱՆ։ Ամանորի հրավառությունը Հոնկոնգում ամենատպավորիչներից է աշխարհում, ուստի խորհուրդ է տրվում Ոսկյա Բաուհինիայի հրապարակ ժամանել մի փոքր շուտ` հարմար տեղեր զբաղեցնելու համար։ Զբոսաշրջիկների ամբոխի մեջ ճնշման չենթարկվելու համար առաջարկվում է ներկա գտնվել Չիմսաչեյ առափում եւ դիտել Կանոնյան օպերայի ներկայացումները, զբոսնել Փառքի տեղական արահետով եւ համտեսել հոնկոնգյան սթրիտֆուդի բազմազանությունը։ Այստեղ խորհուրդ է տրվում վերադառնալ նաեւ հաջորդ օրերին. ամեն օր ժամը 08։00-ին առափում անցկացվում է «Լույսերի սիմֆոնիա» հանրահայտ խոշորագույն լուսային շոուն։

Ռեյկյավիկ, ԻՍԼԱՆԴԻԱ։ Տեղացիները հավատում են` որքան աղմկոտ դիմավորես տոնը, այնքան այն երջանիկ կանցնի։ Աղմուկն այստեղ, իսկապես, շատ է։ Յուրաքանչյուր Ամանորին քաղաքի գլխավոր հրապարակը համընդհանուր ուրախության էպիկենտրոն է դառնում, քանզի այստեղ մեծ խարույկ է վառվում, որը տոնածառի եւ հզոր տաքացուցիչի դեր է տանում։ Մի քանի ժամ անց հրապարակի հրավառությունն ավարտվում է, սակայն երկնքինը՝ ոչ. Հյուսիսափայլի շնորհիվ Ռեյկյավիկը ամանորի ամենազարմանահրաշ ուղղություններից է։

Նյու Յորք. ԱՄՆ։ Նյու Յորքը երբեք չի քնում, եւ Ամանորի տոնակատարություններին սկսում է նախապատրաստվել դեռեւս 2 ամիս առաջ, իսկ դեկտեմբերին անճանաչելիորեն փայլում է ամանորի միլիոնավոր լուսարձակներով։ Եթե խուսափում եք ամբոխային Թայմս-սքվերից, ապա տեղափոխվեք դեպի Կենտրոնական այգու կամ «Գոթեմ-Հոլի» սահադաշտ։ Թեպետ բավական է պարզապես զբոսնել աղմկոտ ավենյուներում։

Գոա, ՀՆԴԿԱՍՏԱՆ։ Հունվարի սկզբին Հարավային Ասիայում սկսվում է իդեալական լողափնյա սեզոնը, թեպետ Հնդկաստանի ամենափոքր նահանգը տարվա բոլոր եղանակներին ամենապոպուլյար ուղղություններից է։ Աղմկոտ երեկույթի համար խորհուրդ է տրվում տեղափոխվել Անջուն, որտեղ Ամանորը դիմավորում են ծովի ափին։ Նոր տարվա առաջին օրը կարելի է սքութեր վարձել եւ ամանորի թրիփով ուղեւորվել դեպի մոտակա գեղեցիկ լողափերը։ Լավագույն նվերները գտնվում են Ֆլիմարկետ պատմական վերնիսաժում, որտեղ վաճառվում են  tye-dye տեխնիկայով նախշազարդած հագուստ եւ հին ձեռագործ հուշանվերներ։

Դուբայ, ՄԱԷ։ Ամանորի գիշերը Բուրջ-Խալիֆա աշտարակը հրավառության կենտրոն է դառնում, որից ողջ քաղաքը տոնական տեսք է ստանում։ Երկնաքերի տակ գտնվող հրապարակում մարդկանց մեջ չկորչելու համար մոտակա ռեստորանում պետք է նախապես սեղան ամրագրել կամ նավի վրա անցկացվող որեւէ երեկույթի տոմս գնել։ Հանգստի սիրահարներին առաջարկվում են Ջումեյրա շրջանի անվճար լողափերը, որոնցում լավագույն ժամանցի համար անհրաժեշտ է նախապես տեղ զբաղեցնել՝ սնունդ եւ ըմպելիք բերելով։ Տրիվիալությունից խուսափելու համար փորձեք ուղտերի վրա ամանորի սաֆարին եւ զեղչերով ուրախացնող շոփինգը։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30