16.03.2018 06:44 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մի լավ մխտրեցին իրար

Տժժա՞լ, թե՞ չտժժալ, հը՞ն

Տժժա՞լ, թե՞ չտժժալ, հը՞ն

Արուսիկ անունով մի լրագրող Մարտի 8-ի առիթով գնացել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ` զրուցելու անազատության մեջ գտնվող կանանց հետ։ Զրույցը, օրենքով, հումորային պետք է լիներ, քանի որ «Լավ երեկո» հաղորդումը, որը թողարկվում է Հանրայինի եթերում, բնույթով հումորային է։ Բայց հատկապես Արուսիկի հատկապես այդ թողարկումը շարժեց մարդկանց զայրույթը։ Բոլորը սկսեցին պաշտպանել անազատության մեջ գտնվող կանանց` համարելով, որ Արուսիկ անունով լրագրողը ծաղրել է նրանց եւ ոտնահարել նրանց իրավունքները։

Նույն հաղորդման շրջանակներում հաղորդավարները վատ դրության մեջ դրեցին մեկ ուրիշ աղջկա` Միսս Հայաստան 2017-ին` ի ցույց դնելով աղջկա, մեղմ ասած, անհարթ խոսքը, թեպետ խոստացել էին, թե կմոնտաժեն անհարթությունները։ Հանրայինը, փաստացի, խաբել է գեղեցկուհուն։ Սակայն Միսս Հայաստան Լիլի Սարգսյանի հետ պատահածն այնքան էլ ծաղր ու աղջկա իրավունքների ոտնահարում չորակվեց։ Համենայն դեպս, այդքան սուր չդիտարկվեց։ Դե, Լիլին գեղեցիկ է, սիրուն է, կյանքը առջեւում է... Ոչի'նչ։ Նա կարող է նաեւ գրագետ չլինել։ Ոչի'նչ, որ նրա հետ անարդար վարվեցին։ Բան չկա։ Կդիմանա։ Մանավանդ որ թագը տարած-ետբերած գեղեցկուհիի է։ Համ էլ նրանից ինչ գեղեցկուհի։ Հեչ էլ սիրուն չի։ Վերջ։

Այ, իսկ քրեակատարողականի կանանց հետ պատահածը սոսկալի բան է։ Գուցե նրանց պարտադրել են նկարահանվել, մանավանդ որ կանանցից որոշների դեմքերը փակված էին։ Իսկ չփակած երեսներով կանայք, գուցե, չեն հասկացել կատարվածի խայտառակությունը։ Նրանք չեն մտածել, որ իրենց ծնողները, ամուսինները, եղբայրները, երեխաները, տեսնելով նրանց Հանրայինի եթերում, կամաչեն։ Մինչդեռ պետք էր մտածել։ Նրանք չեն հասկացել, որ չի կարելի, ամոթ է Հանրայինի եթերում Մարտի 8- օրով երեւալ, խոսել սիրուց, տղամարդկանցից, «սիմպատիչնի կլյուչնիկից» եւ ոչ այնքան «սիմպո օպերատորից», այն էլ` հումորային հաղորդման ժամանակ։ Եվ քանի որ նրանք չեն հասկանում, չեն գիտակցում, չեն պատկերացնում, անզոր են, մեղք են, թույլ են, անազատության մեջ են, մենք` որպես արդար ու լուրջ հասարակություն, պարտավոր ենք պաշտպանել նրանց` եւս մեկ անգամ ընդգծելով նրանց թերիությունն ու խոցելիությունը։ Մանավանդ որ նրանց հետ հումոր անելու է գնացել Արուսիկ անունով մի աղջիկ` երիտասարդ ու սիրունիկ, ոտքը քարին չառած ու երես առած։

1988 թիվ։ Լենինական։ Երկրաշարժ։ Փլատակների տակ զրույց է.

- Մրսում եմ...

- Ոչինչ, էդ պանելը քաշիր վրադ, կտաքանաս։

Այս հումորը ներելի է` պատմողը ցավից հասկանում է, ցավի միջից է, ցավի ծնունդ է, ցավի հաղթահարման միջոց է։

Բայց աններելի է, երբ հումոր անողը, մի տեսակ, անխոցելի է թվում իր լկստվածությամբ, ցավին ու դավին անտեղյակությամբ։ Եվ ուրեմն, աղջկան պետք է քարշ տալ այնտեղ` ցավի ու մեղքի դաշտ, եւ ցույց տալ, թե որը որից հետո է։

Պատահածը լավ դաս կլինի նաեւ մեր պաշտպանյալներին` կին դատապարտյալներին, որպեսզի այսուհետ իմանան` ում հետ խոսել, ինչ խոսել եւ հատկապես հումոր չանել։ Երբեք։ Ոչ մի դեպքում։ Իրենք դրա համար համապատասխան կարգավիճակում չեն։

Անշուշտ, քրեակատարողականի դռները հեշտությամբ են բացվել Արուսիկի առջեւ, քանի որ, հասկանում եք, լրագրողը Հանրայինից է։ Այդ դռները երբեք հեշտությամբ չեն բացվում, ասենք, հետաքննող լրագրողների առաջ։ Բայց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը խիստ դատապարտել է ոչ այս կողմ, ոչ այն կողմ` Հանրային հեռուստատեսությանը` «անթույլատրելի համարելով նման վերաբերմունքը»։ Ուշադրություն` արդարադատության նախարարը նախատում է ոչ «Աբովյան» քրեակատարողականի պետին, այլ` լրատվամիջոցին։ Շնորհակալություն Դավիթ Հարությունյանին, որ նա չի հրահանգել առհասարակ փակել հաղորդաշարը, առհասարակ արգելել որեւէ տեսակի լրագրողի մուտք քրեակատարողական հիմնարկ։ Դավիթ Հարությունյանը մեծահոգի գրաքննիչ է։ Համաձայնեք, իսկական զավեշտ է, հումորային մի ամողջ թողարկում նվիրելու արժանի դիպված։ «Լավ երեկոյի» անձնակազմը պատրա ՞ստ է հումորներ անել այս թեմայի առնչությամբ։ Ի վերջո, Դավիթ Հարությունյանը «տժժում է» լրատվամիջոցների վրա։ Իսկ ո՞վ պետք է անդրադառնա անազատության մեջ գտնվող լրատվամիջոցին։ Հը ՞ն։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30