19.10.2011 17:32 Քրիստինե Խանումյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Շրջապատ

Եթե «դավաճանին» նշանակում են ԱԽ քարտուղար, ապա ինչու Վիգեն Սարգսյանին չնշանակել աշխատակազմի ղեկավար

Եթե «դավաճանին» նշանակում են  ԱԽ քարտուղար, ապա ինչու Վիգեն Սարգսյանին չնշանակել աշխատակազմի ղեկավար

Կարեն Կարապետյանից հետո թափուր մնացած Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը երեկվանից այլեւս ազատ չէ. երեկ այդ պաշտոնում է նշանակվել մինչ այդ Կարապետյանի տեղակալ աշխատած Վիգեն Սարգսյանը։

Այս նշանակումը բավականին ուշագրավ է, եթե հիշենք անցած տարվա հուլիսին Սարգսյանի անձի շուրջ ծագած լրտեսական պատմությունը։ Հիշեցնենք, որ 2010-ի հուլիսին լրատվամիջոցներին էր ուղարկվել մի անանուն նամակ, ըստ որի, ՀՀ ղեկավարությունը ներքաշված է լրտեսական մի պատմության մեջ, որտեղ շրջանառվում էր նաեւ Վիգեն Սարգսյանի անունը։

Իբրեւ նամակի հեղինակներ էին հանդես եկել ՀՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ։ Նամակում բերված էին տվյալներ, ըստ որոնց, ՌԴ հատուկ ծառայությունները ՀՀ ղեկավարությանը եւ անձնապես Սերժ Սարգսյանին տեղեկացրել են իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի` ԱՄՆ գործակալ լինելու մասին։

«Բանն այն է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ռուսական ԱՀԾ-ին հաջողվել է Վաշինգտոնում անցկացված հատուկ օպերացիաների շնորհիվ բացահայտել որոշ տեղեկություններ ամերիկյան Կենտրոնական Հետախուզական Վարչության (CIA) կողմից դեռ անցյալ դարի վերջից սկսած հավաքագրված եւ ԱՊՀ երկրների տարածքում գործող գործակալների մի ամբողջ ցանցի մասին։ Այդ ցանցի մի մասը գործել է նաեւ Հայաստանում, որտեղ նրանց առջեւ խնդիր է դրվել թափանցել պետական իշխանության մարմիններ, ինչպես նաեւ ազդեցիկ դիրքեր գրավել բիզնեսի տարբեր ոլորտներում, փոխանցել Հայաստանի պետական կառավարման, քաղաքական եւ տնտեսական կյանքին վերաբերող կարեւորագույն տեղեկություններ, ինչպես նաեւ ազդել ԱՄՆ-ի համար բարենպաստ որոշումների կայացման ուղղությամբ։ Ռուսական ԱՀԾ-ին հաջողվել է պարզել, որ այդ ցանցում առանցքային դեր է կատարում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, որը հավաքագրվել է ամերիկյան հետախուզության կողմից մոտ տասը տարի առաջ, երբ սովորում էր Բոստոնում ամերիկյան համալսարաններից մեկում»,- նշված էր նամակում։

Նամակում նշված էր նաեւ, որ ռուսական կողմի ճնշման ներքո այդ գործակալների ցուցակը հետագայում փոխանցվել է Մոսկվային, ինչից հետո ռուսական կողմը ստուգումներից հետո պարզել է, որ իրեն ներկայացված ցուցակը իսկականը չէ։ Այսինքն, ըստ նամակի հեղինակների, մինչեւ ցուցակը ռուսական կողմին ուղարկելը ՀՀ ԱԱԾ-ն խմբագրել է այն` եւ ամերիկյան կողմի հետ համաձայնեցնելուց հետո, ցուցակի որոշ առանցքային գործակալների անունները հանվել են, կատարվել են նաեւ որոշ կեղծ ավելացումներ։

Այդ սկանդալի կապակցությամբ այն ժամանակ հայտարարությամբ էր հանդես եկել ԱԱԾ-ն` նշելով, թե «Տարածված նամակը քաղաքական եւ լրատվական որոշակի շրջանակների հերթական չհաջողված արկածախնդրության դրսեւորումներից է, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը եւ չի կարող անգամ ճշմարտանման լինել»։ ԱԱԾ-ն նաեւ խոստացել էր պարզել նամակի հեղինակներին, սակայն, հետագայում այդպես էլ որեւէ զարգացում այդ գործով չեղավ։ Նամակը հրաժարվել էին մեկնաբանել նաեւ նախագահականի լրատվականից։ Եւ նամակի հետ կապված պատմությունն, ըստ էության, այդպես էլ բաց էր մնացել։ 

Ի դեպ, այս նշանակումը շատ է հիշեցնում ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի հետ կապված պատմությունը։ Ինչպես հիշում ենք` «Գոլոս Արմենիի» թերթը 2007-ին հրապարակել էր «Մարկո Պոլո» սրճարանում Բաղդասարյանի` Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ Հայդի հետ գաղտնալսված զրույցը, որտեղ Բաղդասարյանը փոխդեսպանին ՀՀ ներքաղաքական զարգացումներում միջամտելու կոչ էր անում։ Այդ սկանդալից հետո Ռոբերտ Քոչարյանը Արթուր Բաղդասարյանին դավաճան անվանեց։

«Ինձ համար սա իսկապես դավաճանության դրսեւորում է։ Այդ դրսեւորումը ավելի այլանդակ տեսք ունի այն պատճառով, որ սեփական նախաձեռնությամբ է դա արվել... Մեկ անգամ դավաճանողը ընդունակ է դա անել երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ»,- հայտարարել էր Քոչարյանը։

Այս հանգամանքը, սակայն, չէր խանգարել, որպեսզի դեպքերից մեկ տարի անց Սերժ Սարգսյանը Բաղդասարյանին նշանակի Անվտանգության խորհրդի քարտուղար։ Դե իսկ եթե «դավաճանին» կարելի է, Վիգեն Սարգսյանին ի՞նչ է եղել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31